Համոզված եմ, որ շատերը, եթե ոչ անձամբ, ապա գոնե դիտորդի դերում առնչվել են այնպիսի իրավիճակենրի, երբ ինչ որ կայքում, որտեղ կա քննարկումների բաժին ծավալվում են ոչ միայն բանավեճեր, այլև վեճեր ու ռազբորկաներ: Երևույթն ինքնին ամենևին էլ ունիկալ չէ Հայաստանի համար: Կարծում եմ, որ բովանդակ համացանցում չկա այնպիսի մի երկրի սեգմենտ, որտեղ տիրում է համընդհանուր համաձայնություն կամ կուլտուրա: Այնուամենայնիվ, Հայաստանը ունի մի շարք առանձնահատկություններ:

Նախ և առաջ, Հայաստանի ինտերնետ համայնքը էլ ավելի ուրբանիզացված է քան բուն բնակչությունը: Այսինքն, օգտատերերի ճնշող մեծամասնությունը գաղաքաբնակ են, ընդ որում, ընդհանուր օգտատերերի կեսից ավելին Երևանաբնակ են: Հայաստանն առանց այն էլ հայտնի է նրանով, որ չեն գտնվի մարդիկ, ովքեր ընդհանուր ծանոթներ չունեն, էլ չխոսեմ համացանցում այս կամ այն մարդու ինքնությունը ճշտելու դյուրինության մասին: Մի խոսքով, մենք բնավ Ռուսաստան չենք և նույնիսկ Թայլանդ այս առումով:

Հաջորդ հանգամանքը, որը սպեցիֆիկացնում է հայկական համացանցը` մտածելակերպն է ու թասիբ ասվածը: Եթե ասենք միջին ստատիստիկական բուլղարացին թքած ունի, թե իր հասցեին ինչեր են հնչեցնում այլ մարդիկ, ապա հայը, մասնավորապես արական սեռի ներկայացուցիչ հայը, կարող է իր ողջ ծանոթությունն ու հնարավորությունները խառնել իրար, որպեսզի գտնի իրեն վիրավորանք հասցրած մարդուն:
Հիմա հարց է առաջանում, թե ինչի համար եմ էսքան գրում էս մասին: Պարզապես վերջերս նկատում եմ, որ ավելացել է վիրտուալ “դուխավիկների” թիվը, որոնց թվայնացված թուրը աջ ու ձախ կտրում է: Նրանք կարող են առանց առանձնապես հասկանալու թե ինչի, ում և հանուն ինչի, անձնական վիրավորանք հասցնեն այլ մարդկանց: Ինքս մի քանի անգամ հայտնվել եմ նման իրավիճակում, երբ ինձ են վիրավորել ինչ որ գրառմանս համար կամ ասածիս, բայց արդյունքում, վիրավորողներս բոլորը կամ ներողություն են խնդրել, կամ էլ պարզապես օքսիդացել են:

Պարզապես կոչ եմ ուզում անեմ բոլոր-բոլորին, ովքեր դա դեռ չեն հասկացել: Մինչև մարդուն անպատվելը, մի հատ գոնե հասկացեք կկարողանաք ձեր արարքը մարսել տվյալ մարդու հետ երես առ երես հանդիպելու դեպքում: Ավելի մանրամասնեմ. էն փաստը, որ մարդը ֆեյսբուքում ինչ որ ըստ ձեզ տարօրինակ նկար ունի, կամ ասում է մի այնպիսի բան, որ ձեզ դուրը չի գալիս, կամ զբաղվում է ըստ ձեզ անհանդուրժելի գործունեությամբ, շատ հանգիստ կարող է պարզվի լավ էլ “թափով” կամ դուխով: Այնպես որ, որպեսզի անտեղի տեղը չստանաք կոտրվածքներ քթի կամ դիմածնոտային շրջաններում, կամ էլ պարզապես հայտնվեք ծիծաղելի և ստորցաված վիճակներում, պարզապես երկու անգամ մտածեք մի բան գրելուց առաջ, նամանավանդ եթե ձեր գրածը կարող է վիրավորել դիմացինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել