Գլխումս աշխարհում գոյություն ունեցող ամենազզվելի բաները խառնվել են իրար ու հենց վեր կենամ տեղիցս, խառնվելու են նաև ոտքերս, խառնելով քայլերս:
Գիտեմ, որ դրանից ոտքերս անտանելի ծիծաղելու են ու ծիծաղից ծալվեն, ընկնեն, գցելով նաև ինձ:
Երբեք չպետք է երես տալ գովերգվող բաներին, դե, առավոտյան ես ոտքերիս անվանեցի անսասան Ատլանտներ, իսկ հիմա, ինչ էր ընդամենը երկու հոգով խմած շիշ ու կես օղին, որ տարիներով թեթևատլտիկայի մարզադաշտում մարզված ոտքերս չեն դիմանում:
Իսկ այստեղ` մետրոյում հով է, այսպես ավելի լավ եմ շնչում, բացի այդ էլ կողքս նստած աղջկա վրայից գալիս է սուր ու քիթ գրգռող ինչ որ անուշ հոտ:
Անուշ հոտով աղջիկը իմ աջ կողքն է նստած, երևում են միայն ձախ ականջից կախված երկու փոքրիկ շղթաները: Շղթա կա նաև պարանոցին:
-Արդեն քանի տարի է պայքարում ենք շղթաներից ազատվելու համար, իսկ ոմանք փաթաթվում են շղթաներով-կիսաձայն մրթմրթում եմ ես ու զգում, որ ստացվեց, գրավեցի ուշադրությունը:

-Ձեզ ի՞նչ է պետք, -նրա խիստ թվացող հայացքում տեսնում եմ, որ կատակս դուր եկավ:
-Օգնեք իջնել ՙԵրիտասարդական՚ կայարանում, ինքս առանց ձեր օգնության չեմ կարող ազատվել ձեզանից:
-Առաջներում ժամն էին հարցնում, հետո անունը: Իսկ ձեզ մի քիչ ուշ չէ՞ ՙԵրիտասարդականում՚ իջնելը:
Սկզբից չհասկացա, բայց հետո... ա~, սուր աչք է, տեսնես քանի տարեկանի տեղ է ինձ դնում: Իսկ ընդհանրապես սպորտային լեզվով դա նոկաուտ է, ու մինչ դատավորը` մետրոյի վագոնը մինչև տասը հաշվեր, ես հասցրեցի.
-Դե, իմ տարիքի մետրոյի կայարան կոմունիստները չհասցրին կառուցել, ես էլ ստիպված ՙԵրիտասարդականում՚ եմ իջնում:
Գլուխը շրջեց:
Ձախ կողքս նստած ծերուկը սովորականից քիչ բարձր ձայնով հարցնում է.
-Տղա ջան, էդ դիմացն ի՞նչ ռեկլամ ա ,- նայում եմ վագոնի ապակու ներսի կողմից կպցրած գովազդ-պաստառին ու ինձ թվում է վագոնում բոլոր գտնվողներն այդ կողմն են նայում:
Կանացի միջադիրների գովազդ է, դե եկ ու բացատրիր:

Վագոնում գտնվողները նայում են ինձ, սպասում... 
Դիմացս նստած երկու ուսանողուհիները քչփչում են ու ցածր ծիծաղում:
-Պեչենու ռեկլամ է, հայրիկ- որոշեցի ես:
-Հա~, օգնությա~ն,- ավելի բարձր հարցնում է ծերուկը, չնկատելով վագոնում ծնված բազմաթիվ ժպիտներն ու ցածր ծիծաղը:
-Չէ, բուժօգնության,-դերի մեջ եմ մտնում ես ու անկեղծ ուզում, որ ծերուկն էլի հարցեր տա:
-Երևի շաքարախտով հիվանդների համար է, ինձ չէ, բայց կնոջս պետք կգա:
Հայացքս դառնում է հաղթական, նայում եմ ձախ, իսկ վագոնում եղածները`ինձ:
-Չեմ սիրում ցինիկներին,- բայց ժպտում է, միտքը կիսատ:
-Ես ցինիկ չեմ, ես դերասան եմ:
-Եվ քանի՞ դեր եք խաղացել:
-Մեկ, բայց ամենա-ամենա գլխավոր, “Քաոս”-ում, Մարկոս Աղա Ալիմյանի դերը, ուղիղ երկու րոպե բեմում մահանում էի:
-Դուք երբևիցե լուրջ լինու՞մ եք:
-Այո, երբ խմած չեմ լինում:
-Կօգնեմ ազատվել ինձանից:
-Որպես բարեկամության նշան իջնենք ՙԲարեկամություն՚ մետրոյում:
Ձայն չկա և չի էլ կարող լինել քանի որ ուրիշ կանգառ չի մնում:
Իմ բոլոր գլխապտույտ ձեռնարկումները ուղիղ կանգնելու համար պսակվեցին հաջողությամբ, վագոնից դուրս եկա նրա հետևից:
-Ես մորս մոտ եմ գնում, կուղեկցես, ու լուրջ կպահես քեզ, պայմանավորվեցինք:
Նրա հրամայական ու միանգամից “դու”-ի անցնելը հաճելի էր ինձ:
Հետաքրքիր է ինչու բանակում հրամանատարները կանայք չեն. 
ՙԱջ, ձախ, հետ դարձ, պառկել, տար, բեր՚ հրամանները մեծ հաճույքով կկատարվեին:
Ես դերասան չեմ, կատակեցի իհարկե, ես զինվորական եմ, բայց արդեն ուշ է:
-Կարո՞ղ ես խաղալ ինձ սիրահարվածի դեր,-ձեռքի մեծ պայուսակը ինձ տալով հարցնում է նա:
-Ինչու՞ խաղալ, կարող եմ...
-Արա ինչ որ ասում եմ, հակառակ դեպքում կօգնեմ ազատվել ինձանից:
Ձայն չեմ հանում:
Երթուղային տաքսիում նստելու տեղ չկա, կիպ կպած ենք գնում ու ես զգում եմ նրա ձիգ մարմնի հաճելի հպումը, շնչառությունը ականջիս:
Մոտենում ենք Հանրապետական հիվանդանոցին, բարձրանում աստիճաններով:
-Եկա՞ր Ալիս ջան,-անկողնում պառկած մոմը կարծես կենդանացավ:
Այդ գույնի մաշկ ես երբեք չեմ տեսել:
Ուրեմն անունը Ալիսա է, մինչև հիմա չեմ էլ հարցրել:
Ալիսան մոտեցավ մորն ու համբուրեց:
-Մամ, խոսք էի տվել, բերել եմ, սա իմ ընկերն է, որի մասին անընդհատ հարցնում ես:
-Մոտ արի, տղա ջան, Արման չէ՞:
Գլխով եմ անում, խմածությունիցս հետք չի մնացել անգամ և ես Արմանը չեմ:
-Ալիս ջան լավ տղա է երևում, չէի հավատում որ քո բնավորությամբ կարող ես ընկեր ունենալ, հիմա հանգիստ կարող եմ այն աշխարհ գնալ:
-Լավ էլի մամ,- Ալիսան սկսում է փոքրիկ սեղանին շարել բերած ուտելիքները:
-Ալիս ջան,այսօր մնալու ես չէ՞, շորդ փոխիր, կճմրթես:
Մոր ստուգող հարց թե՞...
Օդը կարծես էլեկտրականացավ: Հիվանդասենյակում նույնիսկ զուգարան չկա, հետաքրքիր է որտեղ է փոխելու շորը:
Իմ ու Ալիսայի հայցքները հանդիպեցին: 
Քայլ եմ անում դուրս գնալու ու համոզված չեմ, որ կվերադառնամ, վերջին օրերն ապրող մարդուն չեն խաբում, դա սրբապղծություն է:
-Դե լավ Արման ջան, ինչ ես ընկել ձևականությունների հետևից, ես կռահեցի ձեր հարաբերությունները:
Իմ ու Ալիսայի հայցքները նորից հանդիպեցին, իմ հեգնական ժպիտը և տատանման ընդամենը մեկ վայրկյան ու...
Ալիսան մնաց ներքնազգեստով:
Խոսում եմ մոր հետ, բայց չեմ կարողանում չնայել Ալիսայի կողմը,նայում եմ աչքի պոչով, հանգիստ ու համաչափ շարժումներով նրա կիսամերկ մարմինը ծածկվում է մի ուրիշ շրջազգեստով: Բաղձալին թաքնվեց բաց շագանակագույնի տակ:
-Մամ, ես այս գիշեր մնում եմ քեզ մոտ, հիմա գրեմ սրսկման ժամերը, իսկ Արմանը շտապում է :
Ես հրաժեշտ եմ տալիս , ցանկանում առողջություն, համոզված որ վերջին անգամ եմ տեսնելու այս բարի աչքերով կնոջը:
Ալիսայի մոր ավելի ջերմ համբույրը կարծես մի սպի է թողնում այտիս, չերևացող, բայց գոյություն ունեցող սպի: Սպի, որը դեռ երկար շարունակություն է ունենալու, այտիցս մինչև սիրտ, սրտիցս մինչև հոգիս...
Դռների մեջ Ալիսան իմ ձեռքն է խոթում թղթի մի կտոր ու փակում հիվանդասենյակի դուռը:
Հեռախոսի համար է:
Նայում եմ, հեշտ հիշվող համար:
Դառնացած շպրտում եմ մի կողմ:
Միևնույն է կհիշեմ համարը: Կհիշեմ նրա մոր աչքերում կուտակված հավատը, միգուցե հենց այդ հավատն էլ ստիպի ինձ զանգելու:
Կզանգահարեմ կասեմ.
-Բարև, Ալիսա:
Ինքն էլ երևի կասի.
-Բարև, ո՞վ է:
Այ այստեղ արդեն չգիտեմ ինչ պետք է ասեմ. Խաչիկը, Վարդանը,Վահագը, Արամը...
Ես չեմ ուզում Արման լինեմ:
Բայց...ո՞վ եմ ես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել