Դեռ նախորդ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում դարձյալ անդրադարձել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ելույթին և ևս մեկ անգամ նշել, որ իրենք համարձակ քայլ են արել (խոսքն իբր ցավակցության մասին): Վերջինս ցանկություն էր հայտնել, որ հակառակ կողմը, ասել է թե, Հայաստանի Հանրապետությունը կամ էլ հայկական Սփյուռքը, «տեսներ իրենց համարձակ քայլը և նմանատիպ համարձակություն ցուցաբերեր»: Հիշեցման կարգով նշեմ, որ օրերս թեմային էր անդրադարձել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութողլուն անգլիական Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ և, կարելի է ասել, մեծ հաշվով կրկնել էր Էրդողանի հայտարարությունը և նույնպես ինչ-որ պատասխան քայլ ակնկալել Հայաստանից:

Ինձ մոտ այսպիսի հարց է առաջանում` ի՞նչ պատասխան քայլ է ակնկալում Թուրքիան Հայաստանից կամ էլ մեր Սփյուռքից: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, շատ հստակ պատասխան արդեն իսկ տվել է: Ասեմ ավելին, այդ պատասխանը եղել է բավական օպերատիվ, համապարփակ և հստակ: Ինչ վերաբերում է Սփյուռքի պատասխանին, ապա կարելի է ասել, որ դրսում ապրող մեր հայրենակիները՝ ի դեմս մի շարք առանցքային կառույցների կողմից արված հայտարարությունների, շատ ավելի կոշտ են արձագանքել դրան, քան ՀՀ-ն: Այնպես որ, այս պարագայում ես պարզապես չեմ հասկանում, թե այդուհանդերձ ինչ պատասխան քայլի մասին է խոսքը:

Հայությունը հստակ հասկացնել է տվել, որ ինքը Թուրքիայի «խայծն ուտողը չէ», և որ Թուրքիայի կողմից կոկորդիլոսի արցունքները չեն կարող դիտվել առաջընթաց, առավել ևս այն դեպքում, երբ դրանց զուգահեռ Թուրքիան նրբանկատորեն իր հայտարարության մեջ զոհերին հավասարեցնում է դահիճների հետ: Այնպես որ, եթե միջազգային հանրության շրջանում որևէ երկիր Թուրքիայի քայլը ընդունեց որպես առնվազն չնչին առաջընթաց (ԱՄՆ պետդեպն ու ԵՄ-ը ողջունեցին Թուրքիայի քայլը), ապա հայությունը ընկալեց դա որպես նոր փաթեթավորմամբ ներկայացված հին քաղաքականություն և ի լուր աշխարհի հայտնեց իր այդ ընկալման մասին:

Այնպես որ, լավ կլինի, որ Թուրքիան դադարեցնի Էրդողանի հայտարարության շահարկման վերաբերյալ իր անտեղի փորձերը, դադարեցնի «փաստարկներ» ներկայացնել, թե իբր ցանկանում է առաջընթաց գրանցել հայության հետ հարաբերություններում, քանի որ տվյալ քաղաքականությունը, առնվազն և ինձ համար, ամենակարևորը հայության համար համոզիչ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել