Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինական հակամարտությունը և կարծես եկել են ընդհանուր համաձայնության: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչն է հիմք հանդիսացել կողմերի միջև փոխհամաձայնության համար, բայց փաստը մնում է փաստ, որ այդ հանդիպումից հետո Պուտինը կոչ է արել Ուկրաինայի արևելքում դաշնայնացման կողմնակիցներին հետաձգել մայիսի 11-ին նախատեսված հանրաքվեի անցկացումը: Ըստ ՌԴ նախագահի՝ դրանով հնարավոր կլինեն ստեծել պայմաններ Կիևի հետ երկխոսության համար: Բայց դրա հետ մեկտեղ Պուտինը նաև կոչ է արել Ուկրաինայի ներկայիս իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նախագահ Պուտինը այդ հանդիպման շրջանակներում ասել է նաև, թե Մոսկվան հետ է քաշել իր զինված ուժերը Ուկրաինայի սահմանների մոտակայքից: Այս ամբողջը դրական է գնահատվել Դիդյե Բուրկհալտերի կողմից, ով ասել է, թե սա քայլ է՝ ուղղված լարվածության թուլացմանը: Վերջինս իր հերթին ասել է, որ կազմակերպությունը շուտով կներկայացնի Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման «ճանապարհային քարտեզ»:

Այս բանակցությունների արդյունքին արդեն իսկ արձագանքել են թե´ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից», թե´ Կիևից: Դոնեցկում ասել են, որ իրենք այդ հարցը կքննարկեն մայիսի 8-ին` ելնելով Պուտինի հանդեպ հարգանքից, մինչդեռ Կիևը թերահավատորեն է մոտեցել Պուտինի գործողություններին և անկեղծությանը` թուլացնելու լարվածությունը հակամարտության շուրջ: Ուկրաինայի գործող վարչապետն այս առիթով նաև ասել է, թե պետք չէ օդը որպես առևտրի առարկա դարձնել, քանի որ դա չի սազում Պուտինին որպես մեծ երկրի ղեկավարի: Այլ կերպ ասած՝ Յացենյուկն ասել է, թե կոչ անելով, որ չանցկացվի մի հանրաքվե, որն իբր նախատեսված էլ չէ անցկացնել Ուկրաինայում, Ռուսաստանը ոչ մի դրական քայլ հակամարտության շրջանակներում չի անում և առավել ևս «լավություն» չի անում Կիևին:

Տեսեք, բանն այն է, որ Յացունյուկի դիրքորոշումը հասկանալի է: Ի վերջո, նա չէր էլ կարող այլ բան ասել: Դժվար թե Պուտինին շնորհակալություն հայտներ: Բայց այստեղ չեմ կարծում, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել հենց Յացենյուկի հայտարարությանը: Այստեղ շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ի վերջո ինչպես են համաձայնության եկել ԵԱՀԿ-ի գործող նախագահը և Պուտինը:

Շատերը սա գնահատում են որպես Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման գործնական արդյունք, իսկ ոմանք էլ որպես անկեղծ փոխզիջման գնալու դրևորված երկկողմ (Ռուսաստան-Արևմուտք) քաղաքական կամք: Դժվար է միանշանակ պատասխան տալ, բայց ամեն դեպքում ես հակված եմ մտածել, որ մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Պատժամիջոցներն ամեն դեպքում դեռ այնպիսի տեսքով և մասշտաբներով չէին, որպեսզի շեշտակիորեն կարողանային ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա, առավել ևս նման զգայուն խնդրի շուրջ: Մյուս կողմից շարունակական պատժամիջոցները վնասում էին և շարունակելու էին վնասել բոլոր կողմերին, իսկ այն, որ դա արդեն իսկ վնասում էր և´ Ռուսաստանին, և´ Արևմուտքին հայտարարվել է բազմիցս և տարբեր փորձագետների, պաշտոնյաների կողմից: Այնպես որ, առաջին տարբերակը, իմ կարծիքով, այդքան էլ համոզիչ չէ:

Ինչ վերաբերում է նրան, որ կողմերին վերջապես հաջողվել է դրսևորել քաղաքական կամք և շարժվել առաջ, ճիշտ է, հնչում է մի քիչ ռոմանտիկ, բայց մյուս կողմից այն լի է խոհեմությամբ: Ինչո՞ւ ոչ: Մեծ հաշվով երկուսն էլ հասկանում են, որ տվյալ ճգնաժամի շարունակականությամբ տուժում են բոլոր կողմերը` ելնելով օբյեկտիվ հանգամանքներից. աշխարհը փոխկապակցված է բառի ամենալայն իմաստով, իսկ փոխադարձ մեկուսացման փորձերը գործնականում չեն կարող գործել ստեղծված պայմաններում: Այնպես որ, սա էլ է տարբերակ:

Անկախ ամեն ինչից, սակայն, պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ նախկինում ևս կարծես եղել է փոխհամաձայնություն շահագրգիռ կողմերի միջև: Չմոռանանք Ժնևյան համաձայնագրերի մասին, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին` տարաբնույթ մեկնաբանությունների պատճառով: Այնպես որ, չի բացառվում, որ վերջին համաձայնությունը, որը եղավ երեկ ՌԴ նախագահի և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջև նույնպես կարող է արժանանալ Ժնևյան համաձայնագրերի ճակատագրին: Իհարկե, դա ցանկալի չէ, բայց համենայն դեպս բացառված էլ չէ: Կարճ ասած՝ իրական առաջընթաց հնարավոր կլինի արձանագրել այն ժամանակ, երբ տեսանելի կլինեն գործնականում քայլեր` ուղղված հակամարտության շուրջ լարվածության թուլացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել