Մի անդնդախոր հառաչանք է կախված երկնքից: Երբ մենք երկինք ենք նայում, այդ հառաչանքը մեր հոգին է լցվում: Դա միլիոնավոր անմեղ զոհերի հառաչանքն է: Մի արցունք է կախված երկնքից: Երբ մենք երկինք ենք նայում, այդ արցունքը մեր աչքերն է լցվում, ու մենք աշխարհը արցունքի միջից ենք տեսնում: Դա միլիոնավոր անմեղ զոհերի արցունքն է: Երկնքից սևակնած մի զայրույթ է կախված: Երբ մենք երկինք ենք նայում, զայրույթի շանթեր են մեր սրտին բեկվում: Երկնքից շշունջ է կախված, որ ասում է՝ ներեք մեզ: Դա միլիոնավոր անմեղ զոհերն են, որ շշնջում են մեզ, որ ներենք իրենց: Եվ մեր հոգում անդնդախոր հառաչանք է, մեր աչքերում արցունք է, մեր սրտի վրա զայրույթի շանթեր են բեկվում, և մենք մեզ չենք ներում, որ նրանք նահատակվեցին մեզանից առաջ. չէ՞ որ նրանք հենց մենք ենք, չէ՞ որ մենք հենց նրանք ենք:
Ու մենք այսօր քրիստոնյա ենք, ու մենք այսօր ինքներս մե՜զ չենք կարողանում ներել, ուր մնաց՝ թշնամուն: Բայց, եթե ուզում ես հաղթել թշնամուն, առաջին հերթին հաղթիր քեզ, որովհետև թշնամին քո մեջ է թաքնվում:
Մենք ուզում ենք նայել երկնքին և անդորր տեսնել այնտեղ ու մեր հոգիներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել