Հարգարժան վարչապետին` ի խորոց սրտի.
Պարոն Հովիկ Արգամի, գնահատելով Ձեր օպերատիվ միջոցառումները, օրինակ, պարտադիր կուտակայինի վերաբերյալ, քաղաքական կտրուկ դիրքորոշումն ու արձագանքը, ասենք, Քոչարյանի` Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հրապարակ նետած թեմային, հաշվի առնելով Ձեր նշանակման առաջին իսկ պահից ԶԼՄ-ների ու հասարակության հետ բացարձակ թափանցիկ ու ազատ լինելու մղումները, և իհարկե, հաշվի առնելով Ձեր «հատուկ» հարաբերությունները Հայաստանի նախագահի հետ, ինձ թույլ եմ տալիս մի հրապարակային հորդոր և առաջարկ անել` միտված հայաստանաբնակ քաղաքացու վաղվա ապահով կյանքին: Չգիտեմ՝ ոնց կանեք, ինչ քայլեր ավելի արդյունավետ կհամարեք, ի վերջո, միջոցները էական չեն, բայց վերացրեք Հայաստանում բեսպրեդելը: Արդեն որերոդ դեպքն եմ՝ կարդում մամուլում, որ էսինչի տղան, էնինչի լակոտը իրեն սանձարձակ պահեց, մարդ ծեծեցին, օբյեկտ ջարդուփշուր արեցին, պատկան մարմիններն էլ եկան, վրաները չկարողացան, մի խոսքով, սանձարձակները մնացին անպատիժ: Գլոբալ փոփոխություններ են պետք, կարծում եմ, համակարգային` այսպես ասած: Չգիտեմ՝ ոստիկանություն ու անվտանգություն եք պատժում, պաշտոնյա հայրիկների եք պատժում, թե չգիտեմ էլ՝ ինչ, բայց անպատժելիության զգացողությունը չպիտի թույլ տալ, որ այս աստիճան ծավալվի: Հասարակության մեջ սարսափի ու անտարբերության զգացողությունները գնալով աճում են: Սա է նաև արտագաղթի պատճառը կամ պատճառներից մեկը: Հիմա կասեք՝ տեսաք Հարսնաքարի դեպքում պատժվեցին, ճիշտ եք, բայց այդ անտեր Հարսնաքարը նաև սովորական ընկալվող դարձրեց նման դեպքերը: Իսկ հայերին հարսնաքարներ պետք չեն: Մի տարբերակ էլ կա, կարող եք զենքի մասին օրենքը փոխել, բոլորին թույլատրել, որ կրեն. Ամերիկայի փորձը կա չէ, թող մի քանի լպիրշներ իրար վրա կրակեն, հանգստանան ու... իրենց մեջ էլ վախի մթնոլոտը զսպի հնարավոր պատուհասները: Այո, թող էդ «ներսի թուրքն» էլ վախի մեջ ապրի, ինչով է ավել սովորական հայ ժողովրդից:
Հարգանքներս պարոն վարչապետ: Քանի որ երկրի նախագահը լուրջ ակնկալիքներ ունի Ձեզնից, ինձ իրավունք եմ վերապահում ևս ակնկալիքներ ունենալ Ձեզանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել