Ազատության մեջ ծնվածների համար մամուլի ազատությունը բնական և օրինաչափ երևույթ է: Այն ժողովրդավարության առաջին ձեռքբերումներից է, նրա ուղին հարթողն ու յուրօրինակ ցուցիչը: Մամուլի ազատությունը շատ կարևոր է, որովհետև ազատ խոսքի, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը ապահովվում է մամուլի ազատությամբ: Եվ ինչպես իշխանության 3 թևերը, նույնպես և մամուլը, որպես 4-րդ իշխանություն, ոչինչ է առանց վստահության և ժողովրդականության: Եթե քաղաքացին չի վստահում թերթին, հեռուստատեսությանը, ռադիոյին, չի կարդում, չի դիտում, չի լսում, ապա մամուլը պարզապես չի կարող ծառայել քաղաքացուն: Այլ կերպ ասած, երբ քաղաքացին մամուլին չի վերաբերում որպես իշխանության, ապա վերջինը չի կարող ծառայել քաղաքացուն որպես ազատ մամուլ: Եվ հակառակը, երբ մամուլը չորրորդ իշխանության պատասխանատվության գիտակցում չունի, երբ չի ծառայում հասարակությանը, չի բավարարում նրա տեղեկացված, իրազեկված լինելու ծարավը, ապա հասարակությունը չի վստահում մամուլին և նրա գոյությունը դառնում է անիմաստ ու ավելորդ: Մեր երկրում մամուլի ազատության ձեռքբերումներն ակնառու են և բարձր են գնահատվում ակտիվ քաղաքացու կողմից, քանի որ մամուլի միջոցով են բարձրացվում դժվար լուծելի, նույնիսկ՝ համակարգային հարցեր և կանխվում բազմաթիվ արատավոր երևույթներ: Իսկ մամուլի ազատության իրավունքն իրացնելն ամբողջապես լրագրողի խնդիրն է: Հավատարիմ մնանք մեր բարձր կոչմանը, պատվով կատարենք մեր գործը, ընթերցողին ու հեռուստադիտողին հաղորդենք լիարժեք, առարկայական տեղեկություն, գտնենք քաղաքացուն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխաններն ու պայքարենք մեր խոսքը տեղ հասցնելու անկապտելի, Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորված իրավունքի համար: Շնորհավոր մամուլի ազատության օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել