Մեզ ամեն կերպ փորձում են շեղել ցեղասպանության ճանաչման ճիշտ ուղուց՝ ջուր լցնելով Թուրքիայի ջրաղացին` կեղծ պատճառներ բերելով ցեղասպանությանը կեղծ հատուցման ձևեր առաջարկելով: Նախ սկսենք ամենամեծ սխալից. ցեղասպանությունը եղել է 1915 թվականին: Ցեղասպանությունը ոչ թե եղել է 1915 թվին միայն, այլ 1915-ին ընդամենը գագաթնակետն էր: Իրականում օսմանցիների կատարած ցեղասպանությունը սկսել է 1890-ականներին՝ համիդյան ջարդերով, իսկ հետագայում շարունակվել է Ադանայով, գագաթնակետին է հասել 1915-ին, երբ մեկ տարվա մեջ 1.500.000 հայ կազմակերպված կերպով տեղահանվեց և ոչնչացվեց, շարունակությունը եղավ 20-ականների աթաթուրքյան ռեժիմի օրոք: Կարծես մեր ոչ ճիշտ մոտեցման և թուրքական քարոզչության արդյունքն է, որ միայն 1915 է համարվում ցեղասպանության տարի: Երևի ցեղասպանության իրական նպատակներից աշխարհին շեղելու համար: Ինչո՞ւ են թուրքերը ասում միայն 1915 թվականին է եղել. որ տարածեն այն կեղծ թեզիսը՝ հայերին տեղահանել են, որովհետև Ռուսաստանի հետ պատերազմ էր, իսկ հայերը ռուսասեր են: Ահա քեզ արդարացում: Հայերին մենք չենք ցեղասպանել, այլ տեղահանել ենք ռազմական գործողությունների տարածքից, որ չտուժեն նրանք և չօգնեն ռուսներին: Ճիշտ է` բոլոր ռուս-թուրքական պատերազմներում ռուսները ունեցել են հայերի մեծամասնության համակրանքն ու օգնությունը, բայց նաև թուրքական բանակում են հայեր կռվել, որոնցից շատերը հերոսացել են. իսկ հետագայում նրանց մասին Թուրքիան մոռացավ: Ավելի խորն են ցեղասպանության պատճառների արմատները: Պանթուրքիզմն է պատճառը: Համիդի օրոք թրքության մեջ պանթուրքիզմը քոչվորական ամենակուլ բնազդի մակարդակի վրա էր, իսկ երիտթուրքերի օրոք ստացավ պետական կազմակերպված, ձևակերպված տեսք: Այսպիսով՝ Համիդի օրերից սկսած իրականացվել է ցեղասպանությունը, որովհետև հայերն էին խանգարող ոսկորը նրանց կոկորդին, որ իրենց անիծյալ թուրանը ստեղծեն: Չեմ կարծում, որ էլի կան միամիտներ, որ մտածում են հայերի ռուսասիրությունից դրդված են թուրքերը ստեղծել պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Հայերի ռուսասիրությունից կոտորելու կոչը միայն թուրքերին գրգռելու միջոց էր պետության կողմից. հեշտ է անգրագետ խուժանին ասել՝ սպանիր, որ ռուսներին չօգնեն, իսկ հիմա էլ դա որպես արդարացում է: Իսկ ի՞նչ հատուցում է մեզ պետք: Այս հարցով էլ ուզում են ծայրահեղ դեպքի համար, եթե ստիպված լինեն ընդունել ցեղասպանության փաստը, մեզ հրամցնել ֆինանսական փոխհատուցման եղանակը կամ ցեղասպանվածների սերունդներին վերադարձնել պապական անշարժ գույքը՝ դարձնելով թուրքահպատակ: Սա վտանգավոր է նրանով, որ նախ կպառակտի հայերին. ոմանք կհամաձայնեն դրան, իսկ ոմանք՝ ոչ: Այսպիսով՝ մեկ փոխհատուցում կա: Վերադարձնել պատմական հողերը Հայաստանի Հանրապետությանը և ֆինանսական փոխհատուցում: Մնացածը թուրքական խայծի ժանրից է: Էրդողանը մանիպուլացիաներ է անում՝ կեղծ և թերի ներողություններ խնդրելով: Վաղն էլ կասի՝ եկեք Թուրքիայի քաղաքացի դարձեք, ստացեք պապերի կալվածքները, որ մի օր էլ ձեզ կոտորենք ձեր ավանակ խելքից: Մի հավատացեք դրան. կա միայն մեկ հատուցում՝ տարածքների վերադարձ ՀՀ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել