Օրերս մի լրագրողուհի կիսակատակ գրել էր, թե «Ինչքան շատ ենք պայքարում, այնքան վատ է լինում մեր համար: Իսկ գուցե ճիշտը չպայքարե՞լն է»:

Ու հիշեցի, որ այդ թեմայով մի հոդված եմ գրել վեց տարի առաջ:

...ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱԶԳԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Կորցված 19 տարիներ

Երրորդ հանրապետության անցած քաղաքական պայքարի ուղին ամփոփելով՝ առանց սխալվելու մեծ ռիսկի կարող ենք ասել, որ քաղաքական գործընթացները երկրի կյանքը բարվոքելու, ներքին խնդիրները համաձայնության դաշտ բերելու և լուծելու փոխարեն տվել են հակառակ արդյունքը` հանգեցրել են հանրության էլ ավելի խոր հիասթափության և կազմալուծման: Ու հիմա արդեն քչերն են հավատում, որ հետագա քաղաքական գործընթացները, այսինքն` տարբեր մակարդակի ընտրությունները կկարողանան դառնալ առկա պրոբլեմների լուծման բանալի:
Այսինքն, երրորդ հանրապետության որդեգրած քաղաքական զարգացումների ուղին կրախի է մատնված, այն տանում է միայն և միայն դեպի փակուղի:
Եթե մեր քաղաքական այրերն ունենային բավարար խորաթափանցություն, ապա այս եզրահանգմանը կկարողանային գալ 1996 թվականի սեպտեմբերին, և ամբողջ տասներկու տարի հանրությունն անիմաստ չէր դեգերի ոչ մի դեղ չտանող ճանապարհների վրա, ճանապարհներ, որոնք միայն զրկանքներ են պատճառում նույն այդ հանրությանը:
Մեր քաղաքական այրերը ոչ միայն չդրսևորեցին բավարար խորաթափանցություն, այլև ամեն անգամ, երբ քաղաքական անհաճո իրադարձությունները թվում էր, որ պիտի հանրության էլիտային դրդեին խորությամբ վերլուծելու կատարվածը, զանազանելու միմյանցից պատճառն ու հետևանքը և, վերջապես, այդ ամենի արդյունքում ուրվագծելու ելքի տարբերակը, ճակատագրի հեգնանքով հայտնվում էին ընդդիմադիր նոր առաջնորդներ և կոչ անում` ՙկրկին փորձել՚: Իսկ այդ փորձերն, առանց բացառության, հանգեցրել են ու դեռ էլի հանգեցնելու են ավելի լուրջ բարդությունների:
Հուսանք, որ այս վերջին դառը փորձը իմաստնություն կբերի մեր քաղաքական այրերին ու նաև հանրությանը:

Հեղինակության ճգնաժամ

Ուշադրություն դարձրեք` երրորդ հանրապետության քաղաքական պատմության մեջ բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր քաղաքական առաջնորդի հայտ են ներկայացրել և հաջողեցրել հանրության մի ստվար հատվածի տանել իրենց ետևից` ժամանակի ընթացքում ունեցել են հեղինակության խոր ճգնաժամ և իսպառ կորցրել իրենց ազդեցությունը նույն այդ հանրության վրա::
Ուշադրություն դարձրեք` բոլոր նրանք, ովքեր իշխանության գալու պահին հանրության մի որոշակի հատվածի կողմից ընդունելի են եղել, ժամանակի ընթացքում նույնպես ունեցել են հեղինակության խոր ճգնաժամ:
Փաստորեն, անցած գրեթե քսան տարիների փորձառությունը համադրելով կարող ենք ասել, որ քաղաքական երկու բևեռներն էլ անհաջողություններ են արձանագրել հանրային ընկալման ոլորտում: Ու եթե հաշվի առնենք, որ գրեթե չկա քաղաքական որևէ ուժ, որը բացահայտ կամ անբացահայտ մասնակցած չլինի երկու բևեռների գործողություններին, ապա կարելի է հետևեցնել, որ հայաստանյան քաղաքական ուժերը պրոբլեմ ունեն երկիրն այս վիճակից հանելու գործում: Ավելին, միջին հայի պատկերացումներում նրանք չեն ընկալվում որպես իրավիճակը շտկելու ունակ կառույցներ:
Ինչու եղավ այսպես: 

Նախ` ախտորոշիր

Թեպետ մարդուն և հանրությանը նույնացնելն այնքան ճիշտ չէ, բայցևայնպես փորձենք կատարել օգտակար մի անալոգիա:
Պատկերացնենք այսպիսի վիճակ` հավաքվել են մի խումբ բժիշկներ` ապաքինելու վատառողջ մի քաղաքացու: Առավել քան ակնհայտ է, որ նրանք կսկսեին քաղաքացու հիվանդության ախտորոշումից, կպարզեին հիվանդության առաջացման պատճառները, վաղեմիությունը, խորությունը /ստադիան/: Ախտորոշումն ունենալուց հետո կպարզեին, թե տվյալ հիվանդի օրգանիզմն ինչ վիճակում է, որ օրգաններն են համեմատաբար առողջ, որոնց վրա հնարավոր կլինի հենվել ապաքինումն իրականացնելու համար: Այս ամենից հետո միայն հնարավոր կլիներ խոսել հնարավոր դեղերի մասին, որոնք կերաշխավորեին ապաքինումը: Եվ արդեն վերջում, կուրվագծվեր նաև բուժման ռեժիմը: 
Դե հիմա պատկերացնենք այսպիսի մի վիճակ. բժիշկները, չունենալով այս հարցերի ճշտգրիտ պատասխանները, ձեռնամուխ են լինում հիվանդի բուժմանը: Միթե կասկած կա, որ նրանք անկարող կլինեն բարերար ազդեցություն ունենալ հիվանդի վրա` ամենամեծ սրտացավության առկայության դեպքում անգամ:
Դառնանք քաղաքականությանը և հետևենք, թե հանրության հիվանդության ինչ ախտորոշումներ են ներկայացնում քաղաքական բևեռները: Ներկա ընդդիմությունը հանրությանը հավատացնում է, որ իր իշխանության տարիներին ամեն ինչ լավ է եղել և աղավաղումը սկսվել է երկրորդ նախագահի օրոք: Ու ընդդիմությունն այս ախտորոշումից բխող գործողությունների ծրագիր է կիրառում` արդյունքում ունենալով անհաջողություն: Ընդդիմությանը չի հաջողվում ապահովել անհրաժեշտ թվով և անհրաժեշտ կամային հատկանիշներով համախոհների բանակ` իրականացնելու համար իշխանության փոփոխություն: 
Իշխանություններն էլ, որպես ստեղծված իրավիճակի բացատրություն, ներկայացնում են հետևյալ թեզը` երկիրն ապականվել է առաջին նախագահի կառավարման տարիներին, ու այս ախտորոշումից բխող ծրագիր են կիրառում` չգրանցելով էական հաջողություններ: Բոլոր կառավարությունների ներկայացրած երկրի զարգացման ծրագրերը կյանքի են կոչվում մասամբ և անկարող եմ լինում էականորեն շտկել վիճակը:
Այս ամենի արդյունքում հիմա ունենք մի իրավիճակ, երբ ՙմիջին՚ հայն արդեն ոչ մեկի հետ հույս չի կապում, ոչ` ընդդիմության, ոչ էլ` իշխանության: Ճիշտ և Ճիշտ այն հիվանդի նման, ով հոգնել է իր հիվանդության իրական ախտորոշումը չունեցող բժիշկների միջամտությունից: 

Վտանգ

Մենք բոլորս, կոլեկտիվ ջանքերով` ընդդիմությունով, իշխանությունով, ակտիվ և անտարբեր քաղաքացիներով հանդերձ` իրականացրինք մի գործընթաց, որի արդյունքում ՙմիջին՚ հայի պատկերացումներում էականորեն ընկավ պետության հեղինակությունը. ՙմիջին՚ հայը դժվարություն ունի դատական համակարգը որպես արդարության ապահովման օրգան, ոստիկանին` որպես իր շահերի և անվտանգության պաշտպանի, թաղապետին` որպես իր կենցաղային հարցերը լուծողի, պատգամավորին` իր պատգամները տեղ հասցնողի ընկալելու գործում: Ու այսօր ՙմիջին՚ հայը անձնական որևէ խնդիր ունենալու դեպքում հենվելու է իր, իր բարեկամ-ազգականների ուժերի վրա. եթե կարողացավ խնդիրը հարթել` լավ, չկարողացավ` սպասվում են դառնություններ և բարդություններ: Սա ահավոր վտանգավոր մի վիճակ է, որը կարող է սպառնալ երկրի գոյությանը, քանզի նման ջունգլիական պայմաններից մարդը ձգտելու է փախչել, արտագաղթել: Իսկ մենք թվապես առանց այդ էլ այնքան ենք քչացել, որ այսօր արդեն բանակ համալրելու գործում խնդիր ունենք: Եթե խելքի չգանք` վաղը բանակ էլ չենք ունենալու, իր դառը հետևանքներով: 
Մի վտանգավոր հանգամանք ևս` հուսահատ, իր ապագան անորոշ տեսնող մարդը հարմար որս է տարաբնույթ, օտարահիմք հոսանքների համար, և մեզ սպառնում է նաև ներքին ուծացմումը, երբ մարդը, գտնվելով իր իսկ հայրենիքում, ինչ-ինչ ազդեցությունների արդյունքում հեռանում է ազգային արմատներից: 

Կա՞ ելք

Սկզբից ևեթ ընդգծենք գլխավորը` եթե առանձին վերցրած մարդը կարող է ունենալ անբուժելի հիվանդություն, ապա հանրության դեպքում այդպես չէ և բոլոր իրավիճակներն ունեն իրենց ելքը: Նմանապես և` մեր հանրությունը:
Որպեսզի այդ ելքն ուրվագծվի, անհրաժեշտ է կատարել հանրության հիվանդության իրական ախտորոշում, խնդիր, որն այդպես էլ չի հստակեցվել ու ձևակերպվել երրորդ հանրապետության քաղաքական դաշտի կողմից: Նպատակ ունենալով նպաստել խիստ էական այդ բացի լրացմանը` ՙՀայաստանի զրուցակից՚ թերթի ընթերցողների քննարկմանը կներկայացնում հանրության հիվանդության ախտորոշման մի ուրվագիծ, որը, զանց առնելով քաղաքական հարթության մեջ թևածող իրավիճակի պարզունակ մեկնաբանությունները, փորձելու է գնահատել երկու կարևորագույն գործոնների բացասական ազդեցությունը մեզանում տեղի ունեցող հասարակական գործընթացների վրաª
ա/ ազգային գործոն. մեր իսկ պատմությամբ պայմանավորված բացասական դրսևորումների դերակատարությունը հայ հանրության վարքում,
բ/ անցումային փուլի գործոն. հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բարդությունները և դրանց բացասական ազդեցությունը հանրային կյանքի կարգավորման վրա:
Եթե մեզ հաջողվի ընթերցողի աջակցությամբ պարզել այս գործոնների հանրագումարային ազդեցությունը, ապա կունենանք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջական բացատրությունը և այդ ժամանակ առավել քան ակնհայտ կդառնա, թե ի±նչ իրատեսական քայլեր է հարկավոր անել երկրում արմատական փոփոխությունների հասնելու համար:

2008թ, Հայաստանի զրուցակից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել