ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ

Կարո՞ղ է ես ինչ-որ բան սխալ եմ ընկալում։ Առավոտվանից հայաստանյան մի քանի հեռուստատեսային ալիք եմ միացրել։ Միացրել եմ, նայել և կատաղած անջատել։ Մեր ժողովրդի ցավալի օրը մենք սկսել ենք (այս ալիքների օգնությամբ) Էրդողանի ուղերձով, տարբեր տրամաչափի թուրքերի հետ հարցազրույցներով, ստամբուլյան ռեպորտաժներով։ Տպավորությունն այնպես է, որ թուրքական ինչ-որ շնորհանդես է, և այդ առիթով նրանք դեսանտ են իջեցրել Երևանում։ Մերոնք էլ իրենց հիացմունքը հազիվ զսպելով վայելում են դրանց քնաբեր խոսքերը։ Մեկ ուրիշ օր դրանք մի կերպ կուտվեին, բայց այսօ՞ր։ Երեկ երեկոյան դրանցից մեկը Պետրոս Ղազարյանի հետ զրույցում (ցավոք, բառացիորեն չեմ ասում), նրա հարցին, թե հնարավոր է հատուցումներ ցեղասպանություն ապրածներին, բառացիորեն ասաց. «Այդ մարդիկ արդեն չկան, ո՞ւմ պետք է հատուցեն»։ Այս խելոք մտքերը մեզ հետ կիսելու համա՞ր էլ նա Թուրքիայից հասել է Երևան։ Մենք էլ, թուքներս կուլ տալով, ըմբոշխնո?ւմ ենք։
Եվ ես չգիտեմ՝ սա ինչ անվանեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել