Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Ֆրիդըմ հաուս» կազմակերպությունը մեր երկրում մամուլի վիճակը գնահատում է որպես ոչ ազատ: Թե ինչ չափանիշներով է առաջնորդվում և առհասարակ ինչ մեթոդաբանություն է դնում իր գնահատականի հիմքում այս կառույցը, տակավին անհասկանալի է: Փաստորեն, ստացվում է, որ ընդամենը երկու տարի առաջ մենք մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում էինք, իսկ այժմ, չգիտես՝ ինչու, հայտնվել ենք «ոչ ազատների» դաշտում: Այս առումով հատկանշական է այն, թե 2012թ. համեմատությամբ հատակապես ինչ ցուցանիշներ են անկում ունեցել կամ ինչ «նշանակալի» փոփոխության արդյունքում ենք նման որակական հետընթաց արձանագրել: Բնականաբար, երկար փնտրելով, այդպես էլ չհաջողվեց գտնել քիչ թե շատ արժանահիշատակ որևէ փաստարկ, որը կարող էր հիմնավորել «Ֆրիդըմ հաուսի» գնահատականը:
Ինչ խոսք, ես հեռու եմ այն մտքից, որ մեր երկիրը մամուլի ազատության մակարդակով պետք է համեմատվի ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեցող հասարակությունների հետ, սակայն ակնհայտ է, որ մենք այս առումով չպետք է գտնվենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ նույն հարթության վրա, քանի որ այդ երկրներում մամուլի ազատության սահմանափակման գործող նորմերի, տարաբնույթ ճնշումների մասին գրեթե ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, թե՛ միջազգային կազմակերպությունները:
Դժվար է միանշանակ բացատրել, թե ինչ սկզբունքներով կամ դրդապատճառներով է առաջնորդվել «Ֆրիդըմ հաուսը», բայց ակնհայտ է, որ նրա կողմից տված գնահատականը` մեր երկրում մամուլի ազատության մակարդակի վերաբերյալ բավականաչափ օբյեկտիվ չէ, և չի արտահայտում տվյալ ոլորտում առկան իրերի կարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել