Անջատողական տրամադրություններն Ուկրաինայում կարծես սկսում են ավելի մեծ աշխարհագրություն ընդգրկել: Հայտնի է, որ մայիսի 11-ին ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեներ անցկացվեցին Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, կամ էլ ինչպես այդ տարածքներում իշխանությունն իրենց ձեռքը վերցրած ուժերն են ասում Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններում: Ինչևէ, վերոնշյալ երկու մարզերում կարծես ամեն ինչ արդեն որոշված է և ընթանում է լուրջ ուժային պայքար, այսպես կոչված, «անջատողականների» և Կիևի միջև: Պայքարը թեժ է, բայց, ըստ էության, ոչ արդյունավետ որևէ կոնկրետ կողմի համար, քանի որ ոչ մի կողմ չի կարողանում, պայմանականորեն ասած վերջնական հաղթանակ տանել մյուսի նկատմամբ: Կարճ ասած՝ ճգնաժամն առաջին հայացքից լճացման փուլում է, սակայն հենց այդ նույն լճացման փուլում, ինչպես երևում է, վերոնշյալ երկու մարզերին կարող են միանալ մի շարք այլ մարզեր: Առայժմ, սակայն, հոգնակի թվով չխոսենք և անդրադառնանք կոնկրետ մեկին` Խարկովին, որտեղ նույնպես կարող է առաջիկա օրերին անցկացվել հանրաքվե:

Մայիսի 18-ին Խարկովում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ «Հարավ–Արևելք»-ի համակարգող խորհրդի նախագահ Յուրի Ապոխտինը հայտարարել է, որ առաջիկա ժամանակահատվածում Խարկովում ևս կանցկացվի հանրաքվե, ինչպես որ արվեց Լուգանսկում և Դոնեցկում, սակայն այժմ իրենց գերնպատակը պետք է լինի մայիսի 25-ին անցկացվելիք ընտրությունների թույլ չտալը: Վերջինիս խոսքերով, իրենք պետք է հավաքվեն հրապարակում և խափանեն դրանց անցկացումը:

Ինչ խոսք, միտումը ոչ մի կերպ չի կարող դրական անդրադարձ ունենալ Ուկրաինական ճգնաժամի լուծման համար: Գիտեք՝ ինչ, այս ամբողջ ճգնաժամի յուրահատկությունն այն է, որ այն ոչ թե խորանում է, այլ` ընդլայնվում: Այլ կերպ ասած՝ այն, ինչ այժմ կատարվում է Լուգանսկում կամ էլ Դոնեցկում, դասական քաղաքացիական պատերազմ է, և դժվար է պատկերացնել, թե դրանից ավելի վատ ինչը կարող է լինել հենց այդ մարզերում, ասել է թե, խորացում ճգնաժամի որպես այդպիսին չի ակնկալվում: Մյուս կողմից, սակայն, դժբախտաբար, ընդհանուր ճգնաժամի աշխարհագրության ընդլայնման միտում է նկատվում: Այն, ինչ մենք տեսնում ենք վերոնշյալ մարզերում, կարող ենք շուտով տեսնել նաև մի շարք այլ շրջաններում:

Մայիսի 21-ին սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ, դռնփակ նիստ Ուկրաինայի հարցով: Հուսանք, որ ինչ-որ դրական արդյունք հնարավոր կլինի գրանցել, սակայն ներկայիս զարգացումները թույլ չեն տալիս այդ լավատեսությունը փոխկապակցել իրատեսության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել