Երկար շարքերով ձգվում էին եգիպտական ստրուկների շարքերը, որոնք դանդաղ քայլերով հղկված քարեր էին տեղափոխում: Մի քանի ամիս շարունակ Փարավոնի ավագ քուրմ Կրատին անշարժ նստած էր տեղի բարձր բլուրներից մեկի վրա և ուշադիր հետևում էր ստրուկների աշխատանքին: Նա իր առջև նպատակ էր դրել արմատապես փոխել «պետություն» հասկացությունը, հազարամյակներով ամրապնդել քրմերի իշխանությունը, հպատակեցնել մոլորակի մարդկությանը:

Մի օր նա իջավ ներքև, փոխեց հագուստը, կեղծամ դրեց և ստրուկներին հսկող պահակին հրամայեց իրենց շղթաներ հագցնել: Այնուհետև մտավ ստրուկների շարքերի մեջ և սկսեց նրանց հետ հավասար աշխատել: Այդ ողջ ընթացքում նա հետևում էր Նարդ անունով մի երիտասարդ և ուժեղ ստրուկի: 
Այդպես երեք օր աշխատելուց հետո, երբ հոգնած վերադարձել էին ստրուկների բարաքներ, Կրատին հոգոց հանելով հարցրեց Նարդին.


-Մի՞թե սա հավերժ է տևելու:
Երիտասարդի աչքերը փայլեցին, և նա տեղից վեր ցատկեց:
-Իհարկե, ոչ: Ես պլան եմ մշակել, որի համաձայն մենք մի քանի ամսից ազատ մարդիկ կլինենք:
-Ի՞նչ պլանի մասին է խոսքը:
-Տես, մեր շարքը հսկում է ընդամենը մեկ զինված պահակ, որին սպանելը դժվար չի լինի: մենք կվերցնենք նրա զենքը և արդեն դրանով կզինաթափենք մյուս պահակներին, այդպիսով մենք զենք կունենանք և կկարողանանք կազմակերպված կերպով ապստամբել:
-Էհ, երիտասարդ, դու ի՞նչ ես կարծում, դժվար կլինի ճնշել մի քանի հազար հոգնած ու մասամբ զինված ստրուկների: Հարկ եղած դեպքում Փարավոնը մի ամբողջ բանակ կհանի մեր դեմ:
-Ես դա էլ եմ հաշվարկել: Ամեն օր տեսնում եմ, թե ինչպես են զինավարժություններ անցկացնում: Բանակը պատրաստվում է նոր պատերազմի: Արդեն նոր ստրուկների համար նոր բարաքներ են կառուցում: Բանակը կշարժվի երեք ամսից, և եթե հաղթանակած էլ վերադառնա, միևնույնն է, ուժասպառ եղած կլինեն և չեն կարող հարկ եղածի պես դիմադրել:
-Լավ, քո պլանները հանճարեղ են, իսկ ի՞նչ ես անելու հետո, երբ հաղթես բանակին և ազատություն ստանաս:
-Ես դրա մասին շատ չեմ մտածել, բայց մի բան գիտեմ՝ ստրուկները ազատ կլինեն, ազատները՝ ստրուկ:
-Դա ուրիշ,- ասաց Կրատին և ձևացրեց, թե քնում է:

Բայց նա այդ գիշեր չքնեց: Անընդհատ մտածմունքի մեջ էր: Եթե այդ մասին հայտներ Փարավոնին և երիտասարդին ձերբակալեին, դա դեռ հարցի լուծում չէր: Կհայտնվեին նոր առաջամարտիկներ և այդ ժամանակ հնարավոր չէր լինի բոլորին վերահսկել: Նրա ուղեղը այնքան էր տարված մտածելով, որ այլևս չէր զգում շղթաների ծանրությունն ու անհարմարությունը: Եվ հանկարծ նրա գլխում մի հանճարեղ միտք ծագեց, որի մասին մինչ այդ չէր մտածել: Նա որոշեց, որ առավոտ ևեթ նշանով կհասկացնի պահակին, որպեսզի իրենց ազատ արձակի և անմիջապես մնացյալ քրմերին և Փարավոնին խորհրդակցության կկանչի:
Հաջորդ առավոտ նա այդպես էլ արեց: Եվ երբ արդեն պալատում էր և բոլորը ներկա էին, նա սկսեց իր խոսքը.

-Նայեցեք,- ասաց Կրատին՝ Փարավոնին,- ներքևում շղթաներով կապված ստրուկների շարքեր են, որոնք քարեր են տեղափոխում: Նրանց հսկում են ոչ մեծաթիվ զինվորներ: Որքան շատ ստրուկ, այնքան լավ պետության համար. համենային դեպս մենք միշտ այդպես ենք կարծել: Բայց, որքան շատ են ստրուկները, այնքան ավելի շատ պետք է վախենալ ապստամբությունից: Մենք ուժեղացնում ենք հսկողությունը, մենք ստիպված լավ ենք կերակրում նրանց, որպեսզի ուժ ունենան ծանր աշխատանք կատարելու: Բայց նրանք, ամեն դեպքում ծույլ են և հակված են ապստամբելու: Նայեք, թե ինչ դանդաղ են նրանք շարժվում, իսկ ծուլացած պահակները չեն հարվածում նրանց մտրակներով և չեն ծեծում, նույնիսկ առողջներին: Բայց նրանք ավելի արագ կսկսեն շարժվել, նրանց հարկավոր չեն լինի պահակներ, պահակները նույնպես կվերածվեն ստրուկների: Դա կարելի է անել հետևյալ կերպ. թող այսօր, մայրամուտից առաջ, Փարավոնի անունից ուղերձ հրապարակվի, որում կասվի. «Գալիք լուսաբացից սկսած, բոլոր ստրուկների շնորհվում է ազատություն: Ամեն մի քարի համար, որը կբերվի քաղաք, ազատ մարդը կստանա մեկ մետաղադրամ: Մետաղադրամները կարող եք փոխանակել սննդի, հագուստի և քաղաքում կացարանի հետ: Այսուհետև, դուք ազատ մարդիկ եք»:
Քրմերից մեկը ապշահար արձագանքեց.
(մեջբերումը կլինի ռուսերենով՝ ասվածը ավելի պատկերավոր դարձնելու համար, քանի որ բնօրինակը ռուսերեն է)

- Ты демон, Кратий. Тобой задуманное демонизмом множество земных народов покроет.
- Пусть демон я, и мной задуманное пусть люди в будущем демократией зовут.

Հաջորդ օրը, առավոտյան քրմերը Փարավոնի հետ բարձրացան նույն բլրի վրա, որտեղ նստում էր Կրատին և նորից նայեցին ներքև: Պատկերը, որը բացվեց նրանց առջև, ցնցող էր: Հազարավոր մարդիկ, նախկին ստրուկներ, իրար հետ մրցելով քարշ էին տալիս այն նույն քարերը: Շատերը միանգամից երկուսն էին բերում: Որոշ պահակներ ևս զբաղված էին քար քարշ տալով: Մարդիկ իրենց ազատ էին զգում, չէ որ նրանց վրայից հանել էին շղթաները, խթանել էին, որպեսզի ավելի շատ գումար վաստակեն, որպեսզի կառուցեն իրենց երջանիկ ապագան:
Կրատին ևս մի քանի ամիս մնաց բլրի վրա՝ հետաքրքրությամբ հետևելով ներքևում տեղի ունեցող գործողություններին: Իսկ փոփոխություններն ակնհայտ էին: Ստրուկների մեծ մասը առանձին խմբեր էին կազմել, սայլեր էին պատրաստել և բարձել այն քարերով: «Նրանք դեռ շատ կկատարելագործվեն: Արդեն իրենց համար բժիշկներ են վարձում, որոնք բուժում են նրանց ստացած վնասվածքները և նրանք դրա համար վճարում են մետաղադրամներով: Որոշ ժամանակ անց իրենց ծառաներ կվարձեն և դատավորներ կընտրեն: Շուտով իրենց առաջնորդ կընտրեն: Թող ընտրեն, չէ որ իրենց ազատ մարդիկ են կարծում, բայց աշխատանքի բնույթը չի փոխվել. նրանք առաջվա պես քարեր են քարշ տալիս»,- գոհունակությամբ մտածում էր քուրմը: 
Նրանք այդպես էլ վազում են հազարամյակների միջով` քրտնաթոր, փոշու միջով՝ քարշ տալով ծանր սայլերը: Եվ այսօր, այդ ստրուկների հետնորդները շարունակում են իրենց աննպատակ վազքը:

«Демон Кратий» լեգենդը Վլադիմիր Մեգրեի՝ «Նոր քաղաքակրթություն» գրքից է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել