Սիրելի հայրենակիցներ, 

Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա կապակցությամբ: 
Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում երկրապահի կատարած դերն իսկապես անգնահատելի է: Պատերազմի առաջին փուլում, երբ դեռևս չունեինք կանոնավոր բանակ, հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն առաջինը հենց մեր ազատամարտիկները ստանձնեցին և պատվով տարան այն: Մեր ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք, նաև նրանցից շատերի կյանքերի գնով, ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում և հպարտանալու ենք միշտ: 
Իմ խորին համոզմամբ՝ երկրապահը ոչ միայն կոչում է, այլ նաև հոգեվիճակ, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայորդի, ում համար Հայրենիքն ամենաթանկ գաղափարն է: Եվ այսօր, նշելով Երկրապահի օրը, մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհված ազատամարտիկների հիշատակին, այլև հերթական անգամ պարտավորություն ստանձնում պահպանելու այն ամենը, ինչը ձեռք է բերվել նաև նրանց կյանքերի գնով: Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:
Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ և այրիներ, 
այսօր նաև ձեր տոնն է, ձեր անհատնում համբերության և անկոտրում կամքի գնահատման օրը: Եվ շնորհավորելով ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ՝ երախտագիտությամբ խոնարհվում եմ ձեր առաջ: Դուք արժանի եք ամենաբարձր գնահատանքի և մեծարման: Վստահ եղեք, որ իմ ուժերի և հնարավորությունների սահմանում միշտ լինելու եմ ձեր կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել