1915թ. հունվարի 2-ին ռուսական բանակի հեռանալուց հետո Ուրմիայից, Սալմաստից և շրջակա այլ վայրերից դեպի Նոր Ջուղա ճանապարհ ելած հայ և 03 ասորի գաղթականների մեծ մասը կոտորվեց թուրք և քուրդ զինյալ ուժերի հարձակումներից: Հունվարի 12-ին Ավղարիկ գյուղում տեղի ունեցավ 107 հայերի ջարդը:

Հայոց ցեղասպանությունը կազմակերպված և անողոք կերպով անցկացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ 1914թ. փետրվարին ստեղծվեց Երեքի գործադիր կոմիտեն՝ կազմված դոկտոր Նազըմից, Շաքիր Բեհաէդդինից և Միդհաթ Շյուքրիից: Երիտթուրքական եռապետությունը՝ Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, գործում էր այս կոմիտեի միջոցով, որի վրա դրված էր օսմանյան կայսրության ամբողջ հայության տեղահանման և ջարդերի կազմակերպման ու իրագործման ողջ պատասխանատվությունը: Կոմիտեն, որ օժտված էր ամենալայն լիազորություններով, մանրամասն մշակել էր հայերի տեղահանության և ոչնչացման բոլոր տեխնիկական հարցերը՝ նրանց տեղահանման ժամկետներն ըստ շրջանների, տեղահանման ուղիները և վայրերը, ոչնչացման նպատակով նրանց կենտրոնացման վայրերը և այլն: Դոկտոր Նազըմը, որը նաև երիտթուրքերի ղեկավարներից և Հայոց ցեղասպանության գլխավոր ղեկավարներից մեկն էր, ելույթ ունենալով կուսակցության գաղտնի նիստերից մեկում, երբ վերջնականապես որոշում ընդունվեց հայերի ցեղասպանության մասին, նշել է. «Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել հիմնովին, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր երկրում, և մոռացվի այդ անունն իսկ: Այժմ պատերազմ է ընթանում, այսպիսի հարմար առիթ այլևս չի լինելու: Մեծ տերությունների միջամտությունը և համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքներն աննկատ կմնան, իսկ եթե նրանք իմանան, ապա կդրվեն կատարված փաստի առջև, և այդպիսով հարցը կվերանա: Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի ամբողջական ոչնչացման բնույթ կրեն, անհրաժեշտ է ոչնչացնել բոլորին, մինչև վերջին մարդը... Ես ուզում եմ, որ այս հողի վրա թուրքը և միայն թուրքն ապրի և անբաժանելիորեն տիրապետի: Թող կորչեն բոլոր ոչ թուրքական տարրերը, ինչ ազգության և կրոնի էլ որ նրանք պատկանելիս լինեն»: Երեքի կոմիտեի տրամադրության տակ դրվեց այսպես կոչված «Հատուկ կազմակերպությունը», որը ստեղծվել էր երիտթուրքերի կուսակցության որոշումով, և նրա վրա էր դրված հայերի ցեղասպանության իրագործման պարտականությունը: Նրա անմիջական ղեկավարն էր Շաքիր Բեհաէդդինը: «Հատուկ կազմակերպությունը» կազմվեց բանտերից հատուկ այդ նպատակով արձակված քրեական հանցագործներից, չեթեներից ավազակախմբերից, որոնք ընդունակ էին ամենադաժան ոճրագործության:
Փետրվարի 12-ին սկսվեցին հայ պաշտոնյաների պաշտոնազրկությունները, օսմանյան բանակի հայ սպաների ձերբակալությունները, զինաթափված հայ զինվորներից բանվորական վաշտերի կազմավորումը:
Փետրվարի 18-ին Երիտթուրքերի Կենտրոնական մարմնի լիազոր Բեհաեդդին Շաքիրի ստորագրությամբ՝ կուսակցության շրջանային պատվիրակներին հղված նամակներով հաղորդվեց հայերի բնաջնջման որոշումն ու ծրագիրը:
Armenian Genocide Map

Փետրվարի 19-ին բանտերից ազատ արձակված մարդասպաններից և ոճրագործներից կազմվեց ջարդարար այն ուժը, որը մայիսի կեսերին պետք է կոտորեր Կարինի ռազմական գծի վրա աշխատող զինաթափ հայ զինվորներին:
Երիտթուրքական ղեկավարությունը հայերի ցեղասպանության ծրագրի գործնական կիրառումը սկսեց՝ առաջին հարվածը հասցնելով բանակ զորակոչված հայ զինվորներին: Դա պատահական չէր, նրանք դրանով ձգտում էին հայերին զրկել իրենց զինվորական ներուժից: Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի՝ 1915թ. փետրվարին արձակած հրամանով բոլոր հայ զինվորները զինաթափվեցին և, բաժանվելով 50-100-ական խմբերի, սպանվեցին: Դրա հետևանքով հայությունը սկզբից ևեթ մնաց առանց զինվորական ուժի, որը կարող էր պաշտպանել հայերին, նրանց տունը, ունեցվածքը և բնակավայրերը քանզի հայկական բնակավայրերում մնացել էին միայն ծերունիները, հիվանդները, կանայք, երեխաները և դեռահասները:
Ապրիլի 8-ին դրվեց Արևմտահայության տեղահանությունների և կոտորածների սկիզբը Զեյթունում:
Բանակ զորակոչված հայ զինվորներին ոչնչացնելուց հետո երկրորդ ծանր հարվածը հայերին հասցվեց 1915թ. ապրիլի 24-ին: Այդ օրը Կոնստանդնուպոլսում ձերբակալվեց և, առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու, աքսորվեց արևմտահայ մտավորականության ընտրանին, այդ թվում՝թուրքական խորհրդարանի՝ մեջլիսի հայ անդամներ, գրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ, թվով մոտ 800 մարդ: Նրանք բոլորը ոչնչացվեցին աքսորի ճանապարհին կամ աքսորավայրում` տեղ հասնելուն պես: Ծրագրված կերպով ձերբակալվում և սպանվում էին հայ կուսակցական և քաղաքական գործիչները: Այդ ճակատագրին արժանացան Զեյթունի հայտնի ղեկավար Նազարեթ Չաուշը, Վանի ականավոր ազգային գործիչ Իշխանը, Ուրֆայի հայության ողջ ղեկավարությունը՝ մոտ 100 մարդ: Հունիսի 15-ին Կ. Պոլսո Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 20 անդամները` քաղաքական գործիչ Փարամազի գլխավորությամբ: Օսմանյան կառավարության նպատակն էր անմիջապես գլխատել արևմտահայությանը, թողնել նրան առանց զինական ուժի և քաղաքական ու մտավորական ղեկավարության, կազմալուծել և բարոյալքել հայությանը և դրանով իսկ կանխել հայության կողմից դիմադրություն կազմակերպելու որևէ հնարավորություն: Կարելի է ասել, որ մոտ 60 հազար հայ զինվորների ոչնչացումը և հայ մտավորականության գլխատումը ճակատագրական եղան արևմտահայության համար: Նա կորցրեց իր կազմակերպչական և դիմադրողական ուժը, որով և բացատրվում է ցեղասպանության իրականացման համեմատաբար հեշտությունը և մեծ ծավալները: Դրանից հետո ջարդարարներն անցան հայության հիմնական մասի բռնի տեղահանմանը և ոչնչացմանն իր իսկ բնօրրանում՝ բուն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Արևմտյան Անատոլիայի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Հայկական կոտորածները և տեղահանումը ընդգրկեցին ողջ Օսմանյան կայսրությունը:
Ապրիլի 15-ին Վանի մերձակա Ականց գյուղաքաղաքում շուրջ 500 հայ գնդակահարվեց թուրքական իշխանությունների կողմից: Կոտորածներ տեղի ունեցան Վանի շրջակայքի 80 այլ գյուղերում. 3 օրվա ընթացքում սպանվեց 24 000 հայ: Ապրիլի 20-ին, Վանի մերձակա գյուղերի բնակիչներին կոտորելով, թուրքերը հասան քաղաք, և սկսվեց Վանի հերոսամարտը, որը տևեց մինչև 1915թ. մայիսի 16ը:
Մայիս-հունիս ամիսներին զանգվածային տեղահանություններ տեղի ունեցան ողջ Թուրքիայի տարածքում:
9 մայիսի՝ տեղահանություններ եղան Թոքատում:
14 մայիսի՝ տեղահանություններ եղան Բաբերդում:
Սուլթանի հրամանով ընդունվեց օրենք տեղահանության մասին, որի կիրառումը դրվեց ռազմական նախարար Էնվերի վրա: Օրենքը զինվորական հրամանատարությանը թույլատրում էր գյուղերի և քաղաքների բնակչությանը, անհատապես կամ հավաքականորեն, տեղափոխել և բնակեցնել այլ վայրերում: Դրանով օրինականացվեց հայ բնակչության բռնի տեղահանումը իր հայրենիքից և աքսորը արաբական անապատներ:
15-18 մայիսի՝ տեղի ունեցան Կարնո դաշտի հայերի տարագրությունը և 25 000 հայերի կոտորածը
19 մայիսի՝ կոտորվեց Խնուսի հայությունը:
Մայիսի 22-25-ին Կ.Պոլսո Նուրը Օսմանիե կենտրոնում բացվեց Երիտթուրքերի «Հատուկ կազմակերպության» խառը ժողովը, որին Թալեաթը ներկայացրեց հայերի տեղահանության ձևի և ընթացքի, հայերի կողմից լքվելիք գույքի տնօրինման, հայերի գյուղերի, տների վերաբնակեցման մասին ընդարձակ ծրագիր: Ժողովը, ավարտելով իր նիստերը, որոշում կայացրեց ամբողջապես իրագործել հայերի տեղահանության և ջարդերի երիտթուրքական ծրագիրը:
Դաշնակից պետությունները չէին կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում Թուրքիայում, և բողոքի նոտա հղեցին թուրքական կառավարությանը՝ մեղադրելով նրան հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելու մեջ: 1915թ. մայիսի 24-ին Լոնդոնում, Փարիզում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվեց Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ պաշտոնական հայտարարությունը՝ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին: Այդտեղ, մասնավորապես, ասվում էր. «Այս ամբողջ ամսվա ընթացքում Հայաստանում թուրքերի և քրդերի կողմից տեղի է ունենում հայերի կոտորած օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ՝ ուղղակի աջակցությամբ: Ապրիլի կեսին հայերի ջարդեր են տեղի ունեցել Էրզրումում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում: Վանի շրջակայքում գլխովին կոտորվել են հարյուրավոր գյուղերի բնակիչներ, բուն Վանում հայկական թաղամասը պաշարել են քրդերը: Միևնույն ժամանակ Կոնստանդնուպոլսի թուրքական կառավարությունը ձերբակալում և անասելի հալածանքների է ենթարկում հայկական խաղաղ բնակչությանը»: Անգլո-ֆրանս-ռուսական համատեղ հայտարարությունը վերին աստիճանի կարևոր, XX դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որը մեկ այլ կառավարությանը և նրա անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների և ոճրագործությունների համար:
Մայիսի 27-ին Երիտթուրքական կառավարությունը վավերացրեց Թալեաթի՝ մայիսի 22-ի տեղեկագիրը և ներքին գործերի ու զինվորական նախարարություններին հրահանգեց դրանց գործադրությունը: Նույն օրը Թալեաթը տվեց հայերի տեղահանության և ջարդի հրամանագիրը
1 հունիսի՝ Տիգրանակերտ-Խարբերդ ճանապարհահատվածում խողխողվեցին 1914թ. նոյեմբերից ի վեր շինարարական ճամբարներում աշխատող 12 000 հայ զինվորներ:
3 հունիսի՝ Տեղահանվեց Հաճընի հայությունը:
6 հունիսի - հուլիսի վերջ՝ տեղի ունեցավ Արաբկիրի հայերի տեղահանությունն ու կոտորածը: Արաբկիրից դուրս եկած հայերի քարավանները
հերթականությամբ գնդակահարվեցին Եփրատի ափին, և այսպիսով հուլիսի վերջերին Արաբկիրում այլևս հայ չմնաց:
7 հունիսի՝ տեղահանություններ եղան Երզնկայում և Ակնում: Կախաղան հանված հայերը Կոստանդնուպոլսի փողոցում, հունիս
10 հունիսի՝ տեղահանվեց Մարդինի և Սևերակի հայությունը:
11 հունիսի՝ տեղահանվեց Խոտորջուրի հայությունը:
11 հունիսի՝ տեղի ունեցավ Խնուսի 1700 հայ ընտանիքների տեղահանությունն ու կոտորածը:
14 հունիսի – 26 հուլիս՝ տեղահանվեց Կարին քաղաքի հայությունը:
22 հունիսի – 5 հուլիսի՝ տեղահանվեց Սեբաստիայի հայությունը:
24 հունիսի՝ սկսեց տեղահանվել Շապին Գարահիսարի հայությունը:
25 հունիսի՝ տեղի ունեցան կոտորածներ Բաղեշում:
26 - 27 հունիսի՝ սկսեց տեղահանվել Խարբերդի, Տրապիզոնի, Մարզվանի և Սամսոնի հայությունը:
Հուլիս – սեպտեմբեր ժամանակահատվածում հայկական ջարդերն ու ինքնապաշտպանական կռիվները.
1 հուլիսի՝ սկսվեցին Խարբերդ - Մեզրեի, Տրապիզոնի և Բայազետի հայերի կոտորածները:
2 հուլիսի՝ սկսվեց Յոզղատի շրջակա գյուղերի կոտորածը :
10 հուլիսի՝ սկսվեց Մուշի կոտորածը: 15 000 հայերից փրկվեցին միայն 500-ը, իսկ գավառի 59 000 հայ բնակչությունից՝ միայն 9 000-ը:
15 հուլիսի՝ Կարինի կուսակալ Թահսին կենտրոնին ուղղված իր նամակում գրում էր. «Կարինի շրջակայքում հայերի հանդեպ խժդժություններն անցել են ամեն սահման: Դրամի և կանանց համար գործադրված խայտառակությունները ծայրահեղորեն ամոթալի են և դեմ են մարդկությանը: Պետք է դրա առաջն առնել և, մանավանդ, վերջ տալ ամեն կողմ «Թեշքիլաթը մախսուսե» անվան տակ գործող չեթեներին: Խարբերդի կուսակալը գրում է, թե բոլոր ճանապարհները լեցուն են կանանց և երեխաների դիակներով, և ժամանակ չենք գտնում դրանք թաղելու համար: Լավ կլիներ, եթե պահպանեինք մեր վեհանձնությունն ու ազգային կերպարը»:
Սպանված հայՀուլիսի կեսերին սկսվեցին Տիգրանակերտի հայության տեղահանությունն ու կոտորածը:
18 հուլիսի՝ սկսվեց Սասունի ինքնապաշտպանությունը: Թուրքական զորագնդերը հարձակվեցին քաղաքի բնակչության վրա: Գիտակցելով իրենց սպառնացող ստույգ մահը՝ սասունցիները դիմեցին ինքնապաշտպանության և երեք օր հետո՝ հուլիսի 21-ին, բարձրացան Անդոկ լեռը:
24-28 հուլիսի՝ սկսվեցին տեղահանությունները Անկարայի և Կ.Պոլսի շրջակայքում: Տեղահանություններ սկսվեցին Իզմիթում, Պարտիզակում, Արմաշում, Կեսարիայում, Անկարայի շրջակա հայկական գյուղերում, շարունակվեցին տեղահանությունները Կիլիկիայում ընդգրկելով նոր տեղավայրեր՝ Անտիոքը, Այնթապը, Բեհեսնին, Քիլիսը, Ադըյամանը, Կարադուրանը, ապաՔեսաբը և շրջակա այլ վայրեր:
30 հուլիս - 14 սեպտեմբեր՝ հրահանգվեց տեղահանել Սուեդիո շրջանի հայությանը, սակայն ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության: Հերոսամարտը, որ ծանոթ է «Մուսա լեռան 40 օր» անունով, տևեց մինչև սեպտեմբերի 14-ը: Գրեթե քառասուն օր գոյամարտելուց հետո՝ սեպտեմբերի 14-ին, ողջ մնացած 4000-ից ավելի հայերի հաջողվեց դուրս գալ թուրքական զորքերի շրջափակումից, հասնել ծովափ և փրկվել՝ այնտեղ իրենց սպասող անգլիական և ֆրանսիական նավերի շնորհիվ: Օրեր անց նրանք հասան Պորտ-Սաիդ քաղաքը: Տարիներ անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը հայ ազգի համար ողբերգական, բայց նաև հերոսական այս դրվագը կհավերժացնի իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով:
3-11 օգոստոսի՝ սկսվեց Աֆիոն Գարահիսարի, Կեսարիայի, Սիվրիհիսարի, Մերսինի, Ադաբազարի, Մարաշի, Էսքիշեհիրի և շրջակա գյուղերի տեղահանությունը :
13-21 օգոստոսի՝ սկսվեց Անկարայի, Բրուսայի, Էվերեկի, Ադանայի և դրանց շրջակայքի հայության տեղահանությունը:
Օգոստոս - սեպտեմբեր՝ տրվեց առաջին պաշտոնական վկայությունները արևմտահայության զանգվածային բնաջնջումների մասին:
Օգոստոս՝ ԱՄՆ դեսպան Մորգենթաուն հայտարարում է կատարվածի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունների մասին, որը նա ձեռք էր բերել Թալեաթի հետ ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում:
12 օգոստոսի՝ Էնվերը հայտնում է, որ այդ պահի դրությամբ 200.000 հայեր սպանվել են:
19 օգոստոսի՝ Ջեյմս Բրայսը հայտարարում է , որ Թուրքիայում սպանվել է 500.000 հայ:
31 օգոստոսի՝ Թալեաթը տեղեկացնում է Գերմանիայի դեսպան արքայազն Էռնստ Հոենլոե-Լանգենբուրգին, որ Հայկական հարց այլևս գոյություն չունի:
14 սեպտեմբերի՝ «Նյու Յորք Թայմսը» հաղորդում է 350.000 սպանված հայերի մասին:
15 սեպտեմբերի՝ Օսմանյան կայսրության խորհրդարանը վավերացրեց լքված գույքի մասին օրենքը:
Պատասխանելով ներքին գործերի նախարարության 1916թ. մարտի 3-ի հեռագրին` Աբդուլհատ Նուրին նախարարությանը տեղեկացրեց, որ մինչև 1916թ. մարտի 16-ը Պապում և Մեսքենեում բնաջնջված է 35 000 հայ, Հալեպի մերձակայքում գտնվող Քարըլքում` 10 000, Տիպսիում, Աբուհարրարում և Համամում` 20 000, և Ռաս-ուլ-Այնում` 35 000, ընդհանուրը` 100 000 հայ:
17 մարտին սկսվեց Ռաս–ուլ-Այնում հավաքված ավելի քան 50 000 հայերի տեղահանությունը: Տեղահանություններին հաջորդեցին կոտորածները, որոնք տևեցին մինչև հունիս: Ապա տեղի ունեցավ Դեր Զորում հավաքված 200 000 հայերի կոտորածը:
22 հունիսի-13 հուլիսի՝ ջարդեր տեղի ունեցան տարբեր վայրերում, որոնց ընթացքում Սեբաստիայում սպանվեց բանվորական ջոկատներում աշխատող 10000 հայ զինվոր, Կարինի արևմուտքում՝ 9000, Զառայումվ 1000, Թոքատի գավառակի Ռեշադիե կոչված վայրում՝ 1000 զինվոր: Ջարդերն իրենց ավարտին հասան հուլիսի 13-ին, և սպանված հայ զինվորների թիվը հասավ 21 000-ի:
10 օգոստոսի՝ հրատարակված պաշտոնագրով երիտթուրքերի կառավարությունը լուծարեց Երուսաղեմի և Կ. Պոլսո Հայոց պատրիարքությունները և թողեց միայն Կիլիկիո կաթողիկոսությունը, որի կենտրոնը պետք է դառնար Երուսաղեմը:
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, հենվելով ԱՄՆ կոնգրեսի ընդունած բանաձևի վրա, հոկտեմբերի 8-ը և 9-ը հայտարարում է «Հայաստանին օգնության օրեր»:
Նոյեմբերի 26ին հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշայի, Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա)՝ Լոնդոնում կնքած պայմանագրի հիման վրա ֆրանսիական զորքերի կազմում ստեղծվեց հայկական կամավորական զորագունդը՝ Արևելյան լեգեոնը, որը թուրքական տիրապետությունից պետք է ազատագրեր հայկական հողերը: 1918թ. դեկտեմբերին զորագունդը կոչվեց Հայկական լեգեոն:
1917թ. Հունվարին Գերմանիայի դեսպանատան պաշտոնյա Գոբերթը հանդիպեց Էնվերի, Թալեաթի և Հալիլի հետ՝ նպատակ ունենալով տեղեկացնել, որ նրանց կողմից իրականացվող բռնի իսլամացումը ոչ մի կապ չունի ռազմական միջամտության կամ անվտանգության հետ և պետք է դադարեցվի:
Հոկտեմբերի 25-ին Բոլշևիկները Լենինի գլխավորությամբ Ռուսաստանում իրականացրին քաղաքական հեղաշրջում: Իշխանությունը վերցնելով՝ բոլշևիկները ձեռնամուխ եղան պատերազմական գործողությունների դադարեցմանը, և արդեն նոյեմբեր ամսից ռուսական զորքերը սկսեցին դուրս բերվել Արևմտյան Հայաստանի տարածքից: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև՝ նվաճել ողջ Արևելյան Հայաստանը:
1918թ. Մարտի 3-ին Ռուսաստանի նորաստեղծ բոլշևիկյան կառավարությունը Բրեստ-Լիտովսկում դաշինք կնքեց հակաանտանտյան պետությունների՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի հետ, որով փաստորեն նա դուրս եկավ Անտանտից և մերձեցավ իր նախկին հակառակորդների հետ: Կնքելով այս պայմանագիրը՝ կողմերը համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ այսուհետ նրանց միջև դադարեցվում են պատերազմական գործողությունները, և Ռուսաստանը ապահովում է իր զորքերի դուրս բերումը Արևելյան Անատոլիայից, մասնավորապես՝ Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից: Այս պայմանագիրը 1917-ի նոյեմբերի 8-ին բոլշևիկների կողմից ընդունած «Խաղաղության մասին» դեկրետի տրամաբանական շարունակությունն էր: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ծանր վիճակի մեջ դրեց կովկասյան ճակատի շրջաններում ապրող հայ ազգաբնակչությանը: Այն փաստորեն չեղյալ համարեց 1917-ի դեկտեմբերի 29-ին բոլշևիկների ընդունած «Արևմտյան Հայաստանի հողերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին» որոշումը և փոխարենն ընդունեց նույն այդ հողերը Թուրքիային վերադարձնելու մասին վճիռ: Ամիսներ անց՝ սեպտեմբերի 20-ին, Ռուսաստանի կառավարությունը արտգործնախարար Չիչերինի ստորագրած նոտայով չեղյալ հայտարարեց ըստ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի Թուրքիային կովկասյան տարածքների զիջումը: Եվ, այնուամենայնիվ, բրեստյան թեկուզև ժամանակավոր բնույթ կրող պայմանագրով անհնար դարձավ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը Արևմտյան Հայաստանի այն տարածքների վերադարձը, որտեղ դրանից մի քանի ամիս առաջ ռուսական բանակն էր կանգնած, և որոնք կարող էին Ռուսաստանի կողմից կնքված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Հայաստանի Հանրապետության հաստատման պահին նրա ծանրակշիռ բաղկացուցիչ մասը դառնալ: Բրեստյան հաշտությունը լավ հնարավորություններ էր ստեղծում նվաճողական նկրտումներ ունեցող թուրքական կողմի համար: Օգտվելով ստեղծված իրավիճակից և խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին կնքած Երզնկայի զինանադադարը՝ թուրքական բանակն անցավ հարձակման և շնորհիվ գերակշռող ուժերի՝ իրար հետևից գրավեց Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին՝ նաև Ալեքսանդրապոլը: Արևելյան Հայաստանի վրա կախվեց լինել-չլինելու հարցը:
1918թ. Մայիսին Թուրքական զորամիավորումները գրավեցին Սարդարապատ կայարանը: Կանոնավոր զորամասերից և աշխարհազորից բաղկացած հայկական բանակը կենաց-մահու կռվի ելավ թուրքական կանոնավոր զորքերի դեմ: Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Սիլիկյանի վրա: Մայիսի 27-ին ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակի մնացորդները փախան Ալեքսանդրապոլ:
Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Նորանկախ հայկական պետականութանը վիճակված էր գոյատևել երկու և կես տարի՝ մինչև Հայաստանի խորհրդայնացումը:
Հակառակ Բաթումի 1918թ. հունիսի 4-ի դաշնագրի՝ օգոստոսի 15-ին թուրքական զորքը հարձակում գործեց Ալեքսանդրապոլի վրա: Հայերի 15 ժամ տևած դիմադրությունը հնարավորություն տվեց Կարինից, Կարսից, Արդահանից և Արդվինից այստեղ հավաքված գաղթականներին հեռանալ քաղաքից: Թուրքական զորքը սրի քաշեց քաղաքում մնացած բնակչությանը: Սեպտեմբեր 15-ին թուրքական իշխանությունների ենթակայության ներքո գործող «Վայրագ զորաբաժին» թաթարական զորագունդը Բաքվում իրականացրեց հայ բնակչության ջարդը: Ընդհանուր առմամբ Բաքվում կոտորվեց 30.000 հայ:
Սեպտեմբերի 19-ին Պաղեստինի Արարա բարձրունքի վրա տեղի ունեցավ ճակատամարտ ֆրանսիական զինված ուժերի կազմում կռվող Հայկական լեգեոնի և թուրքական բանակի միջև: Այս ճակատամարտում տարած հաղթանակի շնորհիվ Հայկական լեգեոնը մեծապես նպաստեց դաշնակիցների հաջողությանը՝ աջակցելով թուրքական բանակի դեմ տարած հաղթանակին:
1918թ. Հոկտեմբերի 30-ին Մուդրոս քաղաքում կնքվեց զինադադար Անտանտի երկրների և Թուրքիայի միջև: Այդպիսով Թուրքիան պարտված ճանաչվեց Առաջին աշխարհամարտում: Հետագայում Անտանտի երկրները ոչ մի քայլ չձեռռնարկեցին իրագործելու համար Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կարող էին նպաստավոր լինել Հայաստանի համար, և Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց Մուդրոսի զինադադարը՝ հասնելով դրա փաստական վերացմանը:
Նոյեմբերի 28-ին Արևելյան (Հայկական) լեգեոնը մտավ Կիլիկիայի Ալեքսանդրետի նավահանգիստը և դեկտեմբերի 17-19-ին կարողացավ գրավել Կիլիկիայի մի շարք ռազմավարական կարևոր կետեր:
1919թ. փետրվարի 28-ին որպես Թուրքիայում ազգայնական-քեմալական ուժերի հզորացման հետևանք՝ Հալեպ քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ:
Հուլիսի 23-ին Զորավար Քյազիմ Կարաբեքիրի կազմակերպությամբ և գնդապետ Մուստաֆա Քեմալի նախագահությամբ Կարինում բացվեց թուրք ազգայնականների համաժողովը, որի մասնակիցների մեծ մասը նախկին երիտթուրքեր էին: Համաժողովը, օգոստոսի 7-ին ավարտելով իր նիստերը, ընդունեց Թուրքիայի ամբողջականության և անձեռնմխելիության մասին իր հայտարարությունը:Հայ կինն Ադանայից` տանջահար արված և դանակի վերքերից այլանդակված 
1920թ. հունվարի 21-ին թուրք ազգայնականների դեմ սկսվեց Մարաշի հերոսամարտը, որը տևեց մինչև 1920թ. փետրվարի 12-ը: Փետրվարի 11-ին ֆրանսիական ուժերը նահանջեցին Մարաշից: Հայերը հետևեցին ֆրանսիական բանակին, սակայն ճանապարհին ենթարկվեցին թուրքական հարձակման: Խուժանը մորթեց, կացնահարեց հայերին ու ֆրանսիացիներին: Նահանջի ճանապարհին հայերն ունեցան 3000-5000 զոհ, իսկ ֆրանսիացիները` 800-1200 սպանված ու ցրտահարված:
Հունվարի 27-ին Կ. Պոլսի ռազմական ատյանի նիստին Մուստաֆա Քեմալը երիտթուրքերի մասին ասաց հետևյալը. «Այն փաշաները գործեցին չտեսնված, անպատմելի և անըմբռնելի ոճիրներ և իրենց անձնական շահերն ապահովելու համար երկիրը հասցրին ներկա վիճակին: Նրանք գործադրել են ամեն տեսակի բռնություն, կազմակերպել են տեղահանություններ և ջարդեր, նավթով այրել են ծծկեր մանուկների, իրենց ամուսինների և ծնողների ներկայությամբ բռնաբարել են կանանց և աղջիկների, զավակներին, մանավանդ, աղջիկներին բաժանել են իրենց ծնողներից, բռնագրավել են հայերի անշարժ և շարժական ունեցվածքը, ամեն բռնություն գործադրելով՝ հայերին տարագրել են մինչև Մուսուլ՝ նրանց ողբալի վիճակի հասցնելով, հազարավոր անմեղների ծովն են նետել, մարդկանց բռնադատել են, ստիպել հավատափոխ լինել, սովալլուկ ծերունիների ամիսներով քայլեցրել և ստիպել են աշխատել, երիտասարդ կանանց նետել են որևէ ազգի պատմության մեջ նմանը չունեցող զարհուրելի հանրատները»:
Մարտի 23-ին Խոսրով բեկ Սուլթանովի գլխավորած թուրք մուսաֆաթական հրոսակախմբերը կոտորեցին Շուշիի ավելի քան 30 000 հայ բնակչությանը, կողոպտեցին, ավերեցին և հրկիզեցին քաղաքի հայկական մասը:
Շուշին ավիրված 1920թ.

Մարտի 23-ին սկսվեց Հաճընի հերոսամարտը թուրք ազգայնական ու երիտթուրքական միացյալ ուժերի դեմ և իր ավարտին հասավ 1920թ. հոկտեմբերի 15-ին:
1921 թ. ապրիլի 1-ին սկսվեց Այնթապի հայության հերոսամարտը, որն իր վախճանին հասավ 1921թ. փետրվարի 8-ին:
Թուրքիայում 1919 թ. փետրվարին սկսվեց երիտթուրքերի առաջնորդների դատավարությունը, որոնք մեղադրվում էին պատերազմի ընթացքում գործած հանցանքների, երկիրը կործանարար պատերազմի մեջ ներքաշելու մեջ: Առաջ քաշած մեղադրանքների մեջ առկա էր նաև Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կոտորածներ կազմակերպելու և իրականացնելու մեղադրանքը: Սակայն երիտթուրքերի որոշ առաջնորդներին ներկայացված դատավճիռը կրում էր «հեռակա» բնույթ, քանի որ նրանք հասցրել էին պատերազմի ավարտին փախչել երկրից: Հուլիսի 5-ին հրապարակվեց երիտթուրք պարագլուխների դատավճիռը, ըստ որի, 31 հանցագործներից 4-ը՝ Թալեաթը, Ջեմալը, Էնվերը և Նազիմը, դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ը՝ տարբեր տարիների ազատազրկման:
Օգոստոսի 4-ին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակվեց Կիլիկիայի հայոց անկախությունը՝ Ինքնավար Հայաստան Ֆրանսիական հովանավորության ներքո: Սակայն այդ պետությունը սոսկ հռչակագրային բնույթ կրեց, քանի որ անգլա-ֆրանսիական հակասությունների սրման պայմաններում Թուրքիայի կողմը հակված ֆրանսիական զինվորական իշխանությունները ցրեցին նորաստեղծ հայկական կառավարությունը:
Օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Առաջին աշխարհամարտում հաղթանակած պետությունները Թուրիքիայի հետ կնքեցին պայմանագիր, որը ծավալուն՝ 13 մասից և 433 հոդվածներից բաղկացած մի փաստաթուղթ է: Պայմանագրի՝ մասնավորապես, 88-րդ հոդվածով Թուրքիան ճանաչում էր «Հայաստանը՝ որպես ազատ և անկախ պետություն»: Իսկ 89-90-րդ հոդվածներում նշված է, որ «Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվում են Էրզրումի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների գծորոշումը ներկայացնել ԱՄՆ նախագահի վճռին և ընդունել նրա որոշումը, ինչպես նաև բոլոր այն միջոցները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանի դեպի ծով դուրս գալու և նշված սահմանի վրա ցանկացած Օսմանյան տարածքի ապառազմականացման վերաբերյալ: ...Թուրքիան այս վճռի կայացման օրից հրաժարվում է հանձնվող տարածքների նկատմամբ բոլոր տեսակի իրավունքներից»:
Սեպտեմբերի 14-ին Ադանայի ֆրանսիական իշխանությունները Կիլիկիայում ապաստանած հայերին հրահանգեցին մեկնել Կ. Պոլիս, Ամերիկա, Մարսել, Բեյրութ, Դորթ Յոլ, Իսկենդերոն կամ որևէ այլ տեղ: Հրահանգը վերաբերում էր 14 000 այն հայերին, ովքեր ֆրանսիական հովանավորության ներքո էին, սակայն որոշ ժամանակ անց այդ հրահանգը տարածվեց ողջ հայության վրա:
Սեպտեմբերի 23-ին առանց պատերազմ հայտարարելու թուրքական բանակն ընդհանուր հարձակման անցավ Հայաստանի դեմ: Սկսվեց հայ-թուրքական պատերազմը: Թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Ալեքսանդրապոլի գավառում և Ախալքալաքի շրջանում սրի քաշվեց ու թալանվեց մոտ 30 գյուղ: Հայ խաղաղ բնակչության նկատմամբ թուրքերն առանձնակի դաժանություն էին ցուցաբերում:
Մինչ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն արտահայտում էր իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նոր սահմանների անցկացման հարցի շուրջ, բոլշևիկյան Կարմիր բանակը նվաճում էր ողջ Կովկասը: Նոյեմբերի վերջին Կարմիր բանակը մտավ Հայաստան, տիրող դաշնակցական կառավարությունը, չցանկանալով ներքաշվել ավելորդ արյունահեղությունների և եղբայրասպան քաղաքացիական պատերազմի մեջ, իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: Դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց:
1921թ. մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթը: Մահափորձն իրականացնողը Սողոմոն Թեհլերյանն էր: Այս գործողությամբ սկիզբ դրվեց 1919թ. աշնանը Երևանում ՀՅԴ կուսակցության 9-րդ համագումարում մշակված «Նեմեսիս» (վրիժառության հին հունական աստվածուհու անվամբ) գործողությանը, որի խնդիրն էր Թուրքիայում երիտթուրքերի պարագլուխների դեմ կայացված մահվան դատավճռի ի կատար ածումը: «Նեմեսիսը» հստակ, մանրազնին մշակված գործողություն էր, որը ժամանակի ընթացքում արդարացի վրեժխնդրության նպատակով արդյունավետ իրականացվեց հայ վրիժառուների կողմից: Ստեղծվել էր նաև հատուկ հանձնախումբ, որը պետք է հայտնաբերեր փախստական դարձած և աշխարհի տարբեր անկյուններում ծպտված եղեռնագործներին: Հունիսին սկսվեց Թեհլերյանի դատավարությունը, որը փաստորեն վերածվեց ցեղասպանության կազմակերպիչների դեմ դատավարության: Եվրոպայի հանրության ճնշման շնորհիվ Թեհլերյանն արդարացվեց: Դեկտեմբերի 6-ին Հռոմում մեկ այլ հայ վրիժառուի՝ Արշավիր Շիրակյանի արձակած գնդակից սպանվեց երիտթուքերի առաջին կառավարության ղեկավար Սաիդ Հալիմը: 1922թ. ապրիլի 7-ին Բեռլինում հայ վրիժառուներ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը իրականացրին Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազըմիի և «Թեշքիլաթը Մախսուսե» հանցավոր կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրի մահապատիժը: Հուլիսի 25-ին հայ վրիժառուներ Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի կողմից Թիֆլիսում մահապատժի ենթարկվեց հայոց եղեռնի դահիճներից մեկը՝ Ջեմալ փաշան:
Մարտի 16-ին Մոսկվայում ստորագրվեց խորհրդա-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագիրը: Այն ստորագրվեց մի այնպիսի ժամանակահատվածում, երբ խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունն աջակցում էր քեմալական Թուրքիային՝ անտեսելով Հայաստանի նկատմամբ վերջինիս զավթողական քաղաքականությունը:
Մարտի 20-Ին Լոնդոնում կնքվեց թուրք-ֆրանսիական պայմանագիր:
Հոկտեմբերի 13-ին Կարսում կնքվեց պայմանագիր մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ նորաստեղծ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների միջև: Այս պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի կետերը Հայաստանի տարածքների հարցում:
Հոկտեմբերի 20-ին Անկարայում ստորագրվեց թուրք-ֆրանսիական դաշնագիրը, և 1921թ. դեկտեմբերից մինչև 1922թ. հունվարի 4-ը Ֆրանսիան իր զինված ուժերը դուրս բերեց Կիլիկիայից:
Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 160 հազար հայերին ստիպեց գաղթել դեպի Սիրիա, Լիբանան, Հունաստան:
1922թ. Օգոստոսի 4-ին Միջին Ասիայում բասմաչների և խորհրդային զորքերի բախման ժամանակ հայ զինվորական Հակոբ Մելքումովի կողմից սպանվեց Օսմանյան Թուրքիայի ռազմական նախարար Էնվերը:
Նույն թվականի սեպտեմբերի 9-ին թուրքական բանակը մտավ Իզմիր. սկսվեց 10 000 հայերի ու 100 000 հույների ջարդը: Երեք օր անց Իզմիրը հրդեհվեց:
Նոյեմբերի 20-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում իր աշխատանքները սկսեց Մերձավոր Արևելքի հարցերին վերաբերող միջազգային համաժողովը, որը տևեց մինչև 1923թ. հուլիսի 24-ը: Մասնակիցներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումիանիան, Հարավսլավիան, Թուրքիան և դիտորդի կարգավիճակով՝ ԱՄՆ-ը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը թույլատրված չէր մասնակցել համաժողովին այն պատճառաբանմամբ, որ այդ պատվիրակությունն այլևս չէր կարող ներկայացնել Հայաստանը, որտեղ հաստատվել էին խորհրդային կարգեր: Լոզանի համաժողովում քննարկվեց նաև Հայկական հարցը, սակայն թուրքական պատվիրակությունը Իսմեթ փաշայի և Ռիզա Նուր Բեյի գլխավորությամբ վճռականորեն հանդես եկավ Թուրքիայի տարածքում որևիցե հայկական օջախի ստեղծման գաղափարի դեմ: Ի վերջո բանակցությունների ընթացքում Թուրքիային հաջողվեց իր կամքը թելադրել Անտանտի երկրներին: Արդյունքում, Լոզանի վերջնական համաձայնագրում չկար Հայաստանի և հայերի մասին որևէ հիշատակում: Այսպիսով, Լոզանի համաժողովով Հայկական հարցը ժամանակավորապես փակվեց, և Սևրի դաշնագրով Հայաստանին հանձնվելիք տարածքներն անհետացան Թուրքիայի Հանրապետության նորովի ընդունված սահմաններում:
1923թ. մարտի 31-ին Անկարան անմեղ հռչակեց բոլոր այն թուրքերին, ովքեր դատապարտված էին ռազմական կամ այլ դատարանների կողմից, իսկ սեպտեմբերին ընդունվեց թուրքական նոր օրենք, ըստ որի մեկընդմիշտ արգելվեց հայերի վերադարձը Թուրքիա:
Նոյեմբերի 30-ին կայացավ Պոնտոսի հայերի և հույների տեղահանությունը:
Հակառակ տեղի բնակչության կամքին և Սիրիայի ընդդիմանալուն, Ալեքսանդրետի սանջակը բռնակցվեց Թուրքիային, որի հետևանքով 1939թ. հուլիսի 16-23-ը ընկած ժամանակահատվածում տեղաբնակ շուրջ 40.000 հայերը լքեցին իրենց բնակավայրը և հաստատվեցին Սիրիայում ու Լիբանանում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ առաջ Ադոլֆ Հիտլերը, ելույթ ունենալով իր զինվորների առաջ, կոչ արեց նրանց «...անխնա կոտորել լեհական ռասայի բոլոր մարդկանց տղամարդ, կին, երեխա», և ավարտեց իր խոսքերը հետևյալ հարցով. «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին... »: 

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել