Մինչ Ուկրաինայում՝ մասնավորապես այդ երկրի հարավ-արևելքում առկա ճգնաժամը չի լուծվում և դեռ մի բան էլ ավել է խորանում, Ռուսաստանը, ըստ երևույթին, ձեռքերը ծալած չի նստում: Արդեն, թերևս, բոլորի համար էլ պարզ է, որ Ժնևյան համաձայնությունն այդպես էլ կմնա տեսական հարթության վրա և դրանից որևէ ակնկալիք ունենալն այլևս անհավանական է: Ուկրաինայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին, Ռուսաստանը՝ Ուկրաինային, իսկ ԱՄՆ-ն էլ կրակի վրա յուղ լցնելուց բացի, առանձնապես արդյունավետ գործունեություն չի ծավալում: Այս պայմաններում «Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության» ղեկավարությունը հանդես է գալիս ավելի համարձակ նախաձեռնություններով՝ կապված թե՛ ներկայի, թե՛ ապագայի վերաբերյալ:

Այսպիսով՝ Դոնեցկի «ժողովրդական մարզպետ» (губернатор) Պավել Գուբարևը հայտարարել է նախ հանրաքվեի անցկացման կոնկերտ օրը (մայիսի11), որի ժամանակ ժողովուրդը վերջնական որոշում կկայացնի իր ապագա կարգավիճակի վերաբերյալ, այնուհետև խոսել է ավելի համարձակ ծրագրի մասին: Վերջինս ասել է, թե իբր մի շարք շրջաններ սպասում են իրենց կողմից նախաձեռնվող համապատասխան գործողություններին, և շատ բան կախված է նրանից, թե ինչ որոշում կկայացվի հանրաքվեի ժամանակ: Գուբարևը հայտարարել է, որ իրենք ծրագրում են ստեղծել նոր մեծ «Նովոռոսիայի դաշնային հանրապետություն», որն իր մեջ կընդգրկի Ուկրաինայի ամբողջ հարավն ու արևելքը: Վերջինիս խոսքերով, այդ դեպքում հանրապետությունը կկարողանա միջազգային հարթակից ներկայանալ որպես լիարժեք և անկախ պետություն, ինչպես նաև կկարողանա կազմավորել սեփական բանակը: Պավել Գուբարևն անգամ ավելի հեռուն է գնացել և համոզմունք հայտնել, որ իրենք այդ ամենից հետո պետք է հարաբերություններ կառուցեն Մաքսային միության և ՀԱՊԿ անդամ երկրների հետ՝ ընդգրկվելով Ռուսաստանի հետ միևնույն տնտեսական և ռազմական դաշինքի մեջ:

Տեսեք, առաջին հայացքից գուցեև ինչ-որ մեկը կասկածներ ունենա, որ այս ամենը Ռուսաստանի կողմից նախաձեռնված քայլեր են, բայց եթե մի քանի օր ետ գնանք մենք կհասկանաք, որ Ռուսաստանի կողմից Արևմուտքին նախազգուշական ուղերձ, ամեն դեպքում, հղվել էր: Ընդամենը մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա «ուղիղ գծի» շրջանակներում, եթե հիշում եք, անդրադարձել էր Ուկրաինայի հարավ-արևելքին՝ բաց տեքստով ասելով, թե դրանք երբեք չեն եղել Ուկրաինա պետության բաղկացուցիչ մաս: Պուտինը պատմական մի փոքր պատմական ակնարկ արեց և նշեց այդ շրջանների կոլեկտիվ անվանումը՝ Նովոռոսիա: Սա չափազանց կարևոր հանգամանք է, որին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել: Նախ Պուտինը սրանով սպառնում էր Արևմուտքին, որ կարող է և գնալ նման ճանապարհով, եթե իր շահերի հետ հաշվի չնստեն, երկրորդ՝ պարզ ուղերձ էր հղում նաև այդ շրջաններում «ամստամբների» առաջնորդներին հետագա հնարավոր սցենարների վերաբերյալ:

Այնպես որ, Ուկրաինայի հարավ-արևելքում այսօր չափ տվողը Ռուսաստանն է՝ Պուտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել