Մի բան ուզում եմ ամեն դեպքում ճշտել: Կա հին կիսամիֆական պատմություն այն մասին, որ իբր Թուրքիան Երկրորդ համաշխարհայինի ժամանակ եղել է Գերմանիայի դաշնակիցը, ինչպես որ իրոք էր Առաջինի ժամանակ: Հայաստանի բնակչության մեծ մասը ցայսօր այդպես է կարծում, բայց իրականությունը շատ ավելի բարդ է: Երկրորդ համաշխարհայինի սկզբում՝ 1939-40 թթ.-ին Թուրքիան համարվում էր ոչ թե Գերմանիայի, այլ Մեծ Բրիտանիայի հնարավոր դաշնակից: 1939-ին կնքվել էր փոխօգնության անգլո-ֆրանսա-թուրքական պայմանագիր: Համարվում էր, որ նա կարող է դառնա պատերազմի մասնակից Բալկաններում ընդդեմ Գերմանիայի: Գերմանացիների ուժեղացմանը զուգահեռ, Թուրքիայի դիրքը որոշակի փոփոխություններ կրեց դեպի ավելի չեզոք եւ գերմանասեր կողմ: Այս ժամանակվա դիրքից է, որ ծնվել է այդ պատումը, թե Թուրքիան սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքին, որպեսզի գերմանացիների կողմից միջամտեր պատերազմին: Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ որքանով ստույգ է այդ վարկածը, որը որպես անհերքելի փաստ ներկայացվում էր սովետական դասագրքերում: Գուցե իրոք ճիշտ էր, գուցե, ոչ, երբեք չեմ խորացել: Համենայն դեպս, որքան հիշում եմ մոբիլիզացիա Թուրքիայում անցկացվել է: Բայց ամեն դեպքում, գերմանական ուժի անկմանը զուգահեռ, թուրքերի քաղաքականությունը նորից վերադարձավ դեպի նախկին՝ հակագերմանական դիրք: Ի վերջո, Թուրքիան պաշտոնապես պատերազմ հայտարարեց Գերմանիային՝ 1945-ի փետրվարին: Ճիշտ է, սա կարելի է համարել ձեւական քայլ, որովհետեւ, ինչպես եւ Գերմանիային պատերազմ հայտարարած շատ երկրներ, օրինակ, Լատինական Ամերիկայի երկրները, թուրքերը բուն պատերազմական գործողություններին չեն մասնակցել: Այս ամենը գրեցի հիշողությամբ, գուցե որոշ դետալներ մոռացել եմ: Ի դեպ, եթե ճիշտ եմ հիշում, Նժդեհի բանակցությունները գերմանացիների հետ սկզբնական շրջանում նույնպես ընդգրկում էին թուրքական հարցը, քանի որ մինչեւ 41 թվի ամառ համարվում էր, որ գերմանացիները բախվելու են թուրքերի հետ: Ուզում եմ ասել, որ իրականությունը շատ ավելի բարդ էր, քան ներկայացվում էր սովետական դասագրքերում, եւ ժամանակն է դա ճանաչել, այլ ոչ թե կրկնել հնացած շաբլոնները: Ֆորմալ առումով Թուրքիան մինչեւ 45 թիվը պահպանեց չեզոքություն: Ընդ որում՝ այդ ընթացքում մերթ հակված էր հակագերմանական, մերթ էլ գերմանամետ դիրքերի: Իսկ 45-ի փետրվարից նա դարձավ մեկը Գերմանիային պատերազմ հայտարարած երկրներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել