Ադրբեջանը ուշագրավ բացահայտումներ է անում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ: Այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեմդյարովը Վիշեգրադյան խմբի և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին, ասել է, թե իբր այն, ինչ իրենց առաջարկվում էր և առաջարկվում է ասոցացման պայմանագրվով չի բխում ո´չ իրենց, ո´չ էլ ԵՄ-ի շահերից: Վերջինս, այնուամենայնիվ, ասել է, որ իրենք պատրաստակամ են ԵՄ-ի հետ համագործակցելու` ընդլայնելու երկկողմ ռազմավարական հարաբերությունները: Կարճ ասած՝ Մամեմդյարովն ասել է այն, ինչը բազմիցս հնչել էր Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից, և ոչ մի նորություն այս առումով չի եղել: Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը բացել է որոշ փակագծեր և, կարելի է ասել, խոսել է ասոցացման պայմանագրի չստորագրման իրական դրդապատճառի մասին: Եթե նույնիսկ դա իրական դրդապատճառը չէ, ապա առնվազն բավական լուրջ պատրվակ է` չստորագրելու համար ԵՄ-ի հետ այդ փաստաթուղթը:

Այսպիսով՝ Նովրուզ Մամեդովը ասել է, թե իբր Արևմուտքը ցանկացել է, որ իրենք գնան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, սակայն դրանից հանվել է իրենց տարածքային ամբողջականության հարցը: Վերջինս այս կապացությամբ ասել է մասնավորապես հետևյալը. «ԵՄ-ն ավելի քան 15 տարի՝ ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, սակայն վերջին շրջանում չի ցանկանում ընդունել դա: Ինչպե՞ս հասկանալ: Ինչպե՞ս է ստացվում, որ խոշոր երկրների ղեկավարները, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, յուրաքանչյուր ժամը մեկ հայտարարություն են արել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, քանիցս պահանջել են պահպանել միջազգային իրավունքը, սկսել են ձեռնարկել կոնկրետ միջեցներ: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա նրանցից և ոչ մեկն էլ անգամ չի գործածում հետևյալ արտահայտությունը. «Այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում»: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է նման երկակի մոտեցում ցուցաբերվում այդ հարցին: Մենք արդեն սկսել ենք մտածել, թե արդյո՞ք ճիշտ ուղի ենք ընտրել, որ բախվում ենք նման երկակի վերաբերմունքի»:

Փաստորեն, ըստ Մամեդովի, ով, ըստ էության, բավական լուրջ դեմք է Ադրբեջանի քաղաքական դաշտում, մեր հարևան երկիրն իրականում ոչ թե այս պայմանագիրը չի ստորագրել այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունը կամ էլ ցանկությունը չունի, ինչպես որ հաճախակի ասվում էր Բաքվից, այլ այն պատճառով, որ ԵՄ-ն իբր ոչ այնքան ցանկալի կետերի է ներառել այդ պայմանագրում, կամ էլ հակառակը, Ադրբեջանի համար առանցքային նշանակություն ունեցող որոշ կետեր պարզապես չի ներառել: Սա, ինչ խոսք, շատ կարևոր ուշագրավ հանգամանք է, բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ հիմնական պատճառը եղել է հենց այս հանգամանքը: Սա կարող էր լինել առիթ, բայց ոչ` պատճառ:

Ի վերջո, եթե մեզ հետ էլ կնքվեր նմանատիպ համաձայնագիր, ոչ ոք չէր ճանաչելու Արցախը որպես Հայաստանի մաս կամ էլ առանձին պետություն: Արցախի հակամարտությունն այնպիսի խնդիր է, որն ուղղակիորեն չի առնչվում ԵՄ-Ադրբեջան կամ էլ ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետ: Սովորաբար այդ հարաբերություններում լռելյայն ընդունվում է առկա ստատուս քվոն և վերջ: Այնպես որ, ինչպես քիչ առաջ ասացի, այստեղ կարող է լինել շատ ավելի լուրջ պատճառ, որը, ըստ երևույթին, կարծես ակնարկվում է Մամեդովի կողմից: Փորձեմ պարզաբանել:

Տեսեք ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան իր հայտարարության մեջ բավական ուշագրավ բան է ասում: Խոսքը հայտարարության հետևյալ մասին է վերաբերում` «Ինչո՞ւ: Ինչո՞ւ է նման երկակի մոտեցում ցուցաբերվում այդ հարցին: Մենք արդեն սկսել ենք մտածել, թե արդյոք ճիշտ ուղի՞ ենք ընտրել, որ բախվում ենք նման երկակի վերաբերմունքի»: Իմ կարծիքով ,Մամեդովն ակնարկում է, որ իրենք կարող են և շրջվել դեպի Արևելք` Ռուսաստան: Այլ կերպ ասած, եթե մեր ընտրած ուղին` Եվրոպան, մեր հանդեպ վարվում է անարդար, ապա մենք կփորձենք լեզու գտնել Պուտինի հետ, կսկսենք բանակցել եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին միանալու մեր հնարավորությունների շուրջ և դրանից մեր ուղղակի օգուտների մասին` ներառյալ տարածքային:

Դժվար է իրոք ասել, թե ինչ կլինի ապագայում, բայց այն, որ սա միանգամայն հավանական տարբերակ է, դա հաստատ: Չնայած գուցե ես գերագնահատում եմ Ադրբեջանի` ամբողջությամբ ազատ գործելու հնարավորությունները: Գուցե Ադրբեջանը լուրջ ճնշումների՞ է ենթարկվում Ռուսաստանի կողմից: Իսկ գուցե Ռուսաստանն ուղղակի ճնշումների չի էլ ենթարկո՞ւմ, քանի որ դրա անհրաժեշտությունն էլ թերևս չկա: Ի վերջո Ադրբեջանում հո բոլորը հիմար և կույր չե՞ն, որ չհասկանան, թե ինչ է կատարվում իրենց շուրջ: Կարծում եմ՝ Արդբեջանում ևս հասկանում են, որ ընթացող աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում իրենք նույնպես կարող է դառնալ այդ պայքարի թատերաբեմ: Մեծ հաշվով, ստեղծված պայմաններում, երբ Ադրբեջանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որն ավանդաբար Ռուսաստանի ազդեցության ներքո է, իսկ այս ներկա պայմաններում էլ Ռուսաստանը ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ ի զորու է պաշտպանել իր շահերը, կասկածում եմ, որ Ադրբեջանում առյուծի սիրտ կուտեն և կփորձեն անհույս պայքար մղել դրա դեմ:

Մի խոսքով, առաջիկայում հետաքրքիր շրջադարձերի ականատեսը կարող ենք լինել: Այնպես որ, սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել