Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ) մարտիկ, Փարիզի թուրքական դեսպանատան գրավման «Վան» գործողության ղեկավար, ծննունդով Բեյրութի Բուրջհամուդ հայկական բնակավայրից Վազգեն Սիսլյանը, ով վիրավորվել է այդ գործողության ժամանակ և հենց այդ ժամանակ էլ բացահայտվել, Tert.am-ի հետ զրույցում խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդրի շուրջ՝ ներկայացնելով իր մտահոգությունները: 

Վազգեն Սիսլյանը ծնվել է 1956թ.-ին: Իր մարտական ուղին սկսել է Լիբանանի քաղաքացիական պատերազմից և մասնակցել է Բուրջհամուդի պաշտպանությանը: ԱՍԱԼԱ-ի հիմնադրումից սկսած մասնակցել է հայկական պահանջատիրության համար արվող մի շարք գործողությունների: «Վան» գործողությունից հետո ձերբակալվել և Ֆրանսիայում դատապարտվել է 5 տարով: 1990թ.-ին բնակություն է հաստատել Հայաստանում: Մասնակցել է նաև Արցախյան պատերազմին, բայց ոչ իր անուն ազգանունով:

-Ցեղասպանության ճանաչմանն ու հատուցմանը հասնելու համար այսօր որքանո՞վ են պատշաճ իրականացվող քայլերը և որքանո՞վ դրանք կտանեն հարցի վերջնական լուծմանը: 

-Ո՛չ Սփյուռքը, ո՛չ Հայաստանը դեռ այդ մակարդակին չի հասել, որ ամբողջ հայությունը մեկ խոսք ունենա Ցեղասպանության հարցի շուրջ, ամեն մեկն իրենն է ասում, և էական ոչ մի բան չի լինում: Նախ Ցեղասպանության ճանաչման մեր խնդիրը պետք է մեր ժողովրդին հրամցնենք: Կարծում եմ՝ դեռ Հայաստանն այդ ուժը չունի, որ Թուրքիային ճանաչել տա, բայց խնդիրը ոչ թե մարդկանց քանակի մեջ չէ, այլ խնդիրը բարոյական է և դա մեր պայքարի խնդիրն է: Մենք դեռ, դժբախտաբար, խոսքի պայքարի մեջ ենք: Իսկ գործի պայքարը մեր ֆիդայինները ցույց տվեցին, բայց մեր ժողովուրդն ամբողջովին թիկունք չգանգնեց այդ պայքարին: Նույնը Արցախյան ազատամարտի դեպքում էր, հաղթանակն այսօրվա քաղաքական ասպարեզում պարտության է վերածվում: Դա է մեր խնդիրը:

Ցեղասպանության ճանաչում ասելն ինքնանպատակ չէ, դատ, հատուցում և տարածքների վերադարձ է, դա միայն գումար չէ, որն ասելը մոդա է հիմա:

-Արդյո՞ք այսօր էլ խնդիրը զենքով լուծելու, զենքով նպատակին հասնելու ժամանակներ են:

-Ես զենքը որպես հիմնական միջոց չեմ համարում, բայց եթե պարտադրեն, պետք է: Եթե հասցնեն նրան, ինչը որ 1975թ.-ին էր, ապա պետք է: Ամբողջ աշխարհը միայն այդ զենքի, այդ փամփուշտի միջոցով նորից սկսեց Հայկական հարցի մասին խոսել, հայությունն էլ սկսեց հասկանալ, որ ոչ թե միայն ապրիլի 24-ից 24 է մեր պայքարը, այլ ամեն օր է: Ապրիլի 24-ին մենք միայն սովոր ենք լացել, ո՛չ, դա ինձ համար պայքարի օր է: Մեզ համար ամեն օր ապրիլի 24 է, պահանջատիրության օր է: Ես երբեք չեմ բացառում զենքը, երբ մեզ ստիպում են, իսկ թե այսօր ինչքանով է դա արդիական, արդեն ուրիշ խնդիր է: Չէ որ այսօր գերտերություններն էլ ամեն հարց զենքով են լուծում, մենք էլ մեր չափով եթե պետք է՝ այո՛, ինչո՞ւ չէ:

-Իսկ այսօր այդ անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:

-Ոչ, այսօր դրա անհրաժեշտությունը չկա, ինչո՞ւ. այսօր մեզ ով տեսնում է, հարցնում է՝ ո՞ւր է ԱՍԱԼԱ-ն, ես էլ ասում եմ՝ ես ձեզնից մեկն եմ, ձեզնից եմ ծնվել, դուք ո՞վ եք, դո՞ւք պատրաստ եք այդ պայքարին: Եվ ինքն իմ պատասխանը տալիս է, որ, ինքը պատրաստ չէ, ինքը իր հույսը դրել է մի քանի «խենթերի» վրա: Այդ «խենթերը» այո՛, այսօր էլ կփրկեն իրավիճակը, բայց ինչո՞ւ նոր սերնդից չեն ծնվում այդ «խենթերը»:

-Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ չեն ծնվում այդ «խենթերը»:

-Ապազգային մթնոլորտ է՝ լինի Հայաստանում, լինի Սփյուռքում, ամեն տեղ: Ոչ մեկը չի հավատում, չգիտեմ, կարող է նորից հին սերունդը գործի, չեմ կարող ասել: Մենք փորձում ենք նոր սերնդի մեջ դնել ոգին: Մեր հարցը մենք առևտրի ենք վերածել արդեն, ո՞ւրիշներից ինչ ենք սպասում: Մեկն ասում է Ցեղասպանություն՝ քանի միլիարդ կտան մեզ, մյուսն ասում է, թե ինչ կտան, ինչ չեն տա: Հայկական հարցն առևտրի են վերածում:

-Շատ է խոսվում, որ հենց միջազգային հանրությունն է Ցեղասպանության հարցն առևտրի վերածում:

-Մենք նախ պետք է մեզ նայենք, հետո միջազգային հանրությանը: 1975-1980-ական թվականներին միջազգային հանրությունը հենց այդ զենքի շնորհիվ դարձել էր Հայկական հարցի կողմնակից: Առաջին հերթին մենք կարողացանք մեր ժողովրդին համոզել, որ մեր արածը տեռորիզմ չէ, մեր արածը անհատ թուրքի դեմ չէ: Մեր արածը մի մեքենայի դեմ էր, որը մինչ օրս մերժում է Ցեղասպանության հարցը և մեր պատմական իրավունքները: Այո՛, թուրքը մեզ հող տվող չէ, բայց գոնե մենք պահանջենք, հնարավորություն ստեղծենք ուզելու, բայց այսօր 10 պատմաբան բերենք, 10-ն էլ տարբեր բաներ կասեն նույն հարցի շուրջ: Մենք դարձել ենք ինտերնացիոնալ ազգ, ուր գնանք, այնտեղացի ենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել