Հենրի Քիսինջերը կրկին անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, դրա համատեքստում ռուս-ամերիկյան հարաբերություններին: Նախկին, բայց ամեն դեպքում մեծանուն դիվանագետն ու պետական գործիչը, CNN-ի եթերից խոսելով վերոնշյալ հարցերի շուրջ, շատ ուշագրավ հայտարարություն է արել, որին, թերևս, անհրաժեշտ է անդրադառնալ: Նա, ինչ-որ տեղ հակադրվելով Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինական ճգնաժամի կոնտեքստում նախօրոք ծրագրված չէին և որ այդ երկիրը գործել է պահի թելադրանքով:

Քիսինջերը ասել է հետևյալը. «Ռուսաստանը 60 միլիոն դոլար ծախսեց օլիմպիադայի կազմակերպման համար: Նրանք կազմակերպեցին բացման և փակման ճոխ արարողություններ` փորձելով ցույց տալ աշխարհին, որ Ռուսաստանը նորմալ զարգացող և շարունակական առաջընթաց գրանցող երկիր է: Անհնար է, որ դրանից երեք օր անց նրանք ինքնակամ հարձակում սկսեին Ուկրաինայի վրա»: Վերջինս նաև հավելել է, որ Ռուսաստանը, անկասկած, միշտ էլ ցանկացել է, որ Ուկրաինան լինի ստորադասված և իր վերահսկողության ներքո, բայց ոչ երբեք նման ճանապարհով, այլ փոխարենն աստիճանական քայլերով: Քիսինջերի խոսքերով, սա ավելի շուտ Ռուսաստանի կողմից հակազդեցություն էր մի իրավիճակի, որն այդ երկիրը դիտարկեց որպես «արտակարգ իրավիճակ»: Ամփոփելով` վերջինս ասել, թե Ռուսաստանի կողմից գործողությունների պատճառը ներկայացնելը բնավ չի արդարացնում վերջինիս կողմից ձեռնարկված գործողությունները (նկատի ունենալով Ղրիմի միացումը Ռուսաստանին):

Հենրի Քիսինջերի դիտարկումն անձամբ ինձ համար բավական ընդունելի է: Այս մարդն արդեն երկրորդ անգամն է, ինչ անդրադառնում է Ուկրաինական ճգնաժամին, և այդ անդրադարձը մշտապես լինում է ըստ երևույթին, բավական օբյեկտիվ և հարիր այս մարդու պրոֆեսիոնալիզմին: Նա, ճիշտ է, չի արդարացնում Ռուսաստանի գործողությունները Ղրիմի հարցում և, թերևս, ճիշտ էլ անում է, քանի որ ինչ-ինչ, բայց նման ժամկետներում և նման պայմաններում (զինվորականների վերահսկողության ներքո) հանրաքվե անցկացնել չի կարելի, անկախ նրանից՝ վայելում ես ժողովրդի աջակցությունը, թե` ոչ, բայց ամեն դեպքում այս մարդը, անցած լինելով Սառը պատերազմի բովով, բավական ռացիոնալ բացատրություն է տալիս Ռուսաստանի գործողությունների համար:

Ինչպես շատ փորձագետներ, այնպես էլ Քիսինջերը, ինքը մշտապես խոսել է Ուկրաինայի` Ռուսաստանի համար առանցքային կարևորություն ունենալու մասին: Նա միշտ էլ պնդել է, որ Ուկրաինան պետք է լինի ոչ թե Արևմուտքի և Ռուսաստանի միջև կռվախնձոր, այլ կամուրջ, որը կփորձի միավորել երկու բևեռներին: Իսկ այն, ինչ մենք տեսնում ենք վերջին ամիսների ընթացքում, ոչ թե քայլեր են ձեռնարկված այդ ուղղությամբ, այլ լրջագույն աշխարհաքաղաքական պայքար Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից առանց այն էլ Ռուսաստանը բավական լուրջ հարցերում Սովետական Միության փլուզումից հետո զիջել է և այժմ, երբ հարցը վերաբերում է Ուկրաինային, որին, ըստ էության, ցանկանում էին ներքաշել արևմտյան բլոկ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով (ՆԱՏՕ-ի անդամակցություն), Ռուսաստանը պարզապես չէր կարող ձեռքերը ծալած նստել և դիտորդի կարգավիճակով հետևել իրադարձություններին, քանի որ խոսքը հերիք չէ իր անմիջական հարևանի մասին է, դեռ մի բան է լեզվամշակութային առումով իրեն, մեղմ ասած, հարազատ ժողովրդի: Այնպես որ, իրոք հասկանալի է Ռուսաստանի կողմից դրսևորվող կեցվածքը:

Ճիշտ հասկացեք, ես նույնպես չեմ արդարացնում Ռուսաստանի գործողությունները, որոնք որոշ առումներով գուցեև հակասում են միջազգային իրավունքին, բայց ամեն դեպքում, հասկանալ Ռուսաստանին այս պարագայում կարելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել