Երբ մի քանի տարի առաջ Հայկական բանակի համազգեստները նոր փոխվեցին, ինձ, ճիշտն ասած, հեչ դուր չէր եկել նոր համազգեստը՝ զուտ վիզուալ առումով, ու բազմիցս եմ վիճել այն ընկերներիս հետ, ովքեր պնդում էին, որ այն ավելի լավն է: Իմ հիմնական փաստարկը զուտ վիզուալ անշուքությունն էր ու շագանակագույն շապիկները, իսկ ով այդ համազգեստով էր ծառայել, պնդում էր, որ այն հայկական տեղանքի պայմաններում փայլուն քողարկող էֆեկտ ունի, ինչին ես հեգնում էր ու ասում էի, որ միամիտ մի եղեք՝ ոնց մեր կանաչ համազգեստն էր քողարկում մեզ անտառում ու դաշտերում, նենց էլ էս մեկը կքողարկի ձեզ չոլերում: Ինչպես հետո պարզվեց, ես չարաչար սխալվում էի...

Սրանից մի երկու շաբաթ առաջ առիթ ունեցա մասնակցելու փեյնթբոլային «կռվի», որտեղ մի կողմից լրագրողների ու բլոգերների թիմն էր, իսկ մյուս կողմից զինվորներ էին: ՊՆ-ի հետ համատեղ կազմակերպված այս պրոյեկտին առանձին անդրադարձել ենք, ուստի անցնեմ բուն թեմային: Մենք՝ բլոգերներս ու լրագրողներս, ստացանք հին նմուշի զինվորական համազգեստ, որով ես էի ծառայում 2005-2007 թվականներին, իսկ զինվորներից շատերը գերադասեցին հենց իրենց նոր համազգեստերով էլ մասնակցել խաղերին: Ու հենց այդտեղ մենք կրակն ընկանք:

Հենց առաջին իսկ խաղից ես հասկացա նոր համազգեստի առավելությունները. հին համազգեստով խաղացողներին հանգիստ նկատում էիր թե 50 մետրից, թե 20, ու անգամ պետք չէր, որ նրանք շարժվեին: Եթե նրանց մարմնի ինչ-որ մի մաս թաքնված չէր ինչ-որ պատնեշի հետևում, դու դա տեսնում էիր: Իսկ այ նոր համազգեստով խաղացողներին նկատելը զոռ էր: Եթե դու չհետևիր նման խաղացող բոլոր տեղաշարժերին անդադար, ապա մի 10-ից ավելի մետրից հետո հեռավորության վրա անշարժացած զինվորին առանց հատուկ ուշադրությամբ նայելու կարելի է նշմարել միայն սև սաղավարտով, կամ սև զենքով ու կոշիկներով: Ավելի մեծ հեռավորությունների վրա ավելի բարդ էր, իսկ եթե զինվորները ինչ-որ պատնեշի հետևում էին պատսպարվում, ապա նրանց նկատելը արդեն իրոք մաստեր կլասս էր պահանջում: Նոր համազգեստի գունային գամման և նախշերը կարծես հատուկ հայկական կիսանապատային տեղանքի համար արած լինեն ու իրոք՝ մեծ արդյունավետությամբ նվազեցնում են զինվորի տեսանելիության աստիճանը:

Այնպես որ, մտափոխվել եմ: Գուցե թիթիզության առումով հին համազգեստն ավելի սիրուն էր (մինչև առաջին լվանալը), բայց կիրառական առումով նոր զինվորական դաշտային համազգեստները թե՛ ավելի լավ են քողարկում (ինչը ամենակարևորն է, որովհետև կարող է փրկել կյանքդ մարտական պայմաններում), թե ավելի դիմացկուն են ու ուշ մաշվող:

Համ էլ, կեցցե Հայկական բանակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել