Ողջույն ընթերցող: Նախքան բուն թեմային անցնելը, ուզում եմ  իմ գրառումներում վերջին անգամ նշել մի քանի փաստ.

  • ես որևէ մեկին քննադատելիս չեմ քննադատում նրա անձը
  • կասկածի տակ չեմ դնում նրա պրոֆեսիոնալիզմը, պարզապես նշում եմ այն տարրը, որը ինձ նրա աշխատանքում կամ որևէ արարքում դուր չի գալիս
  • երբեք չեմ շոշափում որևէ մեկի անձնական կյանքը
  • չեմ քննարկում նրա մարդկային հատկանիշները
  • ես պարապ չեմ, ունեմ աշխատանք, որը շատ սիրում եմ
  • ես նախանձ չեմ, մասնագիտական բնագավառս շատ հեռու է հեռուստատեսությունից, բնականաբար չեմ կարող նախանձել այս կամ այն հայտնիին նրա համար, որ ինքը «երևում» է եթերով, ես՝ ոչ
  • ինքնահաստատվելու խնդիր չունեմ. կա մարդկանց մի կատեգորիա, որը լսել է այդ բառը. «ինքնահաստատում» , և օգտագործում է այն ամեն առիթով, երբ խոսքը վերաբերվում է քննադատությանը: Էստեղ կարող է գործել «հետադարձ պատասխանի» օրենքը. նա ով ամենաշատն է խոսում ինքնահաստատումից, ամենաշատը հենց ինքը ունի դրա կարիքը
  • «ուրիշի վրա ցեխ նետելով» ռեյտինք հավաքելու կարիք չունեմ, այլապես քիմ քարդաշյան անունը ամենատարածվածը կլիներ իմ բլոգում. և ընդհանրապես, երբեք էլ ռեյտինգի չեմ ձգտել: Գրում եմ այն թեմայի մասին, որը ինձ տվյալ պահին հետաքրքրում է կամ մտահոգում՝ առանց հաշվի առնելու ռեյտինգ ունենալու է, թե ոչ)))

Հիմա անցնեմ այս գրառման բուն նպատակին, այն է՝ ասել շնորհակալություն Ֆելիքս Խաչատրյանին: Հիմա բացատրեմ թե ինչու :) Սկսեմ սկզբից.

Ես ընդհանրապես համացանցում անում եմ երկու տեսակի գրառումներ՝ բլոգային, որոնք գրելուց առաջ բավականին մտածում եմ և քննարկում յուրաքանչյուր բառս, և ֆեյսբուքյան ստատուսներ՝ որոնք գլխավորապես պատմում են այդ պահի իմ տրամադրության, մտքերի մասին, և որոնք գրելիս չեմ մանրանում ամեն բառիս մեջ: Վերջիններս կարող են լինել ինչպես անձնական բնույթի, այնպես էլ՝ շոշափել հասարակական որևէ երևույթ:  երեկ էլ, երբ դիտում էի «Նոր Ալիք» մրցույթը, անընդհատ լարվում էի, որովհետև հայ մեկնաբանների անդադար երկխոսությունը չէր թողնում ոչինչ հասկանալ : Ահա այդ տրամադրությամբ՝ հենց համերգի ընթացքում, գրեցի հետևյալ ստատուսը, որը հայտնվեց Բլոգ Նյուզ կայքում և ի զարմանս ինձ՝ արժանացավ բուռն քննարկումների: Ի դեպ, գլխավորապես քննարկվում էր 2 հարց՝ Ֆելոյի անտաղանդ լինելը (որի հետ համամիտ չեմ) և իմ նախանձ ու պարապ լինելը (բռի և անտակտ մեկնաբանություններին չանդրադառնամ, չեմ զլանում կրկնել ևս մեկ անգամ. յուրաքանչյուրը մեկնաբանություն անելիս ցույց է տալիս իր կրթվածության և դաստիարակության աստիճանը): Ուզում եմ մարդիկ ճիշտ ընկալեն իմ այդ քննադատությունը, դա ուղղված էր ոչ թե Ֆելիքսի ընդհանուր գործունեությանը, այլ մասնավորապես տվյալ մրցույթում նրա մեկնաբանություններին.. բնականաբար լրիվ ավելորդ էին այդ գրառման տակ տեղ գտած անձնական և մասնագիտական վիրավորանքները՝ ուղղված Ֆելիքսին, նաև ինձ ուղարկված նամակները՝ գլխավորապես հետևյալ մեկնաբանությամբ. «ապրես, էդ Ֆելոյին տեղը դրեցիր»: Նախ ուզում եմ ասել, ես չեմ կարող Ֆելոյին տեղը դնել, ավելին՝ չեմ էլ ուզում, նպատակս ամենևին էլ դա չի եղել, նպատակս չի եղել նաև քննարկման դնել Ֆելիքսի պրոֆեսիոնալիզմը կամ հումորի աստիճանը:

Ինչպես հասկացա, ամենահանդուրժողը հենց Ֆելիքսն էր իրեն ուղղված քննադատության նկատմամբ, քանի որ այսօր   հաշվի էր առել այն (համենայն դեպս  չէր խանգարում):  Դրա համար.

Ուզում եմ օֆիցիալ շնորհակալություն հայտնել Ֆելիքսին՝ քննադատությունները (իմ դեպքում՝ խնդրանքը) հաշվի առնելու համար: Այն, որ դու հաշվի ես առնում  քննադատությունը (իմ դեպքում այն, որ քո մեկնաբանությունները խանգարում են լսել համերգի հաղորդավարներին), կարող է խոսել միայն քո հաղորդավարական պրոֆեսիոնալիզմի, այն է՝ մշտապես կատարելագործման ձգտելու մասին: Հուսով եմ չես կարծում, թե այդ քննադատությունով փորձ է արվել թերագնահատել քեզ, կամ՝ ռուս հաղորդավարներին գերադասել քեզանից: Ոչ: Ավելին՝ կցանկանայի, որ Սերդուչկայի կամ Պիրաժկովի փոխարեն հենց դու մի  օր վարեիր  այդպիսի միջազգային և հայտնի մրցույթ: Պարզապես խառնիճաղանճ մի բան է ստացվում , երբ ստիպված ենք լինում զուգահեռ լսել ռուս հաղորդավարներին և ձեր երկխոսությունը:

Հ.գ. շեղվելով թեմայից (օգտվելով առիթից)՝  ևս մեկ անգամ հիշեցնեմ.  չմոռանանք քվեարկել Սուրենի օգտին, նա դժվար թե մրցանակային տեղ զբաղեցնի (չնայած որ հիանալի հանդես եկավ), գոնե հանդիսատեսի համակրանքը շահի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել