Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Արդեն 47 տարի այս օրը հազարավոր հայեր գնում են Ծիծեռնակաբերդ՝ զոհերի հիշատակը հարգելու: Մոտենում է ցեղասպանության 100-րդ տարին: Այս ամբողջ տևական շրջանում այն ճանաչվել է ընդամենը 22 երկրի կողմից: Բայց մի շատ կարևոր բան պետք է նկատել. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի առանցք է դարձել ճանաչած երկրների թվաքանակը: Բայց ինչ կփոխվի, եթե այդ թիվը դառնա 42, 82 կամ 102: Ոչ մի նշանակալի բան: Պետք է գիտակցել, որ ճանաչման գործընթացի նպատակը ցեղասպանության՝ հենց Թուրքիայի կողմից ճանաչումն ու դրա հետ կապված հայկական հողերի վերադարձն է: Եթե առաջինը գոնե մի փոքր հավանական է՝ այն էլ ոչ հիմա, ապա երկրորդը՝ հողերի վերադարձը, ուղղակի խելքին մոտ չէ: Ոչ Հայաստանը՝ Սփյուռքով հանդերձ, ոչ էլ առավել ևս մյուս երկրները չեն կարողանա ու չեն էլ փորձի ստիպել Թուրիային՝ մեզ վերադարձնել մեր հողերը. դա ոչ մեկին, բացի մեզնից, չի հետաքրքրում: Եթե անգամ մի օր թուրքերը պաշտոնապես ճանաչեն ցեղասպանությունը, դա ևս առանձնապես բան չի փոխի՝ լավագույն դեպքում փոքր-ինչ կփոխհատուցեն վնասները, բայց դա էլ ակտուալ չի: Հայկական հողերի հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեր միայն 1920-23 թթ.-ին, երբ այն դարձել էր միջազգային դիվանագիտության քննարկման առարկա, սակայն ամեն ինչ լուծվեց Թուրքիայի օգտին՝ այն էլ անվերադարձ: Եվ հայկական հարցի վերջնական անբարենպաստ լուծման հետ մեկտեղ ցեղասպանության ճանաչմամբ Հայաստանի օգտին որևէ ռեալ տեղաշարժի հեռանկարները պարզապես անցան պատմության գիրկը: Միջազգային ճանաչման գործնթացը 100-ամյակից հետո չի դադարելու: Կապ չունի, որ արդեն անցել է 100 տարի: Վերջիվերջո ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն, և 100-ամյակի լրացումից հետո ճանաչումը չի դադարի: Պարզապես նոր երկրների ճանաչմամբ ուղղակի փոքր-ինչ կսփոփվի հայերի ցավը և վերջ: Իսկ ինչու Հայոց ցեղասպանությունը ընդանուր միջազգային ճանաչում չի գտնում: Հայաստանի կողմից ոչ բավարար ջանքերի՞, թե Թուրքիայի՝ միջազգային ամուր հենարանի պատճառով: Երևի թե վերջինը: Ճիշտ դատելու դեպքում պարզ է դառնում, որ ճանաչման գործում նշանակալի ավանդ ունի հայկական սփյուռքը, Հայ Դատը: Իսկ մեր պետության ջանքերը ներկայումս անօգուտ են: Դրա վառ օրինակը հայ-թուրքական արձանագրություններն են: 2009թ. ստորագրված արձանագրությունները՝ միտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ոչ մի օգուտ չտվեցին՝ այլ փոխարենը վնասեցին ճանաչման միջազգային գործընթացին: Ուստի անհրաժեշտ է, որ մեր իշխանությունները հետ կանչեն դրանք: Ու վերջապես. ինչպես կարելի է սահման բացե՞լ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել մի երկրի հետ, որը ոչնչացրեց շուրջ 1.5 մլն հայ ու չի էլ պատրաստվում ճանաչել այն: Թերևս միակ երկիրը, որը կարող է ճանաչման գործում ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, դա ԱՄՆ-ն է: Արդեն 6 տարի այս օրը, ողջ հայությունը սպասում է, թե իր ելույթում ինչ բառ կօգտագործի ԱՄՆ-ի «մեծարգո աֆրոամերիկացի» նախագահը: Եթե նա ամեն անգամ օգտագործում է «Մեծ եղեռն», «Հայկական կոտորած» և նմանատիպ այլ եզրույթներ՝ բացառությամբ Genocide բառի, և մի օր նա ասի այդ, դրանով ոչինչ չի փոխվի: ԱՄՆ-ի կողմից ճանաչումը կապված է ողջ NATO-ի շահերի հետ: ԱՄՆ-ը չի ճանաչի այժմ այն, քանի որ Թուրքիան իր ռազմավարական դաշնակիցն է, NATO-ի անդամ, վերջապես այնտեղ են տեղակայված ու շարունակվում են կառուցվել NATO-ի ռազմակայանները, և ԱՄՆ-ը հաստատ չի կայացնի այսպիսի որոշում, որը վնասի իր շահերին: ՈՒստի եկեք չկառչենք անիրական հույսերից՝ փոխարենը քայլեր ձեռնարկենք մեր մի բուռ մնացած երկրի ուժեղացման համար:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել