Իմ դիտարկումով Երեւանում Միկոյանի արձանը կանգնեցնելու կողմնակիցների հիմնական փաստարկը՝ «Միկոյանը համաշխարհային մակարդակի հայ քաղաքական գործիչ է» ուղղակի տխմարամտություն գագաթնակետն է, որովհետեւ մարդուն գնահատելու համար հիմք են ծառայում միմիայն նրա կոնկրետ գործերը, եւ ո՛չ թե նրա գործունեության ոլորտն ու էթնիկական ծագումը: Իսկ Միկոյանի կոնկրետ «գործերը» համարյա ամբողջությամբ կապված են եղել արնախում բոլշեւիզմի իշխանությանը անմնացորդ ծառայելու եւ այդ իշխանության հնչեղություն ունեցող բոլոր կոնկրետ արյունոտ գործերին նրա անվերապահ մասնակցության հետ: Իր հիշողություններում Միկոյանը, նկատի ունենալով իրեն եւ ստալինյան պոլիտբյուրոյի մյուս անդամներին, բացահայտ հայտարարում է. «Մենք բոլորս սրիկաներ էինք»: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ հայերի հետ Միկոյանի առնչություններին, ապա դրանք հենց սկզբից եղել են սեւ, արյունոտ եւ հակահայ-դավաճանական, որոնք սփռված են նրա իրական կենսագրության էջերում: Բայց սրանք էլ եմ մի կողմ դնում: Պարզվում է, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետագա սերունդների վրա Միկոյանն իր ճակատագրական նողկալի հետքն է թողել, որն անմիջական առնչություն ունի ղարաբաղյան մերօրյա պատերազմի եւ նրա ներկա անհաղթահարելի դարձած ողբալի հետեւանքների հետ: Բերիայի կրեմլյան գործակալների կողմից թունավորմամբ Ստալինի սպանությունն իրագործելուց հետո ԽՄԿԿ պոլիտբյուրոյում առաջնահերթ խոսակցության թեմա էին դարձել երկրում «բարեփոխումներ» կատարելու եւ հատկապես նախկին «սխալներն ու բացթողումները շտկելու» մասին խոսակցությունները: Այս ենթատեքստում ուկրաինացիերի հանդեպ բոլշեւիկների կատարած ցեղասպանության եւ պատերազմի ժամանակ գերմանական ֆաշիստների եւ ռուսական կոմունիստների կողմից Ուկրաինայի տարածքի եւ նրա ժողովրդի ոտնատակ տալու մեղքերի անմիջական վկա եւ գիտակցող Խրուշչովը, փորձելով սիրաշահել ուկրաինացիներին, Ուկրաինայի Ռուսաստանին միացնելու 300-ամյակի առիթով ուզում էր Ղրիմը հանձնել խորհրդային այդ հանրապետությանը: Բայց նա, հասկանալի պատճառներով, այդ գործողությունն ուզում էր ներկայացնել «նախկին սխալները շտկելու» քաղաքական որոշման տեսքով, որի համար փորձեց ղարաբաղյան հարցը եւ մի քանի այլ տարածքային հարցեր եւս ներգրավել այդ որոշման մեջ: Ղարաբաղյան հարցով նա, «բնականաբար», դիմում է իր ամենամոտ ընկերոջը՝ «հայ» Միկոյանին, որին ինքը պարտական էր պոլիտբյուրոյում եւ Կենտկոմում իր դիրքերը ամրապնդելու համար: Նա Միկոյանին հարցնում է, թե ի՞նչ կարծիք ունի վերոհիշյալ որոշման մեջ ԼՂԻՄ-ը եւս ներգրավելու եւ Հայաստանին հանձնելու հարցում: Պատասխանը արտառոց էր, զարհուրելի եւ ազգադավ բոլշեւիկին վայել, թե հազիվ են այդ երկու ժողովուրդները հայերն ու ադրբեջանցիները «համակերպվել» ներկա կացությանը, եւ չարժե նրանց նորից «գրգռել» իրար դեմ: Թե հայերը ե՞րբ էին համակերպվել դրան, մնում է անհասկանալի, որովհետեւ հայտնի է, որ մինչ այդ, անցած երեսուն տարիներին հայերը առնվազն հինգ անգամ դիմել էին ստալինյան ղեկավարությանը՝ խնդրելով ԼՂԻՄ-ը միացնել Հայաստանին: Միկոյանը հետագայում խոստովանել է, որ իրեն թվացել է, թե Խրուշչովը այդ հարցը տվել է «ստուգողական» նպատակով, որ դրական պատասխանի դեպքում իրեն կարողանային մեղադրել «նացիոնալիզմի» մեջ: Սա բարձրագույն կուսակցական եւ իշխանական կարգավիճակ ունեցած անձին անվայել, վախկոտ, ստոր ու ողորմելի մորթապաշտի ցնցող «արդարացում» է: Այո՛, պատմությունը «եթե»-ներ չի սիրում, բայցեւ պատմությունը կերտում են մարդիկ: Մի պահ պատկերացնենք, որ Միկոյանը դրական պատասխան տված լիներ Խրուշչովի այդ հարցին: Վստահաբար կարելի է պնդել, որ ղարաբաղյան պատերազմը չէր լինի, մեր հազարավոր զոհերը չէին լինի, մեր ժողովրդի կրած ահավոր զրկանքներն ու դժվարությունները չէին լինի, եւ մեր երկրի ու ժողովրդի պատմությունը կընթանար լրիվ այլ հունով: Ո՛չ այն հունով, որ Ղարաբաղը ազատագրելուց հետո կանգնած մնայինք կոտրած տաշտակի առջեւ եւ փորձեինք Ռուսաստանի քղանցքներից կախված մի կերպ քարշ տալ մեր աննպատակ գոյությունը: Չի՞ ստացվում, որ այսօր Երեւանի քաղաքապետարանն իր կիսագրագետ գիտությունների թեկնածու քաղաքապետի գլխավորությամբ, որոշելով կանգնեցնել այդ հանգուցյալ բարձր մակարդակի սրիկայի արձանը, տուրք է տալիս այսօրվա արյունախում եւ դավաճան սրիկա միկոյաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել