Գևորգ Պետրոսյան

Հանգստյան օրերին թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, թե իբր Թուրքիայի հայ համայնքը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին՝ ապրիլի 24-ի նախօրեին տարածած հաղորդագրության համար, որում վերջինս ցավակցում էր «ընդհանուր ցավից» տուժածների ժառանգներին։

Իրականում շնորհակալություն է հայտնել ոչ թե հայ համայնքը, այլ համայնքի մի քանի ներկայացուցիչ, այդ թվում՝ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ով հայտնի է իր թուրքամետ և իշխանամետ դիրքորոշմամբ։ Վերջինս հաճախ է հանդես գալիս թուրքական պետության շահերից բխող հայտարարություններով և որոշակիորեն վայելում է թուրքական իշխանությունների համակրանքը։ Եվ ահա Շիրինօղլուն հերթական հայտարարությամբ է հանդես եկել՝ շնորհակալություն հայտնելով Էրդողանին «ցավակցության» համար և նրան գովեստի խոսքեր շռայլելով։

Իսկ թուրքական լրատվամիջոցներն էլ Շիրինօղլուին միտումնավոր ներկայացրել են որպես «հայ համայնքի ղեկավար», ինչը դե յուրե Թուրքիայում չկա, իսկ դե ֆակտո հայ համայնքի ղեկավար են համարում Պոլսո պատրիարքին, սակայն վերջին տարիներին Թուրքիայի հայ համայնքի զգալի հատվածը չի ընդունում պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին որպես իրենց առաջնորդ։ Շարունակելով միտքը՝ Պոլսո հայոց պատրիարքարանը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդհանուր դրական գնահատելով Էրդողանի քայլը։

Իսկ ահա հայ համայնքի առաջատար ներկայացուցիչներից լրագրող Մարգար Եսայանն ավելի հեռուն է գնացել՝ առաջարկելով Էրդողանին առաջադրել խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու, եթե նա շարունակի իր քայլերը քրդական և հայկական հարցերում։

Ընդհանրացնելով՝ պետք է նշել, որ հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների խոսքը, ովքեր իրականում համայնքի, այսպես ասած, լիիրավ առաջնորդները չեն, ներկայացվել է որպես ընդհանուր համայնքի կարծիք։ Թեպետ միջազգային հանրության և Հայաստանի  և Սփյուռքի հայերիս համար սա այնքան էլ ընդունելի պատկեր չէ, սակայն պետք է հասկանալ, որ Թուրքիայում Էրդողանի խոսքերին լուրջ ընդդիմանալու դեպքում էլ տեղի հայ համայնքը կարող էր խնդիրներ ունենալ։

Այստեղ կարևոր է նաև այն, թե ինչպես է թուրքական մամուլի փորձում օգտագործել հայ համայնքի ընդգծված առաջնորդի բացակայության հանգամանքը՝ իր քարոզչությունն իրականացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել