Շատ ողջունելի եմ համարում Հովիկ Աբրահամյանի՝ պարտադիր կուտակայինի մասին օրենքի՝ վճարումներ չկատարելու դեպքում տույժեր գանձելու մասին հոդվածը չեղյալ հայտարարելու մասին որոշումը: Այ, որ տեսնեմ, որ մարդը իսկապես գործ է անում ու անում է ի նպաստ մարդկանց, կարո՞ղ է ասեմ, որ ձյունը սև է:
Մինչդեռ այս պարագայում ձյունը կարծես թե իրոք սպիտակ է: Համենայն դեպս, այսօր Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է արդեն եկող շաբաթ ԱԺ մտցնել պարտադիր կուտակայինի մասին օրենքը, որպեսզի ԱԺ-ն քվեարկի դրա 76-րդ հոդվածը կասեցնելու մասին՝ կառավարության որոշման օգտին:
Այդ հոդվածով մասնավորապես սահմանվում էր պարտադիր կուտակայինի վճարումները չկատարած գործատուների նկատմամբ տույժերի կիրառման կարգն ու ձևը: Եթե այս հոդվածը չեղյալ ճանաչվի ԱԺ-ի կողմից, ապա դե ֆակտո օրենքը դադարում է լինել պարտադիր կուտակային, որովհետև ոչ մի լեգալ սանկցիա պետությունը չի կարողանա կիրառել այն գործատուների դեմ, ովքեր չեն կատարում կուտակային վճարումները:
Միևնույն ժամանակ, սա դեռ չի նշանակում, որ ընդհանուր օրենքն է չեղարկվում, ու դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու այն վճարումների հետ, որոնք արդեն արվել են ու չի ասվում նաև, որ աշխատողը կարող է չվճարել կուտակային վճարումները: Այս տեսքով որոշ գործատուներ կարող են շարունակել գանձել այդ գումարները և անգամ վճարումներ կատարել, ուղղակի արդեն ոչ պարտադիր հիմքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել