Վաղը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն է: Կրկին ամբողջ հայությունը կազմակերպելու է ոգեկոչման միջոցառումներ ամբողջ աշխարհով մեկ՝ սևեռելով միջազգային հանրության ուշադրությունը մեր ազգի համար առանցքային նշանակություն ունեցող այս հարցի վրա: Այս համատեքստում կրկին մենք անհամբեր սպասելու ենք, թե վերջապես ինչ բառեր կօգտագործի աշխարհի՝ առայժմ ամենահզոր պետության՝ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, ասել է թե, կկոչի վերջինիս 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն, թե՝ ոչ: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի կարծիքով՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս ազդեցիկ հայտարարությամբ հանդես կգա ապրիլի 24-ի կապակցությամբ: Դե, եթե դեսպանն ասում է՝ «այս տարի ևս», ամենայն հավանականությամբ, դա նշանակում է՝ կլինի այնպիսի տեքստ, որպիսին որ եղել է, ենթադրենք, նախորդ տարի:

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանն այս տարի վերջնականապես չեղյալ կհայտարարի հայ-թուրքական արձանագրությունները: Չգիտեմ, թե ինչպես կվարվեն Հայաստանի իշխանությունները, բայց ես ինքս ևս կարծում եմ, որ նպատակահարմար կլինի, եթե մենք իրոք չեղյալ հայտարարենք այս արձանագրությունները և ամբողջությամբ հանենք մեր օրակարգից:

Գիտեք՝ ինչ, մեծ հաշվով այս արձանագրությունները նախաձեռնելը և ստորագրելը բավականին ճիշտ էր: Սա իրոք փոխզիջումային տարբերակ էր Հայաստանի և Թուրքիայի միջև, որը թույլ կտար հաստատել երկկողմ հարաբերություններ՝ միևնույն ժամանակ օրակարգում պահելով բոլոր մեր երկկողմ վիճահարույց հարցերը: Այլ կերպ ասած՝ մենք Թուրքիային չէին ստիպում ցեղասպանությունը ճանաչել, իսկ նա էլ իր հերթին չէր խառնվում Արցախի հարցին: Ինչ վերաբերում է սահմանների երկկողմ ճանաչմանը, ապա ավելորդ եմ համարում նույնիսկ դա զիջում համարել Հայաստանի կողմից: Մեր մի շարք ազգայնական հայացքներ և «ծայրահեղական-հայրենասերները» արձանագրություններում եղած այս կետը որակել էին որպես դավաճանության դրսևորում մեր նախնիների և սերունդների հանդեպ, իսկ ես ինքս դա գնահատում եմ որպես ներկա պայմաններում խոհեմ քաղաքական քայլ, որը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտ հանդիսանալ հեռու ապագայում մեր ժողովրդի հավակնությունների համար:

Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ այդ արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին, քանի որ Թուրքիային փոխզիջումային տարբերակը կարծես դուր չեկավ և վերջինիս փորձեց Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունները կապել Հայաստան-Արցախ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Բայց ի՞նչ եղավ դրա արդյունքում: Ի՞նչ կորցրեց Հայաստանը, որ կարող էր չկորցնել, եթե չնախաձեռներ այդ ամբողջ գոծընթացը: Կարծում ենք՝ ոչինչ: Ես նույնիսկ կարծում եմ և համամիտ եմ երկրի նախագահի հետ, որ փաստացի աշխարհը տեսավ, որ խնդիրը ոչ թե մեր, այլ Թուրքիայի մեջ է:

Այնպես որ, այս ամբողջ գործընթացից մենք ընդհանրապես ոչինչ չկորցրեցինք և դեռ մի բան էլ շահեցինք: Ասեմ ավելին, այժմ մենք կարող ենք կրկին որոշակի դիվիդենտներ քաղել այս մեռած արձանագրություններից: Հայաստանը կարող է և պարտավոր է ի լուր աշխարհի հայտարարել, որ Թուրքիան վերջին հինգ տարիների ընթացքում մեզ, միջազգային հանրության հետ մեկտեղ, մատների վրա պարացրեց և այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկեց արձանագրությունների վավերացման ուղղությամբ և դեռ մի բան էլ այս ամբողջ ընթացքում առավել անհեռանկարային դարձրեց դրանց ստորագրումը: Հետևաբար, հաշվի առնելով բոլոր այս զարգացումները, Հայաստանն իրեն իրավունք է վերապահում վերջնականապես չեղյալ հայտարարել այլևս խորհրդանշական բնյութ կրող և Թուրքիայի կողմից երբեմն շահարկվող այս փաստաթուղթը:

Ես կարծում եմ, որ դա կլինի հատկանշական քայլ և լավ հիմք կստեղծի Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նախատեսվող և առայժմ չնախատեսվող միջոցառումների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել