Մինչ խորհրդարանական ընտրությունները մնացել է երեք, իսկ նախագահական ընտրությունները չորս տարի, բայց Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ հայտարարում է, որ հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը. 
1. Գագիկ Ծառուկյանը չի՞ հավատում, որ իր խնամի Հովիկ Աբրահամյանին կհաջողվի իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնց արդյունքում կբարձրանա կառավարության և ՀՀԿ-ի վարկանիշը: 
2. Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը բացառում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի բարձր վարկանիշ ունեցող միգուցե ոչ քաղաքական, բայց պետական գործիչ, ինչը հնարավորություն կտա ՀՀԿ-ին ստանալ հաղթական քվեներ, թե՞ պարոն Ծառուկյանը մտածում է, որ ՀՀԿ-ի ցուցակը անպայման գլխավորելու է իր խնամին:
3. Միգուցե մինչ ընտրությունները հասարակությունը հասկանա, որ քաղաքականությունը միայն բարեգործություններով չէ, իսկ Գագիկ Ծառուկյանի հիմնական քաղաքական կապիտալը բարեգործությունն է, և նա կորցնի իր քաղաքական վարկանիշը:
4. Եվ ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը բացառում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն միասնական ցուցակով կմասնակցեն: 
Ճիշտ է, երբեք չի կարելի բացառել արտահերթ ընտրություններ ունենալու տեսլականը, բայց այս պահին նման քաղաքական օրակարգ չկա և, վերլուծելով ներքին և արտաքին քաղաքական պրոցեսները, նման օրակարգ թերևս չի լինի:
Հ.Գ. Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում պատասխանատվություն կրել կամ կիսել իր խնամու գլխավորած կառավարության գործունեության համար, քանզի ինքն իր հոգու խորքում չի հավատում, որ Հովիկ Աբրահամյանը որևէ լուրջ բարեփոխում կամ լուրջ հաջողություն կունենա վարչապետի աթոռին, հետևաբար նա փորձում է քաղաքական անջրպետ առաջացնել իր և Հովիկ Աբրահամյանի միջև, բայց դա անել այնպես, որ իր խնամու քաղաքական դիրքերը չթուլանան սեփական քաղաքական թիմի ներսում: 
Նախկինում, երբ ԲՀԿ-ն քննադատում էր Հանրապետականին կամ կառավարությանը, մի շարք նախարարներ և պատգամավորներ խստագույնս քննադատում և պատասխանում էին ԲՀԿ-ին: Այսօր դա մենք չենք տեսնում, քանզի ակնհայտ երևում է, որ վարչապետն իր նախարարներին զգուշացրել է չպատասխանել ԲՀԿ-ին, իսկ Գագիկ Ծառուկյանի մասին խոսել մեծ հարգանքով կամ լռել: Հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին է խնայում և փորձում ուժեղացնել Գագիկ Ծառուկյանին՝ շատ լավ հասկանալով, որ իր քաղաքական հաջողությունների մեծ մասը գալիս է իրենից մի քանի անգամ ավելի բարձր քաղաքական վարկանիշ ունեցող իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել