ԱԺ-ում հայտարարություների ժամի հայտարարությունս տեքստը

Երեկ մի քանի տող առանձնացրեցի իմ վիրտուալ ընկերներից մեկի գրառումից: Որոշեցի այստեղ կարդալ: Չնայած ասելիքս որևէ քաղաքական ուղերձ չի պարունակում, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ այս ամբիոնի ուժով այն կհասնի շատ մարդկանց` հատկապես երիտասարդների: Իսկ ասելիքն այն մասին է, թե ինչը հնարավոր չէ ու ինչն է լավ: Եվ այսպես:

Հնարավոր չէ տարիներ շարունակ հիասթափված ու ցինիկ լինելով, տարիներ շարունակ դիտորդ մնալով, տարիներ շարունակ կողքինների դարդից հեռու մնալով, բացառապես քո ու ընտանիքիդ դժվարություններով ու վայելքներով ապրելով, տարիներ շարունակ փնթփնթալով, տարիներ շարունակ քեզ չնչին ու աննշան զգալով ու բոլորին պարտական, որ քաջաբար մնում ես էս երկրում, տարիներ շարունակ համարելով, որ, մեկ է, քո տեղը դրսում է ու երբ ուզես՝ կհեռանաս... հնարավոր չէ արժանանալ այնպիսի երկրում ապրելու բախտին, որը կհամարես քոնը... ու լավը...

...հնարավոր չէ արդար երկիր ունենալ, երբ ինքդ պատրաստ ես որբի հացը փախցնելու...

...հնարավոր չէ խաղաղ երկիր ունենալ, երբ կռիվը գլխումդ է...

...հնարավոր չէ ապահով երկիր ունենալ, երբ աշխատել չես սիրում...

...հնարավոր չէ կրթված երկիր ունենալ, երբ ուսանում ես կես տասնամյակ ևս ուրիշի վզին նստելու համար, երբ ուսումն ավարտում ես որպես կայացած անհաջողակ, թամբալ ու մանկամիտ...

...հնարավոր չէ ոչինչ փոխել, եթե փոփոխություններն ուրիշից ես սպասում...

...հնարավոր չէ ատելության շուրթերով սեր քարոզել...

...չի գալու էդ ուրիշը, չի փոխելու, լավը չի լինելու, երկու վատի կռվից էլ լավ չի լինելու...

...լավ լինելու համար պիտի ամեն առավոտ արթնանաս մի հարցի պատասխան ունենալով, մեկի բեռը կրելու պատրաստ, մեկին զիջելու ցանկությամբ, մեկի հանդեպ պատասխանատվությամբ...

...լավ լինելու համար պիտի ամեն երեկո քնես մեկին օգնած, մի անծանոթի բարի խոսք ասած, մեկի հոգսը քաշած...
լավ լինելու համար պիտի ունենաս լավ լինելու մասին պատկերացում ու դրան հասնելու սեփական բանաձևը...

...լավ լինելու համար պիտի հասկանաս, թե ոնց անես, որ բոլորի համար լավ լինի... էսօր, վաղը... հարյուր տարի հետո...

...լավ լինելու համար պիտի զգաս բոլորի համար լավ լինելու համար քո մեծ պատասխանատվությունը...

...լավ լինելու համար պիտի ապրես... մի քիչ ուրիշ արժեքներով:

Այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել