ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին վրդովեցրել է ԱԺ փոխնախագահ Շարմազանովի այն պնդումը, որ միայն hանրապետականի միջոցով կարելի է երկրում հասնել բարձրագույն իշխանության: Ուրիխանյանը նաև պարզաբանում է պահանջել ՀՀԿ-ից՝ հավակնոտ հայտարարությունների համար: Փաստորեն՝ Ուրիխանյանը վիրավորվել է մի երևույթից, որին հասնելու համար ջանք չխնայեց՝ հարազատ կուսակցության հետ միասին:

Տարիներ շարունակ, լինելով կոալիցիոն կառավարության անդամ, ԲՀԿ-ն լռելյայն տարավ երկրի հանրապետականացման գործընթացը, լուռումունջ հետևեց, թե ինչպես է երկրում բռնաբարվում ընտրական իրավունքը, կոալիցիայի կազմում դակեց այն բոլոր օրենքները, որոնք ներկայացվում էին ՀՀԿ-ի կողմից: Այսօր արդեն քառյակի կազմում հակահանրապետական պայքարի առաջամարտիկ ԲՀԿ-ն խորհրդարանում մեկ մարդու նման կողմ քվեարկեց նույն ՀՀԿ-ի առանցքային դեմքերից մեկին՝ Գալուստ Սահակյանին: Երբ հակաիշխանական պայքարի կարևորագույն փուլում ձեր կուսակցությունը խայտառակ արդյունքներ է արձանագրում ԱԺ ընտրություններում, միթե դուք իրավունք ունեք պարզաբանումներ պահանջելու ՀՀԿ-ից:

Առջևում կառավարության ծրագրի քննարկումն է: Եթե Գալուստ Սահակյանին չկարողացաք դեմ քվեարկել՝ հետաքրքիր է, ինչպես եք դեմ քվեարկելու կառավարության ծրագրին: Վստահ եմ, որ կրկին ձեզ կթույլատրվի քվեարկել «ազատ կամոք», և կկանգնենք նույն տխուր խճանկարի առաջ:

Եթե պայքարի ամենավճռական փուլերում չկարողացաք վերկանգնել ձեր ներքին խմբային շահերից և ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում, հետաքրքիր է՝ ինչպես եք մանր, լոկալ տունտունիկային կռիվներում պայքարելու ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի դեմ:

Այս պայմաններում ես իսկապես համաձայն չեմ Շարմազանովի հետ, ՀՀԿ-ն ոչ թե տաս, հազար տարի էլ կիշխի: Շատ հարմար իրավիճակ է՝ ՀՀԿ-ն իշխում է, դուք պայքարում եք, բայց բեկումնային պահերին նպաստում եք ՀՀԿ-ի վերարտադրությանը:

Համ գայլերն են կուշտ մնում, համ ոչխարները՝ կենդանի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել