Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից տարվող ներկայիս քաղաքականությունը Դաշինքին ստիպում է վերանայել իր հարաբերություններն ու մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս ասել էր, որ իրենք ստիպված են Ռուսաստանին դիտարկել ոչ որպես գործընկեր, այլ որպես հակառակորդ: Վաշինգտոնից, սակայն, երեկ հասցրել են շտապ անդրադառնալ այս հարցին և զգալիորեն մեղմացնել առկա և ձևավորվող լարված մթնոլորտը Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ դերծովակալ Ջոն Կիրբին, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հայտարարությունը, ասել է մասնավորապես հետևյալը. «ԱՄՆ-ն համաձայն չէ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ և մտահոգ է հարևան երկրի նկատմամբ նրա գործողությունների կապակցությամբ, և չնայած դրան, նրան չի համարում իր հակառակորդը, առավել ևս` թշնամին»: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ի հակառակորդները գտնվում են Աֆղանստանում` նկատի ունենալով «Ալ-Քաիդայի», ինչպես նաև «Թալիբան» շարժման ահաբեկիչներին:

Կարծում եմ` Վաշինգոտնի կողմից նման հայտարարությունը բավական ռացիոնալ քայլ է: Նախ առաջին հերթին Ռուսաստանին թշնամի հռչակելը ոչ մի կերպ չի կարող նպաստել Ուկրաինական ճգնաժամի հարցում որևէ առաջընթացի և դեռ մի բան էլ կարող է էլ ավելի բարդացնել դրա կարգավորումը: Երկրորդ` ավելի գլոբալ իմաստով, «Սառը պատերազմ -2» ոչ ոքին էլ պետք չէ: Այսօրվա դրությամբ մեր գլոբալիզացված և դեռ գլոբալիզացվող աշխարհում, որը հանգեցրել է ամուր փոխկապակցվածության, անհնար է առանց լուրջ, հեղափոխական համակարգային փոփոխությունների սեգմենտավորել աշխարհը: Դեռ նման բան չկա, բայց արևմուտյան մի շարք երկրներ արդեն իսկ մտավախություն ունեն Ռուսաստանի նկատմամբ շարունակական տնտեսական պատժամիջոցները, ինչպես նաև մեկուսացման վերաբերյալ: Այնպես որ, ես չեմ կարծում, որ աշխարհը պատրաստ է նման փոփոխությունների: Սա հարցի դեռ միայն տնտեսական զարգացման մասով:

Այնպես որ, շատ կարևոր է, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վատթարացումը չանցնի թույլատրելիի սահմանները, և այս կապացությամբ Պենտագոնի կողմից արված վերջին հայտարարությունը պետք է բարձր գնահատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել