«РИА Рейтинг» վարկանիշային գործակալությունը անցկացրել է հետազոտություն ԱՊՀ երկրների բանկային սեկտորի վերաբերյալ և հետազուտությունների արդյունքում կազմել 2011 թվականի ԱՊՀ երկրների 100 խոշորագույն բանկերի ցուցակը:

ԱՊՀ-ի ամենահզոր բանկերի հարյուրյակի առաջատարները ռուսական բանկերն են, առաջատարներն են «Սբերբանկ»-ը, «ՎՏԲ»-ն, «Գազպրոմբանկը»: Համեմատության համար նշեմ նաև, որ միայն «Սբերբանկ»-ի ակտիվները մեկուկես անգամ շատ է TOP 100-ում ընդգրկված ոչ ռուսական 34 բանկերի ակտիվների գումարից:


Եթե նման ցուցանիշները սպասելի են ԱՊՀ-ի տնտեսապես ամենահզոր երկիր Ռուսաստանից, ապա Հայաստանաից չի կարելի չսպասել գոնե դրա 1/10-ը: Իհարկե Հայաստանի բանկերը ամենևին էլ հավակնություն չունեն մրցել 100-յակի առաջին հորիզոնականներում հայտնվելու համար, այնուամենայնիվ պարտավոր ենք ունենալ գոնե 1 բանկ, որը կընդգրկվեր այս ցուցակում` հաշվի առնելով վարչապետ Տիգրան Սարգսյանի` Հայաստանը բանկային հզոր երկիր դարձնելու ջանքերի մասին ելույթները: Դեռ մի քանի տարի առաջ կառավարությունը լուրջ ծրագրեր էր կազմել, որով Դիլիջանը դարձնելու էին հայկական Դուբայ, ողջ Կովկասի տնտեսության սիրտը, այստեղ էր կենտրոնացվելու բանկային ողջ ներուժը: Փաստի արձանագրում` ոչինչ էլ չարվեց:

Հետաքրքիր մի հանգամանք` ԱՊՀ երկրների շուրջ 1400 բանկերից, TOP 100-ի մեջ ընդգրկվել են ընդամենը համագործակցության 12 (ներառյալ Վրաստանը) անդամ երկրներից 7 երկրների բանկերը: TOP 100-ում ներկայացված են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի բանկերը, իսկ հարյուրյակում ներկայացուցիչ չունեցողներն են Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենիան:

Ինչպես վերևը նշեցի, Հայաստանի նման տնտեսապես թույլ զարգացած երկիրը չի կարող ԱՊՀ տարածքում զբաղեցնել առաջատար դիրքեր բանկային զարգացման տեսանկյունից, բայց հարևան երկրների հետ մրցակցությունում գոնե պարտավոր է գլխավորելու աղյուսակը:

Ադրբեջան: Ցուցակում ներկայացված է «Ադրբեջանի միջազգային բանկ»-ը, որի վարկանիշը տատանվում է 33-րդից 35-րդ հորիզոնականներում:

Վրաստան: Վրացական բանկերից TOP 100-ում ներկայցված է 1 բանկ: «Վրացական Բանկ»-ի ակտիվները մեկ տարվա ընթացքում ավելացել են 24 %-ով` հասնելով 2.8 միլիարդ դոլարի, նաև ռեյտինգում կարող էր հայտնվել վրացական մեկ այլ բանկ` TBC Bank-ը, որ մի տարում աճել է 54 %-ով:

Հայաստան: Վարկանիշային աղյուսակում չկա որևէ հայկական բանկ:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ղարաբաղյան պատերազմից հետո տարիներ տևացող սառը պատերազմը ուղղակի պարտավորեցնում է Հայաստանին ունենալ այնպիսի բանկայաին համակարգ ու տնտեսություն, որը կպահպանի Ադրբեջանի հետ հավասարակշռությունը: Ո´չ խաղաղություն, ո´չ պատերազմ իրավիճակում գտնվող երկրի համար սրանք առաջնային մարտահրավերներ են: Ու որպես լուծում այս խնդրին կառավարությունը պետք է հստակ լուծում որոնի ստվերի ու կոռուպցիայի վերացման համար: Երկրի տնտեսության զարգացումը կասեցնում է Հայաստանում խոր արմատներ ձգած մենաշնորհը: Իրավական ու սոցիալական պետության գերխնդիրը պետք է լինի տնտեսության ու քաղաքականության տարանջատումը: Պետությունը պետք է իրականացնի վերահսկողի գործառույթներ, բայց և ազատ գործելու հնարավորություն ստեղծի տնտեսավարող օղակի համար: Հայաստանի պարագայում կառավարությունը սխալ գործելաոճ է ընտրել` աջակցություն է ցուցաբերվում փոքր ու միջին բիզնես ու դրան զուգահեռ չի կարողանում վերահսկել մեծ բիզնեսին, որ ոչ օրինական ճանապարհով ներկայացվում է միջին բիզնես ու թաքցնում սեփական եկամուտները: Բանկային համակարգի նման ցածր զարգացածության դեպքում իհարկե հնարավոր չէ սա: Պետք է դեն նետել ՓՄՁ-ին օժանդակություն ցուցաբերելուն ուղղված ոչ արդյունավետ կիրառություն ունեցող համակարգը, կամ էլ կարողանալ վերահսկել, որ զարտուղի ճանապարհներով մեծ ձեռնարկությունները չթաքցնեն իրենց եկամուտները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել