Գերմանիան հայտնվել է երկու քարի արանքում: Մի կողմից, գտնվելով արևմտյան բլոկում, պետք է ցուցաբերի համապատասխան դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ, մյուս կողմից, այդ «համապատասխան դիրքորոշումը» ցուցաբերելը, ըստ էության, դարձել է անհնար` ելնելով մի շարք ներքին, օբյեկտիվ հանգամանքներից: Մի խոսքով, տարբեր կողմերից այդ երկրի հանդեպ՝ ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի, գործադրվում են լուրջ ճնշումներ:

Բանն այն է, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն ցանկանում է կոնսոլիդացնել արևմտյան բլոկի բոլոր երկրների ուժերը և միահամուռ ջանքերով տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ` այդպիսով ստիպելով վերջինիս «նահանջել» Ուկրաինայի հարցում: Այսօր Վաշինգտոնում նույնիսկ սպասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվի նաև տվյալ հարցը: Մյուս կողմից, սակայն, խոշոր բիզնեսը Գերմանիայում BASF-ը, Siemens-ը, Volkswagen-ը, Adidas-ը ինչպես նաև Deutsche Bank դեմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը և նույնիսկ պահանջում մեղմացնել արդեն իսկ գործող պատժամիջոցները: «Գերմանիայի ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Էկհարդ Կորդեսը հայտարարել է, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծել այս հարցը (Ուկրաինական ճգնաժամը) խաղաղ ճանապարհով:

Մի խոսքով, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Արևմուտքը պարզապես օբյեկտիվորեն չի կարողանում միասնական դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ: Ամերիկյան Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Մերկելն Օբամայի հետ սպասվելիք հանդիպման ժամանակ փորձելու է բացատրել, որ Գերմանիան չի կարող շարունակել վատթարացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այլ կերպ ասած՝ մեզանից «ձեռք քաշեք»: Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե Մերկելն Օբամային կոնկրետ ինչ կասի, բայց փաստը մնում է փաստ, որ Մերկելը պարզապես չի կարող հանուն ԱՄՆ-ի դեմ դուրս գալ սեփական տնտեսվարողների, ինչպես նաև, վերջին հաշվով, սեփական պետության դեմ, քանի որ ցանկացած բացասական զարգացում Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջին հերթին բացասաբար անդրադառնալու է հենց Գերմանիայի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

Կարճ ասած՝ Գերմանիան` Մերկելը, կանգնած է երկընտրանքի առջև: Մի կողմից Գերմանիայի հեղինակության հարցն է միջազգային հանրության շրջանում, ինչպես նաև դաշնակցային հարաբերությունները արևմտյան բլոկի երկրների և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ, մյուս կողմից էլ Գերմանիայի խոշոր բիզնեսի անմիջական շահերն են, որոնց անտեսումը թանկ կնստի թե՛ Մերկելի վրա՝ որպես քաղաքական գործչի, թե՛ ամբողջ պետության վրա առհասարակ` տնտեսության վրա բացասական անդրադարձի տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել