Մենք՝ հայերս, ամբողջ աշխարհից պահանջում ենք, որ 20-րդ դարասկզբին մեր հանդեպ գործած ցեղասպանությունը ճանաչվի և դատապարտվի: Ամեն տարի ապրիլի 24-ին այս պահանջատիրական կեցվածքը կարծես ավելի վառ է արտահայտվում, երբ ամբողջ աշխարհի հայությունը միակուռ, համախմբված իր ձայնն է բարձրացնում հանուն արդարության:

 Բայց գիտեք՝ ինչ, պահանաջելը և այս օրերին էմոցիաների գիրկն ընկնելը գուցեև լավ է և բնական, բայց այս օրերին հատկապես մենք պետք է նաև լինենք աչալուրջ՝ աշխատելով հանկարծ Թուրքիայի ջրաղացին ջուր չլցնել, առավել ևս՝ անելով չափազանց պարզունակ սխալներ: Ես չեմ պատրաստվում պատմության գիրկն ընկնել և հատ առ հատ ներկայացնել մեր սխալներն այս հարցում և ընդամենը կներկայացնեմ իմ կողմից մեկ նկատառում՝ չափազանց թարմ օրինակով:

Երեկ, ինչպես գիտեք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ Հայոց ցեղասպանության թեմատիկայով: Վերջինս մի շարք բաներ ասաց, բայց անձամբ իմ կարծիքով, ոչ մի նոր, դրական որակ չհաղոդրեց մինչ այժմ Թուրքայի դիրքորշմանը և վերաբերմունքին՝ մեզ համար այս ցավոտ և առանցքային հարցին: Բայց մեր լրատվամիջոցների կողմից դրան արձագանքը ինձ ուղղակի ապշեցրեց և, մեղմ ասած, նյարդայնացրեց:

Երեկ գրեթե բոլորը ինչ-որ սենսացիոն վերնագրերով ներկայացնում էին, թե իբր «Էրդողանը հայերին ցավակցել է 1915 թվի դեպքերի կապակցությամբ» և ընդհանուր նյութի հիմնական շեշտը դնում էին հենց այդ մտքի վրա: Մինչդեռ, երբ կարդում ես Էրդողանի ամբողջական ելույթը, հասկանում ես, որ այդ մարդը, ըստ էության, նախորդ տարիների հետ համեմատած ոչ մի նոր բան չի ասել: Վերջինիս զարթուղի ճանապարհներով ինչ-որ կցկտուր խոսքեր է ուղղել ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ հավասարեցնելով իրենց կորուստները Օսմանյան կայսրության մայրամուտին «այդ երկրում ապրող բոլոր ժողովուրդների կորուստների հետ»: Նա մի քանի անգամ շեշտել է, որ այդ ժամանակահատվածում տուժել են գրեթե բոլոր ժողովուրդները և հետևաբար դրանց միչև զանազանում դնելը կողմնապահության դրսևորում է: Շատ չերկարացնեմ, բայց Էրդողանի, այսպես ասած, ցավակցանքը հայերին հնչել է մոտավորապես հետևյալ կերպ՝ «Ցավակցում եմ այդ ժամանակահատվածում բոլոր զոհերի ժառանգներին՝ հայերին, թուրքերին, քրդերին և այլն, քանի որ դա մեր ընդհանուր ցավն է»:

Այս պայմաններում մեր լրատվամիջոցները հանուն սենսացիայի գրում են, թե իբր մեզանից ներողություն են խնդրում: Ես, անկեղծ ասած, չգիտեմ էլ՝ սա ինչպես կոչեմ, քանի որ չեմ հասկանում դրդապատճառները: Այլ կերպ ասած՝ հիմա ի՞նչ, մեր լրատվամիջոցների երեկվա գործողությունները գիտակցվա՞ծ էին, թե չգիտակցված միամտություն դրևորում էին: Ես ուղղակի հոսուվ եմ, որ մենք այս հարցում գոնե չենք դրևորում «քլիքամանիա», «լայքամանիա», ասել է թե, չենք մտածում մի երկու ավել դիտման մասին, որ կոնկրետ կայքը կամ էլ լրատվամիջոցը կարող է ունենալ՝ նման վերնագրեր դնելով և խեղաթյուրելով Թուրքիայի վարչապետի ամբողջ հայտարարության բովանդակությունը:

Ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ սա միամտության դրսևորում էր: Ուղղակի պետք է հասկանալ, որ նման բաներ անելով, մենք թուրքերի ջրաղացին ջուր ենք լցնում: Նրանք հենց այսպես էլ ուզում են, որ ամեն ինչ ներկայացվի: Նրանք ուզում են աշխարհին ցույց տալ, որ իրենք փոխվում են, փոխվում է իրենց մոտեցումը հարցի, հայերի վերաբերյալ, իսկ մենք մեր գործողություններով փաստացի նպաստում ենք դրան:

Բանն այն է, որ մեր լրատվամիջոցները, ամեն ինչից զատ, ձևավորևում են հասարակական կարծիք, իսկ դա անել նման հարցի շուրջ և այսպես, առավել վտանգավոր է: Այսօր ես արդեն դրա «պտուղները տեսա»: Տաքսու վարորդը, խոսելով հետս այդ իրադարձության մասին, ինձ ասաց հետևյալը ՝ «Տեսա՞ր, թուրքերը մեզանից ոնց ներողություն խնդրեցին»: Դրան ի պատասխան, ես այս մարդուն փորձեցի բացատրել, որ մեզանից ոչ ոք էլ ոչ մի ներողություն չի խնդրել՝ ասելով այն, ինչ այս ամբողջ նյութի ընթացքում փորձում եմ ասել Ձեզ, սիրելի ընթերցողներ: Հուսով եմ, որ նա վերջում հասկացավ: Բայց ես էլ իմ հերթին հասկացա, որ այս տաքսու վարորդի նման մարդիկ դեռ շատ կլինեն մեր հասարակության մեջ, ովքեր բառի բուն իմաստով, մոլորության են մատնվել մեր իսկ լրատվամիջոցների ձեռքով:

Ասելու այլևս ոչինչ չունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել