Երեք ամիս առաջ՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո, ես հիշեցի, որ Կիեւյան Ռուսիայի առաջին քրիստոնյա իշխանի անունն էր Վլադիմիր եւ ենթադրեցի, որ վերջինի անունն էլ է նույնը լինելու: Նրանց բաժանում է 1026 տարի: Ուրեմն Վլադիմիր իշխանից սկսած՝ Պետրոս կայսրով շարունակած ու նրա ժառանգների` Եկատերինա Բ-ից մինչեւ Նիկոլայ Բ, բոլոր ռուս արքաները (մեծամասամբ ազգությամբ գերմանացի) ձգտում էին Ռուսաստանը դարձնել եվրոպական քաղաքակրթության մաս, բացել պատուհանը դեպի Եվրոպա, եւ այդ ճանապարհին է որ ստեղծեցին աշխարհի ամենամեծ պետությունը: Եւ այսօր, ողջ աշխարհի աչքի առաջ, Վլադիմիր Պուտինը խորտակում է այս ամենը, վատնում է այս վիթխարի ժառանգությունը, խաչ է քաշում իր երկրի հազարամյա պատմության ու առաքելության վրա ` հանուն ինչի՞: Պարզվում է, որպեսզի հանձնի այդ հսկա ու դժբախտ երկիրը Չինաստանին... Այլ կերպ անհնար է հասկանալ նրա վերջին գործողություններն ու առաջարկները չինացիներին, որոնք հրավեր են ստացել, փաստորեն, կիսագաղտնի պահվող գումարի դիմաց գնել Ռուսաստանի արեւելյան մասը (ինչպես ժամանակին ամերիկացիներին վաճառվեց Ալյասկան) եւ կառուցել այնտեղ գործարաններ, բնակավայրեր ներգաղթող աշխատուժի համար, անտառամշակման արդյունաբերություն` բոլոր անխուսափելի հետեւանքներով: Հանուն ինչի՞: Մի՞թե սա է Ղրիմի զավթման համար տրվող գինը: Միջազգային մեկուսացում, պատժամիջոցներ, քաղաքակրթական խզում, եղբայրասպան պատերազմ եւ ի վերջո` պետության ահռելի ու կիսադատարկ մասի հանդիսավոր հանձնումը աշխարհի ամենաբնակեցված եւ բոլորից արագ զարգացող հարեւան երկրին: Դարի գործա՞րք, թե հազարամյակի անհեթեթություն: 
Ո՞վ եմ ես, որ ռուս «արքային» դասեր տամ: Հայ եմ ես, ընդամենը մի հայ բեմադրող: Բայց գոնե պատմություն գիտեմ որոշ չափով: Իսկ պատմությունը հիշեցնում է, որ հազար տարի առաջ մեկ այլ հայ` բյուզանդական արքայադուստր Աննան պայման էր դրել ռուս իշխան Վլադիմիրի առջեւ, որ նրա հետ ամուսնանալու համար Կիեւյան Ռուսիան պետք է քրիստոնեություն ընդունի: Եւ նույն պատմությունը հուշում է, որ փայլուն ու հզոր Բյուզանդիան, որից ռուսները ստացան կրոն, մշակույթ, արվեստ, գիր, զինանշան եւ այդպիսով ընդգրկվեցին քաղաքակիրթ ազգերի շարքում, գոյատեւեց աշխարհի երեսին 1125 տարի, մինչեւ որ Կոնստանտին Ա կայսրի ժառանգորդը, որի անունը նույնպես Կոնստանտին էր, որոշեց, որ լավ է հագնել թուրքական չալմա, քան հռոմեական թիար: Բյուզանդիան երես թեքեց Արեւմուտքից, հրաժարվեց արեւմտյան օգնությունից ու ամիսներ անց տապալվեց թուրքական յաթաղանի տակ: 
Վլադիմիր Պուտինը վերջերս բաժանվեց իր կնոջից, իսկ նրա շուրջը վխտացող «հայերը» նրան դժվար թե հիշեցնեն Վլադիմիր Առաջինի կնոջ` Բյուզանդիայի հայ արքայադուստր Աննայի պատգամը, որին ուրացավ բյուզանդական վերջին կայսր Կոնստանտինը 1453 թվականին, երբ ընկավ հզոր Կոնստանդնուպոլիսը: Բայց մենք հիշում ենք այս ամենը: Միգուցե այդ պատճառով էլ մնացել ենք դեռ այս աշխարհի երեսին: Մեր նախնիների աչքի առաջ հզոր Բյուզանդիան հանձնվեց թուրքերին, մեր աչքի առաջ այսօր հզոր Ռուսաստանն է հանձնվում չինացիներին: Իմիջիայլոց, չինացիների հետ մենք՝ հայերս, վաղուց ենք լեզու գտել, եւ հայերեն լեզվի մեջ հիացմունքի բարձրագույն աստիճանը շատ վաղուց անվանվում է «չնաշխարհիկ», այսինքն` ինչպես Չինաստանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել