Երեկ ու այսօր շատերը, Խրիմյան Հայրիկի միամիտ զարմանքով ու զայրույթով, խոսում են այն մասին, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստեց ու կեղծեց, խեղաթյուրեց պատմական փաստերը, անգամ անցավ ցինիզմի ու ապիկարության, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ իր դեմքից դեն չտարավ երեսպաշտի դիմակը, հերթական անգամ ծռմռվեց ու սեթևեթեց և տուրք տալով քաղաքական խաղերին ու շահերին՝ Ցեղասպանության փոխարեն օգտագործեց Մեծ Եղեռն արտահայտությունը, որը բնավ էլ եզր չէ, միաջազգային իրավունքում ընդունված հասկացություն չէ...

Ու հերթական անգամ մենք հիշեցինք «թղթե շերեփի» , աշխարհի անամոթության մասին: Բայց չուզեցինք ինքներս մեզ հարցնել, թե ինչու է այսպես, ինչու աշխարհը չի կամենում հաշվի նստել հնագույն քաղաքակրթություն ներկայացնող, աշխարհի բազմաթիվ երկրներում սեփական հետագիծը հաստատած ժողովրդի հետ, ինչու՞ են քաղաքական շահերը շատ ավելի բարձր դասվում, քան բարոյական սկզբունքները, իր պատմական հայրենիքը կորցրած մի ողջ ժողովրդի իրական դատը...
Չենք հարցնում, մինչդեռ ամեն օր այդ հարցը պիտի հնչի մեր ունկերում՝ ոչ իբրև հարց ու մտորում, այլ՝ իբրև յուրատեսակ կոչ ու պատգամ, ահազանգ ու ազգահավաքի պահանջ: Մենք կարծես հասկացանք ու գիտակցեցինք, որ աշխարհը թույլերին չի սիրում, որ անուժ, սեփական ընթացքն ուրիշներին վստահողներին չի սիրում, որ աշխարհը ծռմռվել ու տատամսել չի սիրում: Աշխարհը սիրում է նրանց, ովքեր դիվանագիտությունից զատ՝ խոսում են նաև ուժի ու համոզվածության դիրքերից, խոսում են արժանապատվորեն՝ չթաքցնելով պահանջողի ու դատապարտողի կեցվածքը...
Իսկ մենք կուչ ենք գալիս ու խեղճանում, մենք հաճախ ուրիշներից ենք ակնկալում մեր անելիքները, հաճախ սպասում ենք ողորմաբաժնին, որն արդեն քանի՜ տարի նետում են մեզ՝ գիտենալով, որ թույլի ու անպաշտպանի բարդույթը տակավին մեզ չի լքել...
Իսկ մենք չհասկացանք, որ թույլ ու քայքայվող, արտագաղթի ահռելի ծավալներ գրանցող Հայաստանը որևէ մեկին հետաքրքիր չէ, հետաքրքիր չեն Հայ Դատն ու Պահանջատիրությունը, հետաքրքիր չէ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: Ուժեղի ու հզորի հետ են հաշվի նստում: «Ուժն է ծնում իրավունք» - ինչպես ասել է մեծն Նժդեհը...
Գիտեմ, շատերն են հիասթափված մեր իշխանություններից, նրանց վարած ոչ ազգաշահ քաղաքականությունից, շատերի անհագ արծաթասիրությունից, թալանելու ու գռփելու մոլուցքից, ֆեոդալական Հայաստան ունենալու տեսլականից: Բայց Հայաստանի ու Հայրենիքի հանդեպ սերը բարձր պետք է լինի իշխանությունների նեղլիկ ձգտումներից, նրանց վարած քաղաքականությունից...
Հայաստանից դուրս մոտ 7,5 միլիոն հայ է ապրում, եռակի Հայաստան է գտնվում Հայաստանից դուրս՝ շատ դեպքերում հարուստ, բարեկեցիկ, այլ պետությունների տնտսական համակարգերում մեծ ներկայություն հաստատած հայ ժողովուրդ: Հենց նրանք, մի կողմ թողած անձնական զգացումներն ու անգամ վիրավորվածությունը, 2014-ի ապրիլի 24-ից հետո պիտի Հայաստան գան՝ չկտրվելով իրենց նոր հայրենիքներից, պիտի ներդրումներ անեն, պիտի իրենց բիզնեսից մի մաս էլ Հայաստան բերեն՝ հանուն մեր երկրի բարօրության ու հզորության, հանուն այն բանի, որ աշխարհում տեսնեն մեր ուժը, տեսնեն մի նոր Հայաստան, որը կարող է հավասարի դիրքերից խոսել աշխարհի հետ...
Թե չէ երբ մեզ տեսնում են օտար երկրների կայարաններում՝ անտոմս ու անընթացք ուղևորի հոգեբանությամբ, մեզ չեն վստահում, մեր հանդեպ հարգանք չեն տածում, մեր ուժն ու նրանից առնող իրավունքը չեն տեսնում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել