Ռուսաստանն արձագանքում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործողություններին: Ինչպես գիտեք, վերջին ժամանակներս ՆԱՏՕ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի հետ սահմանակից երկրներում, մասնավորապես Բալթյան երկրներում՝ պայմանավորված իբր Ուկրաինական հակամարտությամբ: ՆԱՏՕ-ի պնդմամբ՝ Ռուսաստանն իր գործողություններով վստանգում է տարածաշրջանի երկրների անվտանգությունը: Չնայած այն բանի, որ Ռուսաստանը մշտապես հերքել է իր կողմից ցանկացած պոտենցիալ վանգի առկայությունը տարածաշրջանում առկա երկրների համար, ՆԱՏՕ-ն, միևնույնն է, շարունակում է ամրապնդվել Արևելյան Եվրոպայում: Ռուսաստանն էլ իր հերթին, զգալով վտանգ սեփական անվտագության համար, նույնպես նախաձեռնում է որոշակի քայլեր: Ինչպես հայտնի է դարձել, լիտվական կողմից Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցրել է իրենց միջև փոխվստահության բարձրացման և անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը:

Երկուշաբթի օրը Լիտվայի պաշտպանության նախարարությունը ռուսական կողմից տեղեկացվել է, որ այսուհետ դադարեցվում է փոխվստահության բարձրացման և անվտանգության մասին իրենց միջև կնքված երկկողմ համաձայնագիրը, որը կնքվել է դեռ 2001թ.-ին: Ըստ Լիտվայի նախարարության պարզաբանման՝ այս համաձայնագիրը նախատեսում էր երկկողմ ռազմական կարողությունների մասին տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև երկկողմ ռազմական ստուգումների իրականացում: Այս համաձայնագրի իմաստը մեծ հաշվով այն էր, որ Ռուսաստանը պետք է Կալինինգրադում իր ռազմական կարողությունների մասին պատշաճ տեղեկատվություն տրամադրեր լիտվական կողմին, իսկ վերը նշված որոշմամբ դա փաստացի դուրս է գալիս օրակարգից:

Լիտվայի Ազգային պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնևիչիենին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից նման որոշումը պատասխան է ՆԱՏՕ-ին: Նախկին պաշտոնյայի խոսքերով, վերջին շրջանում Հյուսիսատլանտյան դաշինքը զորքեր է կուտակում Լիտվայում, Լատվիայում և Լեհաստանում, որն էլ, ըստ երևույթին, դարձել է Ռուսաստանի համար նման որոշում կայացնելու պատճառ:

Տեսեք, այս պարագայում ես համաձայն եմ Լիտվայի նախկին նախարարի հետ: Ասեմ ավելին, ես կարծում եմ, որ սա «Խաղերի տեսության» (ուսումնասիրում է ռացիոնալ դերակատարների կողմից օպտիմալ որոշումների ընդունումը մրցակցության ժամանակ) դասական օրինակ է: Ի վերջո, եթե ՆԱՏՕ-ն չի վստահում Ռուսաստանին, ապա ինչո՞ւ պետք է վերջինս վստահի ՆԱՏՕ-ին: Սա մի տեսակ կարծես մեզ հետ տանի Սառը պատերազմի դարաշրջան, երբ Սովետական Միությունն ու Արևմուտքը մրցակցում էին միմյանց հետ և ակտիվորեն սպառազինվում` ծախսելով ահռելի գումարներ և հենց առաջին հերթին այն պատճառով, որ առկա էր անվստահության մթնոլորտ կողմերի միջև: Ինչևէ, հանգիստ թողնենք Սառը պատերազմի դարաշրջանը և հուսանք, որ ամեն դեպքում այդ դարաշրջանի վերածնունդը հնարավոր կլինի կանխել, անկախ այն հոռետեսություն ներշնչող միտումից, որն այժմ առկա է միջազգային հարաբերություններում: Այլապես սրա այլընտրանքը կլինի աշխարհի հերթական սեգմենտացիան. կրկին բաժանարար գծեր կստեծվեն տարբեր բլոկերի միջև` հեռվացնելով ավելի սերտ փոխգործակցության, համագործացկության հեռանկարը տարբեր ժողովուրդների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել