«Տասնամյակներ շարունակ մեր ժողովրդին համոզել են, որ պահանջատիրությունն ավելորդ բան է, կեղծ է: 70 տարի կոմունիստական իշխանությունը համոզել է, թե այլևս մոռացեք տարածքային պահանջատիրությունը: Համոզում էին, որ այլևս անհնար է ինչ-որ բան փոխել, ասում էին՝ Թուրքիան իր սահմանն արդեն գծել է, մենք Կարսի պայմանագրով ընդունել ենք, Նախիջևանը Անդրբեջանինն է, ինչ որ եղել է, եղել է, մոռացե՛ք, հիմա զրո կետից սկսեք ապրել: Այս ամենը, իրոք, ազդեցություն ունեցել է, սակայն ոչ այն չափով, ինչ չափով իրենք կուզենային: Սակայն մինչև հիմա մեր ժողովրդի զգալի մասը, համոզված եմ՝ նաև այսօրվա իշխանությունները, այն համոզմունքն ունեն, թե որևէ տարածքային պահանջ, որևէ հատուցում այլևս անհնար է։ Հայտարարում են, թե եկեք իզուր տեղն այլևս տարածքային պահանջի կամ հատուցման մասին չխոսենք: Փաստորեն, մենք հիմա՝ անկախությունից 20 տարի անց, վերադարձել ենք այն նույն կոմունիստական շրջանի գաղափարախոսությանը, թե ոչինչ փոխել հնարավոր չէ: Պանաջատիրությունը շատ դեպքերում ներկայացվում է որպես ռոմանտիզմ: Առավելագույնը ձեռք բերելը միշտ ռոմանտիզմ է, բայց պետք է առավելագույնը պահանջես, որ ինչ-որ բան ստանաս: Ես էլ եմ մտածում, որ այսօրվա վիճակում տարածքային փոխհատուցում ստանալը մի քիչ ռոմանտիկ է թվում: Բայց դրա դիմաց դու կարող ես իրավունք ձեռք բերել քո հայրենի վայրերը վերադառնալու, փոխհատուցում ստանալու, քո պապենական ունեցվածքին տեր կանգնելու, վստահ լինելու, որ մեր եկեղեցիները և մշակույթի վայրերն այլևս չեն ավերվի: Եթե դու ընդհանրապես պահանջ չունես, ի՞նչ ես ուզում ստանալ» (Միքայել եպիսկոպոս Աջապահյան)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել