Հասարակության առևտրականացումը հետխորհրդային Հայաստանում. Խորեն ԳրիգորյանՀասարակության առևտրականացումը Հետխորհրդային Հայաստանում տևական է և գետնանցումային վաճառատեղիները, վագոն-խանութները, սեղանիկ-վաճառատեղիները, ճամպրուկային առևտուրը արդիական են ու, այո, փողոցային առևտուրը հետխորհրդային Հայաստանի առևտրի մեծ մասն է կազմում:

Եթե նույնիսկ, որպես օրինակ, նշենք քարե մեծ խանութների առկայությունը, ապա կարելի է պնդել, որ ինտերիերի փոփոխությունը այդ փողոցային առևտրի նորմերից ոչինչ չի փոխել, միգուցե «Կածյա ծյոծյան» դարձել է «բեյջ» կրող «Եկատիրինայի», սակայն մշակութային առումով մեծամասամբ պահպանվել է այդ «Կածյա ծյոծյաների», «Գեղամի խանութների» մոդելը, որը նույնիսկ տարածվում է որոշ սուպերմարկետների վրա, որոնց մասին բոլորս գիտենք:

Խանութի արտաքին տեսքով կամ գեղեցկությամբ ու ապրանքների տեսականիով չի պայմանավորված փողոցային առևտուրը, այլ այն մշակությով, որը բնութագրական է այդ գեղեցիկ խանութներn աշխատացնողներին:

Բազարներ կարելի է անվանել ոչ միայն այն բոլոր շուկաները, որոնք այդ «տիտղոսի» կրողն են, այլ բոլոր այն վաճառատեղիները, որոնք գտնվում են մշակութային նույն կատեգորիայի վրա. բազար կարող են լինել և՛ սուպերմարկետները, և՛ Բրենդային խանութները, և՛ բացօթյա շուկաները և այլն: Բազարներում գնագոյացման հիմնական ցուցիչ չի կարելի նշել ո՛չ մրցակցությունը, ո՛չ էլ տնտեսական շահը: Այսպես՝ եթե ես զուգագուլպան ուզում եմ վաճառել 150 դրամով, ես կպայմանավորվեմ իմ կողքը կանգնած վաճառողի հետ, ով, ինչպես և ես, ապրանքի ներկրողն է և մենք այն կդարձնենք 150 դրամ: Հաշվի չի առնվի, որ այն գուցե 100 կամ 135 վաճառելը առավել ձեռնտու կլինի կամ մրցակցային դաշտ կառաջանա, որը նաև զարգացման տենդենց է հետապնդում: Այսօր կարևորը համայնքային պատկերացումներն են, իրարից չնեղանալը, մի կետի վրա կանգնելը, « ես հոգնած եմ իմ տեղը մի օր էլ ինքը յոլա կտանի» երևույթներն են. ահա և բազարային գնագոյացումը՝ ամեն ինչ համայնքային, ավանդական նորմերի հետ կապված:

Փողոցային առևտուրը պետք է լիներ անցումային շրջանին բնորոշ մի երևույթ, որը տնտեսության զարգացման հետ համընթաց պետք է ապրեր իր զարգացումը և ձևափոխվեր ավելի զարգացած մի այլ վիճակի: Գուցե այդ նոր առաջացածը ևս ընկալվեր որպես փողոցային առևտուր, բայց այն զարգացման ուղի պետք է անցներ: Իրականում սուպերմարկետիզացիա մեր երկրում անհնար է սպասել, քանի որ այդ սուպերմարկետի աշխատողը չի փոխվում, չի անցնում վերապատրաստման դասընթացներ հաճախորդի հետ շփման և այլն հարցերում: Այսինքն տեսականորեն նա նույն բազարային հասարակությունը ներկայացնող համայնքից է, ուղակի նրա բազարի անունը սուպերմարկետ է: Բնական է, որ որոշակի զարգացումներ տեղի են ունենում, որոնք ևս արտաքին գործոնների հետ են կապված մշակութային, սոցիալական նորամուծությունների առումով, սակայն ամբողջովին սուպերմարկետիզացիա տեղի չի ունենա, այդ սուպերմարկետները մեծամասամբ ինտերիերով և գեղեցիկ արտաքինով են միայն սուպերմարկետներ, իսկ ներսում նույն 19-րդ դարի ավանդական Հավլաբարի, Ղանթարի բազարներն են՝ համայնքային մտածողությամբ, կարծրատիպերով և վախերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել