շNewsbook.am-ը գրում է.

ՀՀԿ կուլուարներում արդեն վստահորեն հաստատում են լուրերն այն մասին, որ առաջիկա շաբաթ օրը որոշում կկայացվի Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետների պաշտոնանկության մասին:

Սակայն, եթե Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի այս պաշտոնանկությունը միջոց է առավել բարձր պաշտոն զբաղեցնելու համար, ապա Էդգար Ղազարյանը գուցե վերադառնա դասախոսական աշխատանքի կամ էլ մի որևէ աշխատանք գտնի «Ջերմուկ-Գրուպում»:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կարողացել է արդեն մի շարք ծրագրերի ու նախաձեռնությունների հեղինակ դառնալ, սակայն որոշվել է նրան տեսնել նախարարի պաշտոնում: Սա, իհարկե, հայր Մաքսիմ Հակոբյանի երազանքն ու ցանկությունն է՝ որդուն տեսնել նախարարի, ապա արդեն նախագահի պաշտոնում:

Բայց Սերժ Սարգսյանը Մաքսիմ Հակոբյանի երազանքի իրականացման ճանապարհով չի գնում այլ կյանքի է կոչում սեփական ծրագրերն ու անում սեփական հաշվարկները: Մինչև վերջերս մեծ ցանկություն կար Սյունիքի նախկին մարզպետ Լիսկային՝ Սուրիկ Խաչատրյանին, նախարարի պաշտոն տալ, սակայն իշխանությունները հասկացան, որ առանց այն էլ իրենց որդեգրած ցինիզմի այս նոր արտահայտությունը կարող է բում առաջացնել, եթե անգամ սյունեցիները շատ չբորբոքվեն, ապա լրատվամիջոցները հուժկու արշավանք կկազմակերպեն:

Ուստի, հարկավոր էր այլ լուծում գտնել: Եվ այդ լուծումը Լիսկային հավերժորեն Սյունիքի տիրակալ կարգելն է։ Փաստ է, որ Սերժ Սարգսյանը հազար թելերով կապված է Լիսկային, թե ինչ գաղտնիքներ կան նրանց միջև, որոնք պարտադրում են Սերժ Սարգսյանին գուրգուրել ու փայփայել բազմաթիվ հանցագործությունների տարափի տակ հայտնված Լիսկային՝ դժվար է ասել, սակայն անհերքելի է, որ Սարգսյանի համար Լիսկան անփոխարինելի և եզակի է: Եզրակացնենք. Վահե Հակոբյանը նախարարի պաշտոն է ստանում հանուն Լիսկայի մարզպետության:

Իսկ ահա Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի խնդիրն այլ է: Որքան էլ որոշ լրատվամիջոցներ պնդեն, թե մտավորական մարզպետին հեռացնում են 2012 թվականին ԲՀԿ-Ղազարյան «փոխհրաձգության» պատճառով, այնուհանդերձ սեփական պաշտոնանկության մեղավորը հենց ինքը՝ մարզպետն է:

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ֆեյսբուքում մշտապես ակտիվ ներկայություն ունեցող Էդգար Ղազարյանը տեղադրել էր իր լուսանկարները Տիգրան Սարգսյանի հետ՝ ջերմ ու երախտագետ մակագրություններով: Հենց այս լուսանկարներն էլ զայրացրել են Հովիկ Աբրահամյանին, ու նա առաջադիր է համարել մարզպետի հեռացումը զբաղեցրած պաշտոնից:

Իհարկե, Էդգար Ղազարյանը համարվում է թույլ մարզպետ, աղքատության մեջ ապրող մարզում նրա ղեկավարն այդպես էլ չի կարողացել որևէ հիմնավոր ծրագիր ներդնել, փրկել մարզը արտագաղթի ուռճացող ծավալներից: Այսօր Եղեգնաձորն ու Վայքը վերածվել են 20-րդ դարասկզբի գյուղերի, մարդիկ ապրում են անորոշության ու տագնապների մեջ:

Սակայն հազիվ թե մարզպետը կարողանար շատ բան անել, երբ բացակայում են պետական ծրագրերն ու մոտեցումները։ Բայց դրանք հիմա որևէ մեկին չեն հետաքրքրում: Տիգրան Սարգսյանին գովերգողը պիտի հեռանա։

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել