«Խօսքը կատարեցեք,միայն մի լսեք ինքզինքդ խաբելով»
Յակոբո 1.22

-Սու~ս,կամաց,կլսե~ն: 
-Թող լսեն, ինչ է ես իրավունք չունեմ իմ ստվերի հետ բարձրաձայն խոսելու:
Ոչ, չունեմ, քանի որ նման խոսքեր բարձրաձայն չեն ասում, այդ բառերը պետք է շշնջալ, շշնջալ ականջին, պարանոցին, շրթունքներին...
Այդ բառերը ձայնի բարձրությունից վախենում են, փախչում թաքնվում են ստվերների ետևում ու կարող են տասնյակ տարներով համբերատար լռել`իրենց տեղը չբացահայտելու համար:
Երբ մի էլ օր շա~տ շա~տ մենակ կլինես, ստվերները կսկսեն խոսել քեզ հետ, ավելի ճիշտ կկրկնեն այն մի քանի բառը, որոնք տարիներով փակված են եղել հոգուդ ստվերոտ անկյոււններում “Սիրու~մ եմ, միակն ես, եկա~”:
Դու չես հավատա այդ ձայնին: Չես հավատա, որովհետև դրանք պետք է լինեն շուրթերի շշունջ, այլ ոչ թե ստվերների լեզվով ասված բառեր:
Չես հավատա, բայց հաճույքով կլսես, քանի որ այգ բառերի պահանջը կա,կա,կա..
Ու ստվերդ իր փոքրիկ ու նուրբ չափերով կփաթաթվի քեզ, ուրիշների աչքերից թաքնվելու համար:
Ներսումդ կսկսվի ստվերի լեզվով մի հեքիաթ-եղելություն, որը չլսելու քո ապարդյուն բազմաթիվ փորձերը հաջողությամբ չեն պսակվի:
Հիշում ես, մի անգամ մեր շքամուտքում համբուրվում էինք, վերելակից հանկարծ դուրս եկավ տատիկս ու ասաց.
- Բա եդ տղան մեղք չի, ամբողջ մարմնով ընկել ես վրան,տուն անցիր:
Չես հիշում:
Իսկ հիշում ես երբ ասացիր որ աշխարհում սկզբից գարեջուր,հետո նոր միայն ինձ ես սիրում:
Չես հիշում:
Հիշում ես երբ իմ ծննդյան օրը հայրս բոլորին հարցնում էր թե ինչ են սիրում, ինչով կցանկանային զբաղվել կյանքում դու պատասխանեցիր.
-Սիրում եմ Ձեր աղջկան ու կցանկանայի ամբողջ կյանքում զբաղվել նրան սիրելով:
Չես հիշում:
Հայրս սիրում էր հաճախ կրկնել.
-Կա՞ այն տղան,զբաղվում է իր սիրած գործով:
Լռում ես:
Խոսիր, մեղադրիր, որ այսքան տարիներ քեզ պահել եմ իմ մեջ, բղավիր, որ ճիշտ չեմ, չնայած մենակ եմ:
Մենակները միշտ ճիշտ են լինում:
Կան Սիրո, Պտղաբերության, Ռազմի, նույնիսկ գինարբուքի և այլ էլ չգիտեմ թե ինչ աստված-աստվածուհիներ: Բայց կա արդյոք Ստվերների աստված, եթե այո, ապա ես անպայման կերկրպագեմ միայն նրան: Եթե մինչ այժմ չի եղել, ապա թող լինի, թող լինի քո անունով, Լևո~ն, Լևո~ն:

Ինչը քեզ գրավեց: Միթե միայն այն, որ Գալաջյան Արշալույսի հայրը Բեյրութում կոճակի գործարան ունի, թե հենց ինքը`Արշալույսը, որի հետ տասը տարի սովորելու ընթացքում, նույնիսկ մեկ անգամ չես պարել հետը: Երբեք չէի կարող պատկերացնել, որ դու նորեկներին չսիրելով կարող ես ամուսնանալ նորեկի հետ: 
Լսում ես:

<Խոսում է Ամերիկայի ձայնը…ամեն առավոտ ժամը 7.55 Երևանի ժամանակով և 4.55 Բեjրութի ժամանակով,միջին ալիք MW 1232 kHz,,ամեն երեկոյ ժամը 7.15 կարճ ալիք SW 25m 12020 kHz ետևեցեք ռատիօյեն մեր նորություններուն:>

Աչքերը բացեց: Ժամը ութն անց է տաս րոպե: Սովորականից տաս րոպե ուշ:
Տղամարդու ձեռքերի կարոտ մարմինը հաճելի թմբիրի մեջ էր: Կարծես ամբողջ գիշեր նրա մարմինը սիրել էին ինչ որ տարօրինակ ձեռքեր: Ու այդ ձեռքերի թողած հաճելի զգացումը սովորական ձեռքերից ստացված հաճույք չէր, այլ հաճույք ձեռնոցներ հագած ձեռքերից:
Սառը լոգանքը մի քիչ թարմացրեց:
Մարմինը պիրկ էր:
Գեղեցիկ,բայց լքված:
Հայելու մեջ տեսավ իրեն,գոհ չէր իր արտաքինից,ավելին էր սպասում:
Հագավ իր ամենակարճ շրջազգեստը (Լևոնը կարճ սիրում է) մազերն էլ այս անգամ հարդարեց ինչպես որ առաջներում,նայեց հայելուն:
Հիմա գոհ էր իր արտաքինից:
Ստվերը չկար:
Մենակ էր:
“Մենակները միշտ ճիշտ են լինում”-մտածեց ու դուրս եկավ բնակարանից:
Հիմա, երբ դուռը փակի, անպայման հենց այդ վայրկյանին կբացվի մի հարկ ներքևում ապրող հարևանի դուռը, (ինքը վաղուց է նկատել, որ հարևանի տղան այդ ժամին դռան ետևում միշտ սպասում է դռան փակվելու ձայնին) դուրս կգա հարևանի 18-ամյա տղան, ու ինչպես ամեն օր իբր բարևելու համար, իր անպատկառ աչքերը կգցի վերևից իջնող իմ ոտքերին, կնայի ավելի խորը տեսնելու ցանկությամբ:
Թող նայի:
Վաղը կամ մյուս օրն էլ նա է դառնալու ինչ որ մեկի ստվերը, ստվերոտ ձեռնոցներով մի նոր Լևոն, ու երբ նրա հետ էլ գիշերները լուռ վիճեն, արդեն դուրս կգա տանից աչքերը խոնարհած, գլուխը կախ, կգնա փնտրելու ինչ որ մեկի ստվերում թաքնվելու ապահով տեղ:
Հաստատ կգտնի:
Եթե հայրը կենդանի լիներ ու իրեն տեսներ այս տեսքով և կարճ շրջազգեստով, հաշվապահի իր բարի աչքերը կկոցած կհարցներ.
-Կա՞ այն տղան,զբաղվում է իր սիրած գործով:
-Այո կա, զբաղվում է իր սիրած գործով` Բեյրութի ֆաբրիկաներից մեկում: Հեռու~, բայց այնքան մոտիկ: Ամեն գիշեր հիշում է ինձ,-կպատասխաներ ինքը: 
Ստվերը չկար...բայց մի հարկ ներքև սպասումի զույգ ստվերոտ աչքեր անհանգիստ էին:
Անհանգիստ էին, քանի որ սովորական դարձած ժամից ինքն ուշացել էր 10 րոպեով:
Զգացումն այնպիսին էր, որ կարծես ինքն ընդհանրապես ուշացել է ամեն ինչից: 

Երթուղային տաքսիում նստելու տեղ չկար:Վարորդն էլ չսափրված,սպորտային կեղտոտ հագուստով էր:
<Խոսում է ….արություն ռադիոկայանը: Հաղորդում ենք թարմ լուրեր:>

Անտիկվար ընդունիչ է, որտեղից էլ ճարել է: Ինչ ռադիոկայան էր, չլսեցի <Բարություն>, <Չարություն> թե <Արդարություն>:

<Այսօր ժամը 7,50 րոպեին Մ.Խորենացու 47ա շենքի, 2-րդ մուտքի 7-րդ հարկի պատշգամբից, առայժմ չպարզված հանգամանքներում ,ընկել է 1971թ. ծնված Նարինե Վարդանի Մարգարյանի տրամադրությունը: Դեպքի վայր ժամանած Փրկարարական ջոկատին չի հաջողվել փրկել ջարդուփշուր եղած տրամադրությունը: Դեպքի մանրամասները ճշտվում են:>

Լիքը լցված ուղևորներից մեկի ձեռքը զգուշորեն սկսեց փորձեր անել շոյելու աջ սրունքը:
Թող ձեռք տա, տեսնեմ դու`իմ անձնական ստվերս խանդոտ ես թե ոչ:

Հիշում ես մի անգամ ինձ ասացիր որ ձեռքերով չի կարելի դիպչել միայն թանգարանային նմուշներին, իսկ դու նմուշ չես,ուրեմն..
Մի անգամ էլ, երբ մեր դասարանի իմ հարևան Աղասը ասաց <Նարինեին, ձեռք չտաս>, դու պատասխանեցիր.
-Բա ինչպես սիրեմ:
-Լուռ,-պատասխանեց միամիտ Աղասը:
-Լուռ տառապում են, իսկ ես բարձրաձայն եմ սիրելու:

Ստվերները չեն խոսում, նրանք խանդ են սրսկում փշրված տրամադրության ամեն մի փոքրիկ կտորի մեջ:
Ստվերները հիշողության քաղցր տակառի խորքերից բարձրացնում ու օդ են շպրտում արդեն վաղուց փայփայանք չստացած հիշողության մասնիկներին:
Այդ մասնիկներն օդում միավորվելով դառնում են մի աներևույթ զանգված ու քեզ փաթաթված,քեզ հետ քայլում են,քեզ հետ քնում,քեզ հետ խոսում:
Նրանք սովոր են ստվեր կոչվելու:

Ուշացել եմ 25 րոպե:
-Շեֆը քեզ էր հարցնում,-Մայրանուշը շեֆի գործավարուհին է:
Տեսնես սրա ստվերն էլ է իր նման ճմրթված:
-Եթե մի անգամ էլ ուշանաս..,-սա իմ առաջին ուշացումն է, չեմ հասկանում թե ինչ է ակնարկում խիստ ու թթու այս դեմքը:
Իհարկե չեմ ուշանա, էլ երբեք չեմ ուշանա ընդհանրապես:

-Կուշանաս,-ստվերս կողքս էր:
-Չեմ ցանկանում քեզ հետ խոսել,չեմ ուզւմ,-բղավեց լռությունս:
-Սու~ս, կամաց կլսեն,ավելի լավ է նայիր շեֆիդ սեղանին:

Սեղանի անկյունում մի մեծ ծրար էր, որը չհասկացա ինչպես բարձրացավ ու հայտնվեց իմ ձեռքում:
Բեյրութից էր:
Ծրարը բացելիս մատներս դողում էին,ստվերս էլ չկա: Մենակ եմ ու դրանից դողս շատանում է:
Բայց մենակ չեմ,նամակն ինձ հետ է:

< Հայաստանի Հանրապետության Սեյսմիկ Ազգային Պաշտպանության պետ`
պարոն Սաֆյանին

Հարգելի պարոն Սաֆյան

Ձեզի տեղյակ կպահինք, որ պօլօրօվին վերճերս Պիբլիական 2 քաղաքներու կործանման նօր վարկած է հայտնված:
Գերմանո յայտնի ջանապարհորդ Էրիխ ֆօն Դենեկենը միտք է յայտնել որ Սօդօմն ու Գօմօռը կործանվել են միջուկային պայթունեն,ինչպես Ջապոնի Հերոսիմ և Նագասակ քաղաքները:
Հարգանքներով
Լիբանանի Սեյսմո կենտրոնի տնօրեն
Գ.Շահ Բազի >

Ներս մտավ թթված դեմքով շեֆս:
-Ցրված ես ինչպես երբեք,այդ նամակն ինչու վերցրեցիր, սա է քեզ հասցեագրված:

< N148 դպրոցի 1988 թ,շրջանավարտներին 
Ս.թ. մայիսի 29-ին տեղի է ունենալու դպրոցի շրջանավարտների հավաք:
Բոլորի ներկայությունը պարտադիր է:

Հ.Գ. 
Դպրոցի վարչակազմը հավաստիացնում է, որ Հայաստանից դուրս ապրող բոլոր շրջանավարտներից ստացվել են համաձայնագրեր:
N148 դպրոցի Վարչակազմ >

Վերջաբան

-Կա այն տղան,զբաղվում է իր սիրած գործով:
Կա,կա,իհարկե կա:
Կա ու կգա զբաղվելու իր սիրած գործով,ու թող խոսեն ստվերները,եթե սիրում են խոսել:
Թող ամեն մեկը զբաղվի իր սիրած գործով:
Ես չեմ ուշացել,ես էլ երբեք չեմ ուշանալու:
…ու ինչքան ցանկանում են թող խոսեն ստվերները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել