45 տարի առաջ, Մայիսի 21-ին, Բեյրութում, ետ-երկարատև հիվանդության, հոգնաբեկ ու մարած իր աչքերը առհավետ փակեց հայ ժողովրդի նորագույն պատմության մեծանուն կերտիչներից Սիմոն Վրացյանը: 1918թ.ի Մայիսի 28-ին հիմնված Հայաստանի Հանրապետության չորրորդ և վերջին վարչապետն էր Սիմոն Վրացյանը՝ Հայաստանի անկախությունը կերտած սերնդի արժանավոր ներկայացուցիչներից մեկը:
Երկար ապրեց և մինչև 87 տարեկան հասակը պատնեշի վրա մնաց Վրացյանը՝ գործելով և պատասխանատու առաքելություններ ստանձնելով ամենուր և այն բոլոր մարզերի մեջ, ուր հայ ժողովուրդը իր կարիքն ունեցավ և Դաշնակցությունը պարտականության գլուխ կոչեց իրեն:
Ս. Վրացյանը ո՛ւր որ եղավ և ի՛նչ պատասխանատվություն որ ստանձնեց՝ անվիճելիորեն մնայո՛ւն ներդրում ունեցավ և վավերակա՛ն իր դրոշմը դրեց հայ ժողովրդի ազգային ինքնահաստատման երթի վրա:
Ճակատագիրը դասավորվեց այնպես, որ Վրացյանը հայտնվեց հայ կյանքի հանգուցային պահերին՝ պատմական տարողությամբ զարգացումներիառաջապահ դիրքերի վրա:
Ծնվել է 1882թ.ին, Մեծ Սալա գյուղում, Նոր Նախիջևանում (հյուսիսային Կովկաս)։ Տեղի հայկական և ռուսական վարժարաններում տարրական ուսումը ստանալուց հետո, 1900թ.ին նա ընդունվեց Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որի փայլուն շրջանավարտներից եղավ:
Իր ազգային-հեղափոխական խմորումների վարակիչ մթնոլորտով, ինչպես և հայոց հոգեմտավոր ժառանգության վերանորոգման շնչով՝ Գևորգյան Ճեմարանը վճռորոշ անդրադարձ ունեցավ Սիմոն Վրացյանի դաշնակցական կազմավորման և նրա քաղաքական, կազմակերպչական ու մտավորական ընդունակությունների զարգացման վրա:
Վրացյանի հեղափոխական նկարագիրն ու դաշնակցական աշխարհայացքը կոփեցին՝
-1903թ.ի հայկական եկեղեցապատկան կալվածների ցարական բռնագրավումի դեմ ծավալված համաժողովրդային ըմբոստացման մեջ Գևորգյան Ճեմարանի ուսանողության բողոքի բուռն ելույթները,
-Նույն շրջանում Հ.Յ.Դ. Կովկասյան գործունեության Նախագծի որդեգրման մեջ Ճեմարանի դաշնակցական ուսանողության աշխույժ մասնակցությունը,
-Նաև 1905թ.ի համառուսական առաջին հեղափոխության և, նրան զուգահեռ, հայ-թաթարական ընդհարումների դաշնակցական ուսանողության հանձնառու մասնակցությունը: Այսպե՛ս, Վրացյանը արդեն դաշնակցական պատրաստված գործիչ էր 1906թ.ին, երբ ավարտեց Գևորգյան Ճեմարանը:
Այդ Արևմտահայ և Արևելահայ դատերի միջև խաչաձևման ու թուրքահայի և ռուսահայի հակադրության բուռն մթնոլորտում գումարված դժվարին Ընդհանուր Ժողովն էր, որից Դաշնակցությունը դուրս եկավ ավելի միաձույլ և միակամ։ Հ.Յ.Դ. հիմնադիր սերունդի ջանքերով ձեռք բերված գաղափարական այդ միասնականությունն ու կազմակերպչական հզորացումը ամրակուռ հիմքը կազմեցին Վրացյանի հետագա ոգորումների համար:
Ընդհանուր Ժողովից հետո նա անցավ Ս. Պետերբուրգ, ուր հետևեց համալսարանական բարձրագույն ուսման՝ իրավագիտության, գյուղատնտեսության և մանկավարժության մեջ։ 1910թ.ին, երբ ցարական հալածանքը իր գագաթնակետին էր հասել դաշնակցական գործիչների դեմ, Սիմոն Վրացյանն անցավ Կարին, ուր Ռոստոմն էր հաստատված՝ իր շուրջը մեկտեղելով Դաշնակցության փորձառու և խոստմնալից ուժերին, միասնաբար լծվելու համար բուն Երկրի հայության հասարակական և մշակութային զարգացման, ինչպես և ազգային-հեղափոխական կազմակերպմանը:
Մի տարի Կարնո Հ.Յ.Դ. պաշտոնաթերթ «Յառաջ»-ը խմբագրելուց հետո, 1911թ.ին, Ռոստումի հանձարարությամբ, Սիմոն Վրացյանը ուղարկվեց Բոստոն, Մ. Նահանգներ, իբրև Հ.Յ.Դ. պաշտոնաթերթ «Հայրենիք»ի խմբագիր։ 1914թ.ին, իբրև Ամերիկայի շրջանից պատգամավոր, Վրացյանը վերադարձավ Կարին, մասնակցելու համար Հ.Յ.Դ. Ութերորդ Ընդհանուր Ժողովին, որի ավարտին ընտրվեց Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ և անցավ Թիֆլիս։ Ստանձնեց Հ.Յ.Դ. պաշտոնաթերթ «Հորիզոն»ի խմբագրությունը՝ զուգահեռաբար Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի անդամ ընտրվելով և լծվելով Հայ Կամավորական Շարժման կազմակերպմանը:
Սիմոն Վրացյանի հրապարակագրական, քաղաքական և կազմակերպչական գործունեության թիֆլիսյան այս աշխույժ շրջանը շարունակվեց մինչև 1918թ.ի Մայիսի 28-ը Հայաստանի անկախության նվաճումը:
Հ.Յ.Դ. Բյուրոյի և Ազգային Խորհուրդի խառն նիստի կողմից վարչապետ նշանակված Հովհաննես Քաջազնունու աջ բազուկը դառնալով՝ Վրացյանը իր հերթին տեղափոխվեց Երևան։ Կառավարության գլխավոր բանագնացներից եղավ ինչպես Բաթումիում թուրքերի հետ հաշտության բանակցություններում, այնպես էլ համատարած սովի հաղթահարման համար Մ. Նահանգների հետ տարվող բանակցություններում՝ Պարենի ապահովման նպատակով:
Միաժամանակ՝ ընտրվեց Հայաստանի Հանրապետության անդրանիկ խորհրդարանի՝ Հայաստանի Խորհրդի պատգամավոր և տենդագին լծվեց նորահաստատ Հանրապետությունը ժողովրդավարական հիմքերի վրա հաստատելու և միջկուսակցական գործակցությամբ օժտելու աշխատանքին։ Իրավագետի և գիւղատնտեսի իր մասնագիտական պատրաստությամբ էլ նշանակալի ներդրում ունեցավ աշխատանքի և տնտեսական առաջադիմական օրենսդրության մշակումի մեջ:
Պետական շինարարության գործին Սիմոն Վրացյանի փարումը եղավ ամբողջական և արդյունավետ։ Եղավ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության սերտ գործակիցը ։ Իսկ երբ 1920թ.ի Մայիսին կյանքի կոչվեց Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը, Վրացյանը ստանձնեց աշխատանքի և գյուղատնտեսության նախարարությունը, մինչև որ 1920թ.ի Հոկտեմբերի Հայ-թուրքական պատերազմի ծանր օրերին, իր ուսերին դրվեց Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետի պատասխանատվության ծանր բեռը:
Վրացյանն ինքը եղավ թե՛ 1920թ.ի Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունը Հեղկոմին զիջելու պայմանագիրը ստորագրող վարչապետը, թե՛ Փետրվարի 18-ին համաժողովրդային ապստամբությունից հետո կազված Հայրենիքի Փրկության Կոմիտեի նախագահը:
Հայաստանի Հանրապետության վերջնական խորհրդայնացումից հետո, Սիմոն Վրացյանը անցավ Թավրիզ, Պարսկաստան, որտեղից մեկնեց Փարիզ և ստանձնեց Հ.Յ.Դ. պաշտոնաթերթ «Դրոշակ»ի վերահրատարակության խմբագրությունը։ Մինչև 1933թ. շարունակված «Դրօշակ»ի հրատարակության այս շրջանը Վրացյանի գաղափարագրական ժառանգության պատվանդան կազմեց:
Հայ քաղաքական մտքի և հատկապես դաշնակցական մտածողության մեջ առաջ եկած բեկումների, խզումների և խոտորումների դժվարին այդ հանգրվանին, «Դրօշակ»ի շուրջ համախմբված ուժերի ստորագրած հոդվածներով թե ուղղակի իր առաջնորդողներով՝ Սիմոն Վրացյանը բառիս բուն իմաստով ուղի հարթեց տարագիր հայության և նույնպես տարագրված Դաշնակցության առջև։ Եղավ ոչ միայն հայ ազգային¬ազատագրական շարժման քաղաքական-գաղափարական ավանդների, այլև նորարար ու լայնախոհ դրոշակիրը դարձավ ծանրագույն ցնցումներից վերականգնող մի աշխարհի մեջ հայ ժողովրդին նոր տեղն ու դերը գաղափարականորեն հունավորելու շարժումի արթուն պահապանը:
Նույն այդ շրջանում Սիմոն Վրացյանը գրեց նաև իր կոթողական գործը՝ «Հայաստանի Հանրապետություն»ը, որը մնայուն մի ավանդ կազմեց ոչ միայն պատմագրական առումով, այլև՝ նոր ժամանակների հայ քաղաքական մտքի ինքնուրույն ուղղությունը՝ ազգային արևելումը հիմնավորելու իմաստով:
«Դրօշակ»ի հրատարակության ընդհատումից հետո, Վրացյանը հաստատվեց Բեյրութում, Լիբանանում, ուր խմբագրեց Պատմության և Մշակույթի հանդես «Վէմ»ը, որ Հայաստանի անկախության սերունդի ժամադրավայրը դարձավ, նույնպես և սփյուռքահայ առաջին սերունդի մտավորականության ինքնադրսևորման բեմը։ «Վէմ»ը փրկարար դեր կատարեց հայ քաղաքական մտքի ազգային հիշողությունը խորհրդային նենգափոխումների դեմ անաղարտ պահելու եւ պաշտպանելու գաղափարական պայքարի ճակատի վրա: Վրացյանի քաղաքական վաստակի սփյուռքյան կարևորագույն հանգրվաններից մեկը կազմեց Մ.Ա.Կ.ի կազմության հիմնադիր ժողովների շրջանում Հայ Դատի վերարծարծման ուղղությամբ Սան Ֆրանցիսկո տարված բանակցություններում իր աշխույժ դերակատարությունը, որը թեև անմիջական արդյունքի չհանգեց, այսուհանդերձ՝ ամուր նախադրյալներ հաստատեց Հայ Դատի պահանջատիրական հետագա նախաձեռնությունների համար:
Սիմոն Վրացյանի աշխատունակությունն ու եռանդը հոգնություն չճանաչեցին նաև նրա տարեց հասակում։ 1952թ.ին, Լևոն Շանթի մահից հետո, Վրացյանը նշանակվեց Ճեմարանի տնօրեն և մեծ ներդրում ունեցավ Համազգայինի կրթական այդ մեծ հաստատության տնտեսական հիմքերի ամրապնդման մեջ:
Նաև հրատարակությանը պատրաստեց և լույս ընծայեց իր հուշերը՝ «Կեանքի Ուղիներով» վեցհատորյակը, որ ազգային-քաղաքական և հոգեմտավոր իր ժառանգության ու պատգամի համադրումը եղավ:
Եվ մինչև վերջին շունչ, մինչև 1969թ.ի Մայիս 21-ի իր մահը, Սիմոն Վրացյանը թե՛ մեր մամուլի էջերից, թե՛ հրապարակային հանդիսությունների բեմերից անլռելի վկան ու պատգամախոսը դարձավ այն պատմակշիռ երթի, որ հայ ժողովուրդը կտրեց քսաներորդ դարի առաջին քառորդին:
Լիբանանի հայությունը պետական ղեկավարի բարձրագույն հանդիսավորությամբ հուղարկավորության և ազգային-ժողովրդային խուռներամ թափորով թաղումի արժանացրեց հայության մեծ զավակին՝ Անկախ Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետին, որն իր կյանքով ու գործով, նվիրումով և գաղափարապաշտությամբ մարմնավորեց հայ հեղափոխականի, պետական ղեկավարի և ներհուն մտավորականի դաշնակցական մեծությունը:
Սիմոն Վրացյանի ոգեկոչմանը նվիրված այսօրվա վկայությունը եզրափակելու համար, ունկնդիր մնանք նաև մեր օրերում այնքան այժմեական ու խոսուն իր Պատգամին. «Պատմական իրողություն է, որ... Խորհրդային Հայաստանը շարունակությունն է Հայաստանի Հանրապետության: Եթե տեղի չունենային այն մաքառումները, որոնք հանգեցրին 1918թ. Մայիսի 28-ին հայկական անկախ պետության ստեղծմանը, եթե գոյություն չունենար Հայաստանի Հանրապետությունը իր ազգային կազմով ու նկարագրով, այսօր գոյություն չէր ունենա և Խորհրդային Հայաստանը ազգային կազմով ու դիմագծով:
«Հայաստանի խորհրդային վարչաձևը շատ ճիգ թափեց, որպեսզի ազատագրվի հայ ժողովրդի քաղաքական ժառանգությունից. մերժեց ընդունել «ամենայն հայոց կառավարության» դերը, հրաժարվեց Հայկական Հարցի հետապնդումից, ուրացավ հայկական Սփյուռքի գոյությունը: Իզուր։ Ժամանակը պարտադրեց նրան ճանաչել և՛ Հայկական Հարցը, և՛ հայկական Սփյուռքը, և անբնական չի լինի, եթե վաղը իր վրա առնի նաև «ամենայն հայոց կառավարության» պատմուճանն էլ:
«Ժամանակը ունի նաև իր խորհուրդը: Հայաստանի Հանրապետության սերունդը և իր հաջորդները այդ օրվան են սպասում և պայքարում են այդ օրվա համար:
«Վարչաձևերը ժամանակավոր երևույթ են: Ժամանակավոր են վարիչները: Հավերժական են ազգերն ու հայրենիքները՝ հայրենի հողի վրա նստած ժողովուրդները: Հավերժական է ազատատենչ հայ ժողովուրդը, որ մահվամբ մահը կոխկռտելով՝ կերտեց հայրենիքի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ապրել հայ ժողովրդի սրտում, որպես մշտավառ հուշ անցյալի և իբրև կենդանի հույս ապագայի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել