սիրիա-թուրքիաՀայտնի թուրք վերլուծաբան, լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդն իր անհանգստությունն է հայտնել քրդական պետության հնարավոր ստեղծման կապակցությամբ:
«Ինձնից առաջ էլ շատերն այս հարցը բարձրացրել են: Սակայն չէր խանգարի նորից կրկնել և հիշեցնել:

Սիրիայում ընթացող դեպքերը հնարավորություն են տալիս ստեղծել քրդական մեծ պետություն: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ներկայում կենտրոնացել է միայն Դամասկոսի վրա և փորձում է ապահովել նախագահական նստավայրի անվտանգությունը: Իսկ մինչ այդ Սիրիայի հյուսիսային հատվածը բարձիթողի վիճակում է:


Սիրիայում քրդական միավորումների ստեղծմանը կարող է հաջորդել քրդական մեծ պետության ի հայտ գալը, որը կներառի նաև Իրաքի հյուսիսի քրդական ինքնավարությունը»,-իր հոդվածում նշում է թուրք վերլուծաբանը` ակնարկելով, որ քրդական պետության ի հայտ գալը կարող է լուրջ խնդիրներ հարուցել Թուրքիայի համար, որտեղ 15 մլն-ից ավել քուրդ է բնակվում և ընթանում են շարժումներ, որոնք ուղղված են Քրդստանի անկախացմանը:

«Քրդերը սրանից ավելի հարմար պահ չեն կարող ունենալ: Իսկ ահա Թուրքիան այս ամենի դեմ քայլեր չի ձեռնարկում: Մեր իշխանավորները կենտրոնացել են մանր ներքին քաղաքական հարցերի վրա` փորձելով իրարից ընտրողներ փախցնել: Թուրքիան ներկայում ունակ չէ ոչ մի հակաքայլի: Ի՞նչ պետք է անենք: Արդյո՞ք պետք է պատերազմ սկսենք:

Անկարան պետք է մտածի Թուրքիայում բնակվող քրդերի մասին: Մասնատվելուց փրկվելու համար հնարավորին արագ պետք է մեր սահմաններում եղած խնդիրներն ու հարցերը լուծենք: Պետք է կարողանանք հանգստացնել Թուրքիայի տարածքում բնակվող քրդերին, իսկ իրականում ի՞նչ է լինում: Խոսվում է միայն PKK-ի մասին («Քրդստանի աշխատավորական կուսակցություն») 2-3 քայլից հետո կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում քրդերի հարցում: Տեսնենք` ինչ է լինելու վերջում»,-հավելում է Բիրանդը:

Նշեմ, որ Թուրքիայի թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ քրդական հարցը: Թուրքիայի հատկապես հարավ-արևելքում քրդերը մեծամասնություն են կազմում և ձգտում են անկախության, ինչը մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիայի տարածքային ամբողջականության համար:

Քրդերը, որոնք համարվում են ամենամեծաքանակ ազգությունը, որն անկախ պետականություն չունի, հոծ խմբերով բնակվում են նաև Սիրիայում, Իրանում և Իրաքում` ձգտելով անկախության:

Մինչ այս միայն Իրաքում է քրդերին հաջողվել ստեղծել լիարժեք ինքնավարություն: Սիրիայի, Թուրքիայի և Իրանի քրդերը ներկայում փորձեր են կատարում ստեղծել ինքնավարություններ կամ անկախ պետություններ: Պաշտոնական Անկարան ամեն կերպ փորձում է թույլ չտալ դեպքերի նման զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել