Newsbook.am-ը գրում է.

Մինչ կառավարության վերջնական ձևավորումը, ամեն մի բացվող օրվա հետ մի նոր տեղեկատվություն է դրվում շրջանառության մեջ՝ այս կամ այն անձի փոխվարչապետ, նախարար նշանակվելու մասին: Իհարկե, մոտ հիսուն տոկոսով շրջանառվող լուրերը դառնում են իրականություն, սակայն քիչ չեն նաև դեպքերը, երբ արդեն իսկ կայացված որոշումը կամ ձեռք բերված պայմանավորվածությունը մի քանի ժամ հետո փոխվում է: Օրինակների չդիմենք, սակայն հաստատենք, որ անգամ իշխող կուսակցության կուլիսներում են զարմանք հայտնում որոշումների փոփոխման և նոր գործող անձերի ի հայտ գալու առթիվ:

Հիմա էլ քննարկվում է Արմեն Գևորգյանին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու հարցը: Ու ոմանք պնդում են, թե սա արդեն վերջնական որոշում է: Եթե Արմեն Գևորգյանը փոխարինի Արթուր Բաղդասարյանին, ապա երկու պաշտոն է թափուր մնում կառավարությունում՝ փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի:

Փոխվարչապետի պաշտոնի թեկնածուների շարքում հիմա էլ քննարկվում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունը: Ոմանք սա վերջնական որոշում են համարում, իսկ ահա ոմանք էլ, որոնք տեղյակ են հիմնական անցուդարձին ու ձևավորվող ինտրիգներին՝ գլուխներն են տարուբերում՝ ասելով, որ դեռ որևէ վերջնական որոշում չկա, ամեն ինչ պարզ կլինի շաբաթ օրը գումարվելիք ՀՀԿ խորհրդի նիստում: Իսկ այդ նիստը շատ կարևոր ու ինտրիգային հարցեր է քննարկելու:

Ի վերջո, պատասխան է հնչելու այն հարցին, թե՝ Արմեն Աշոտյանն ու Հրայր Թովմասյանը շարունակելու՞ են պաշտոնավարումը: Նշենք, որ միանգամայն փաստված տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեմ է Արմեն Աշոտյանին ԿԳ նախարար վերանշանակելուն: Նա առաջ է մղում Արտակ Դավթյանին, մինչդեռ ՀՀԿ-ում Աշոտյանն ունի մեծ թվով հովանավորներ ու հենարաններ: Ի վերջո, Սերժ Սարգսյանը դեմ չէ Աշոտյանին: Հրայր Թովմասյանի խնդիրն էլ բարդ է, որովհետև շատ ՀՀԿ-ականներ նրան չեն ուզում տեսնել արդարադատության նախարարի պաշտոնում: Անտարակույս, վերջնական որոշում կայացնողը, ըստ էության, ոչ թե ՀՀԿ խորհուրդն է, այլ Սերժ Սարգսյանը: Ու նա կվարվի ճիշտ այնպես, ինչպես կթելադրի պահը կամ տրամադրույթունը:

Պետք է փաստել, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է մենակ խաղացողի կարգավիճակում, իսկ նման «փիլիսոփայությամբ» առաջնորդվողներին միշտ պարտություններն են հետապնդում:

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել