Ուկրաինական ճգնաժամը Օդեսայի դեպքերից հետո էլ ավելի է խորանում և բարդանում: Ժամանակը ցույց է տալիս, որ ուժային լուծման ցանկացած փորձ պարզապես ավելի է բարդացնում ճգնաժամի արագ, խաղաղ և բոլոր կողմերի համար քիչ թե շատ ընդունելի հանգուցալուծումը:

«Արևելյան ճակատ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նիկոլայ Սոլնցևը հայտարարել է, որ Դոնեցկի իշխանությունները (նկատի ունի ինքնահռչակ «Դոնեցկի Հանրապետության» իշխանությունները) հայտարարել են հանրապետական բանակի առաջին գնդի կազմավորման մասին, որը պետք է միացնի առկա բոլոր ինքնապաշտպանական ջոկատները: Վերջինիս խոսքերով, իր շարժման անդամներից արդեն 800 համալրել են այդ գնդի շարքերը:

Հասկանալի է, որ նման գործընթացները ներկայիս իրավիճակում անխուսափելի են: Եթե Ուկրաինայի իշխանությունները փաստացի օգտագործում են բանակը՝ ճնշելու «ապստամբ-ցուցարարներին», ապա այդ մարդկանց այլ ելք չի մնում, քան ինքնակազմակերպվել և տալ հակահարված: Այս պարագայում նույնիսկ երկրորդական հարց է, թե ում ուղղակի աջակցությամբ: Նկատի ունեմ, անկախ նրանից՝ ռուսներն օգնո՞ւմ են այս հարցերում, թե՝ ոչ, ունե՞ն ուղղակի ներգրավվածություն, թե՝ ոչ, հանգամանքներն այնպես են դասավորված, որ հարավ-արևելքում առկա, այսպես կոչված, ապստամբների կողմից միավորման ու ավելի կազմակերպված պայքար մղելուն ուղղված քայլերը դարձել են հրամայական:

Սրան ի հավելումն ցանկանում եմ նշել, որ վերջին դեպքերի համատեքստում Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին էլ հարավարևելյան ութ շրջանների (Դոնեցկ, Լուգանսկ, Դնեպրոպետրովսկ, Զապորոժիե, Խարկով, Խերսոն, Օդեսա, Նիկոլաև) ղեկավարներին կոչ է արել հրավիրել ներշրջանային համագումար՝ քննարկելու ինքնապաշտպանության ուժերի համատեղ շտաբ ստեծելու մասին հարցը, որի նպատակը, ըստ Կոլոմոյսկինի, այս շրջաններում մարդկանց իրավունքների պաշտպանությունն է:

Սա էլ իր հերթին ապացուցում է, որ ուժային միջոցները ոչ միայն արդյունավետ չեն, այլև դեռ մի բան էլ սադրում են հարավարևելյան շրջանների միավորումը: Այս համատեքստում հարկ է նշել, որ Դնեպրոպետրովսկը մինչ այժմ այդքան էլ ակտիվ չէր դաշնայնացման համար մի շարք այլ հարավարևելյան շրջանների կողմից տարվող պայքարում, բայց արի ու տես, որ վերջին զարգացումներից հետո հենց այս շրջանն է, որ միավորման կոչ է անում մյուսներին:

Վաղուց արդեն շատերը խոսում են Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի դե ֆակտո ընթացքի մասին, սակայն ինքս միշտ փորձել եմ խուսափել նման ձևակերպումներից, բայց վերջին դեպքերից հետո ստեղծված և ստեղծվող իրավիճակը, ուզենք, թե չուզենք, նմանվում է ոչ ավելի, ոչ պակաս, քան դասական քաղաքացիական պատերազմի: Կիևն արդեն իսկ գործում է տվյալ տրամաբանությամբ՝ իրականացնելով, այսպես կոչված, ուժային հատուկ գործողություններ, իսկ երկրի հարավ-արևելքն էլ իր հերթին պատրաստվում է պատշաճ հակահարված տալ Կիևին՝ ինքնակազմակերպման և միավորման միջոցով:

Դժբախտաբար, իրականությունը հոռետեսական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել