Ուկրաինայի հարևանները փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Մինչ Ուկրաինան պայքարում է պահպանելու համար իր միասնությունը ստեղծված հանգամանքներում, այդ երկրի հարևանները, որոնք իբր թե ի սկզբանե գործում էին Ուկրաինայի շահերի համատեքստում, դրդելով վերջինիս դեպի եվրաինտեգրում, սկսել են տարօրինակ հայտարարություններ անել: Պարզ է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինան կանգնած է պառակտման լուրջ վտանգի առջև: Թե ով է դրանում մեղավոր, կամ որոնք են դրա դրդապատճառները, դեռ թողնենք մի կողմ, բայց այն, որ նման վտանգ կա, միանշանակ է: Իսկ նման հանգամանքներում, երբ այդ երկրի հարևանները խոսում են փոքրամասնություններին ինքնավարություն տրամադրելու մասին, ելնելով արդեն միանգամայն իրենց իսկ պետական շահերից, ապա դրանք օբյեկտիվորեն կարող են դիտվել սադրանք Ուկրաինա պետության հանդեպ: Այժմ փորձեմ ավելի հստակեցնել միտքս:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող լինել ո´չ ժողովրդավարական, ո´չ էլ կայուն, եթե չերաշխավորի իր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին՝ ներառյալ հունգարացիներին, իրենց իրավունքները: Վերջինս փորձել է էլ ավելի հստակեցնել իր առաջարկը (գուցեև պահանջը)՝ կոնկրետ ասելով, թե ինչպես է ինքը դա պատկերացնում: Հունգարիայի վարչապետը, անդրադառնալով Ուկրաինայի տարածքում ապրող հունգարացիների իրավունքներին, ասել է, որ նրանք պետք ունենան առաջին հերթին երկքաղաքացիություն, ինչպես նաև անհրաժեշտ է, որ երաշխավորվեն այդ մարդկանց «կոլեկտվիվ» իրավունքները և տրամադրվի ինքնավարության հնարավորություն:

Այսքանից հետո, կարծում եմ՝ դժվար չէ կռահել, թե ինչպիսին է եղել Կիևի պատասխանը: Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ իրենք հիասթափված են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նման հայտարարությամբ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նման առաջարկները հակասում են երկրի սահմանադրությանը:
Հիշեցման կարգով նշենք, որ ավելի վաղ` դեռ մի քանի ամիս առաջ, այս թեմայի շուրջ խոսել են ինչպես Հունգարիայի, այնպես էլ Լեհաստանի և Ռումինիայի հասարակական-քաղաքական շրջանակներում, քանի որ նշված երկրների հայրենակիցները ևս բավական կոմպակտ կերպով բնակվում են արևմտյան Ուկրաինայում: Այնպես որ, նման հայտարարությունն առաջինը չէ՝ առնվազն Հունգարիայի կողմից:

Գիտեք՝ ինչ, կարծում եմ, որ ինչ-որ տեղ նույնիսկ հասկանալի է Հունգարիայի և մի շարք այլ շահագրգիր կողմերի կեցվածքն այս հարցում, քանի որ եթե Ուկրաինա պետությունը որպես այդպիսին պառակտվում է և փաստացի դադարեցնում է իր գոյությունն այնպիսի տեսքով, ինչպիսին որ եղել է անկախությունից ի վեր, ապա ինչո՞ւ հունգարացիք կամ էլ, ենթադրենք, ռումինացիք չպետք է փորձեն ինչ-որ «փայաբաժին» պոկել ստեղծված հանգամանքներում: Ինչ խոսք, եթե խնդիրը դիտարկենք բարոյական տեսանկյունից, ապա Եվրոպայի կողմից Ուկրաինայի պառակտմանը մասնակցելն անբարոյական է, քանի որ այդ երկիրը հենց Եվրոպայի պատճառով է, որ, կարելի է ասել, այսօր հայտնվել է կործանման եզրին, բայց դե մյուս կողմից էլ քաղաքականության մեջ ի՞նչ բարոյականության մասին է խոսքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել