Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում պատգամավորն իր տեսկետն է հայտնում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։
Հաղորդագրությունում ասվում է.

«Այսօր մեր հասարակության զգալի հատվածին հուզող կարևորագույն խնդիրներից մեկը այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխումներն են ու դրանց շուրջ ստեղծված կացությունը: Լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել նաև իմ տեսակետն այս հարցի առնչությամբ, քանի որ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ որևէ կուսակցության մեջ բազմակարծության բացակայությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Առավել ևս, որ իմ խորին համոզմամբ, նման նախաձեռնության հիմքերը որևէ ուղղակի կապ չունեն ո՛չ կուսակցության, ո՛չ նրա ընդհանուր սկզբունքների հետ: Մյուս կողմից որևէ որոշում կամ քայլ դոգմատիկ չէ, ուստի միշտ էլ կարելի է շտկել:

Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել կառավարության և նորանշանակ վարչապետի օպերատիվ արձագանքը, այն է՝ ընդունել օրինագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հետագայում, հատկապես օրինագիծը Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխանեցնելու գործընթացում, զերծ մնալ աճպարարություններից և «ձախ ձեռքով աջ ականջը քորելու» գործելաոճից:

Իմ խորին համոզմամբ, մենք պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադրիչը: Հակառակ պարագայում, ինչպիսի լուծում էլ առաջարկվի, հասարակության մի զգալի հատվածի համար առաջանալու է լուրջ ֆինանսական բեռ:

Միանշանակ համաձայն եմ, որ պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների վաղվա օրվա մասին, համաձայն եմ, որ կենսաթոշակային համակարգը, ինչպես և ցանկացած համակարգ, բարելավման կարիք ունի: Սակայն նաև վստահ եմ, որ ցանկացած պետություն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների թե՛ վաղվա, թե՛ այսօրվա մասին: Իսկ մեր իրականության մեջ մեծամասնության համար նույնիսկ ամենափոքր թվացող գումարի հավելյալ բեռը լրջորեն ազդելու է նրա ընտանեկան, առանց այն էլ, մեղմ ասած, համեստ բյուջեի վրա:

Այնպես որ, պետության գերակա խնդիրն է նախ և առաջ զարգացնել տնտեսությունը, ավելացնել մարդկանց ու պետբյուջեի եկամուտները, որպեսզի մի կողմից հնարավոր լինի այսօր արդեն ապահովել մեր թոշակառուների բարեկեցիկ ծերությունը, մյուս կողմից երիտասարդները դժվարություններ չունենան իրենց ապագայի համար ներդրումներ կատարելու գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել