Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի քանի ընդհանուր տեղեկություն՝ ընթերցողների լայն շրջանակների և ոչ մասնագետների համար`

1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում (Ստամբուլում) սկսեցին ձերբակալել հայ մտավորականներին ու գործիչներին և ուղարկեցին մահվան։ Ապրիլի 24-ն էլ ընդունված է համարել Հայոց ցեղասպանության բոլոր 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակի օր։

- 1915 թվականը հայերի ցեղասպանության իրականացման տարիներից միայն մեկն է։ Մեզանում տարածված «Հայոց ցեղասպանություն» տերմինը չպետք է սահմանափակել միայն 1915 թվականով, քանի որ այն շարունակվել է մինչ 1923 թվականը, ինչպես և հետագա տարիներին: Բացի այդ, արդեն 1914-ից սկսվել է հայ տղամարդկանց զորակոչն օսմանյան բանակ, որտեղ նրանց հետագայում զինաթափել են ու սպանել` այդպիսով հնարավորինս թուլացնելով դիմադրության հնարավորությունը:

- Հայերի դեմ կանոնակարգված ցեղասպանությունը սկսվել է 1894-1896 թվականներին՝ Աբդուլհամիդ Երկրորդ սուլթանի իշխանության տարիներին, երիտթուրքերի իշխանության առաջին տարիներին՝ 1909-ին եղել է Կիլիկիայի (Ադանայի) կոտորածը, իսկ 1915-23 թվականները, որոնց ընթացքում հայ ժողովրդի դեմ ջարդը կոչում ենք Հայոց ցեղասպանություն, առանձնանում է իր մասշտաբներով և կազմակերպվածությամբ։

- Իրականում Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը շարունակվել է նաև 1915-23-ականներից հետո, որն արտահայտվել է՝
* Թուրքիայում 1915-23 թթ-ից հետո մնացած հայերի դեմ բռնաճնշումներով, տեղահանություններով ու սահմանափակումներով,
* 1937-38 - Դերսիմի կոտորածով, որից տուժել են այստեղ ապաստան գտած և դարեր շարունակ ապրած հայերը,
* 1955 – Ստամբուլում հույների և հայերի պոգրոմը,
* 1990-ականներ – Արցախյան պատերազմին թուրք գրոհայինների մասնակցությունը,
* 2007 – Հասարակական գործիչ, լրագրող Հրանտ Դինքի սպանությունը,
* 2011 ապրիլի 24 – Թուրքական զորամասում ժամկետային հայ զինծառայող Սևակ Բալըքչըի սպանությունը,
* 2014 մարտ-ապրիլ – Քեսաբի վրա զինյալների հարձակմանն աջակցությունը։

- Մարդկության դեմ իրականացված հանցանքը չունի վաղեմության ժամկետ։ Այլ կերպ ասած՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո էլ մեղավորներին և նրանց հաջորդներին պատասխանատվության կանչելու հնարավորությունը չի կորելու։

- Օսմանյան թուրքերը Հայոց ցեղասպանության տարիներին կոտորել են նաև հույների, ասորիների, այլ քրիստոնյաների, սակայն հայերի կոտորածն իր չափերով և էությամբ տարբերվում է:

Հայերի և հրեաների ցեղասպանությունների միջև կարևորագույն տարբերությունն այն է, որ մենք նաև հայրենազրկվեցինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել