Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարությունը Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի շրջանակներում հակասական կարծիքների տեղիք է տվել մեր հասարակության շրջանում: Ասում եմ հակասական, որովհետև ամեն դեպքում եղել են նաև թերահավատորեն դրան մոտեցողներ, բայց արդարության համար ամեն դեպքում պետք է ասել, որ շատերը սա գնահատում էին (են) ինչ-որ առաջընթաց կամ էլ Թուրքիայի կողմից դրական առաջին քայլ՝ չնայած այն բանի, որ պաշտոնական մակարդակով Հայաստանը շատ հստակ հասկացնել տվեց, որ այս հայտարարությունը ոչինչ է, քան ցեղասպանության ժխտման շարունակական դրսևորման ձև: Ասեմ ավելին, Էրդողանի այս հայտարարությանը արդեն իսկ շատ կոշտ արձագանքել են նաև Սփյուռքի մեր կառույցները՝ թե՛ աշխարհիկ, թե՛ կրոնական՝ ի դեմս Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի: Եկեք ի վերջո անդրադառնանք այս հայտարարության ընդհանրական կետերին և փորձենք հասկանալ, թե որն է մեծ հաշվով տարբերությունը Էրդողանի ասածի և դրանից առաջ Թուրքիայի տարբեր պաշտոնյաների ասածների միջև: Կարճ ասած՝ կա՞ փոփոխություն Թուրքիայի դիրքորոշման մեջ, թե՝ ոչ:

1. Էրդողանն իր խոսքում կրկին նշում է, որ անհրաժեշտ է ստեղծել պատմաբաններից բաղկացած հանձնաժողով, որպեսզի «կողմերը անաչառ ուսումնասիրություն կատարեն՝ հասկանալու, թե ի վերջո ինչ է եղել»: Սա մի բան է, որ մենք Թուրքիայի կողմից լսում ենք Հայաստանի երրորդ հանրապետության ստեծման առաջին իսկ օրվանից: Մարդկային լեզվով ասած՝ թուրքերը փաստացի ժխտում են ցեղասպանության եղելությունը և ուզում են, որ մենք ևս կասկածի տակ դնենք եղածը և իրենց հետ միասին «ուսումնասիրենք, որպեսզի հասկանանք»:

2. Թուրքիայի վարչապետը իր խոսքում մի քանի անգամ նշեց, որ այն, ինչ եղել է Օսմանյան կայսրության մայրամուտին, անդրադարձ է ունեցել այդ տարածքում ապրող բոլոր ժողովուրդների վրա: Նա շատ հստակ նշում է, որ տուժել են թե՛ թուրքեր, թե՛ քրդեր, թե՛ նաև հայեր: Այլ կերպ ասած՝ վերջինս կրկնում է նույն այն թեզը, ինչ մենք լսում ենք վերջին 23 տարվա ընթացքում:

3. Էրդողանը կոչ է անում չօգտագործել «1915թ-ի դեպքերը» Թուրքիայի հետ քաղաքական հարթության վրա պայքարելու համատեքստում: Վերջինս նկատի ունի, որ իբր մենք չպետք է այդ առիթով թշնամություն անենք իրենց հետ: Գիտեք՝ ինչ, ես արդեն կկրկնեմ, եթե ասեմ, որ սա էլ է հին թեզ, բայց, ցավոք, այլ ելք չունեմ: Սրան Հայաստանը դեռ վաղուց է պատասխանել՝ նախաձեռնելով ֆուտբոլային դիվանագիտությունը: Հայաստանն իր անկախությունից ի վեր մեկ անգամ չէ, որ պնդել է, թե մեր երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է հաստատվեն բացառապես առանց նախապայմանների: Այնպես որ, այս առաջարկն Էրդողանի կողմից փաստերի հերթական ցինիկ խեղաթյուրումն էր:

4. Էրդողանը նաև կրկին ասել է, թե իրենց արխիվները բաց են բոլորի համար և ցանկացած մեկը, ով ցանկանում է, կարող է գնալ Թուրքիա և ուսումնասիրել դրանք: Կարծում եմ՝ այս առաջարկին այսքանից հետո անդրադառնալն անգամ ծիծաղելի է …

Ամփոփելով՝ ցանկանում եմ ասել, որ մանրամասն ընթերցելով Թուրքիայի վարչապետի ամբողջական ելույթը, ես այդպես էլ ոչ մի տարբերություն չտեսա Թուրքիայի դիրքորոշման մեջ: Այո՛, առաջին անգամ է, որ Թուրքիայի վարչապետը ապրիլի 24-ի նախաշեմին անդրադառնում է այս խնդրին, բայց ո՞ւմ է դա պետք: Անձամբ ես թքած ունեմ, թե Թուրքիայի որ պաշտոնյան է թեմային անդրադառնում, ես նաև թքած ունեմ, թե երբ է նա դա անում: Ինձ համար ամենակարևորն այդ անդրադարձի, իսկ այս դեպքում հայտարարության բովանդակությունն ու շեշտադրումներն են, որոնց մեջ ես տարբերություն չեմ տեսնում: Այնպես որ, սա հերթական թուրքական ներկայացումն էր, որի գլխավոր դերում հանդես եկավ այդ երկրի վարչապետը՝ Էրդողանը, ոչ ավելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել