Ուկրաինայի ճգնաժամի թուլացմանն ու կարգավորմանն ուղղված Ժնևյան համաձայնությունը կարելի է այլևս համարել տապալված: Թե սկզբնական շրջանում որոշակի հույսեր ամեն դեպքում կային՝ անկախ տարբեր լրատվամիջոցների կողմից դրա տարատեսակ մենաբանություններից: Այսօր, սակայն, կարելի է ասել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից պաշտոնական մեկնաբանություններն ու գնահատականները այդ համաձայնության շուրջ վերջնականապես փակուղի են մտցնում ճգնաժամի լուծումը վերոնշյալ համաձայնության շրջանակներում:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, երեկ անդրադառնալով այս թեմային, համոզմունք էր հայտնել, որ Ժնևյան համաձայնագրի պահանջները չեն կիրառվում Կիևի կողմից: Վերջինս մասնավորապես ասել էր հետևյալը. «Կիևի իշխանությունները ոչինչ չեն անում, նույնիսկ մատը մատին չեն խփում ներկայիս խորը ճգնաժամի հիմքում ընկած պատճառները վերացնելու համար»: Իսկ ապրիլի 20-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն էր իր հերթին մեղադրել Ռուսաստանին, թե իբր վերջինս ոչինչ չի անում ճգնաժամը թուլացնելու ուղղությամբ այն դեպքում, երբ կարող է լրջորեն ազդել երկրի արևելքում իրավիճակի վրա: Սա դեռ կարծես քիչ էր, դեռ մի բան էլ այսօր ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը կրակի վրա յուղ լցրեց` վստահություն հայտնելով, թե իբր Ուկրաինայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում Ժնևյան համաձայնության կատարման ուղղությամբ: Սրանից զատ, վերջինս նաև հստակ տարանջատում մտցրեց Կիևում (խոսքը Մայդանում մինչև այժմ առկա բարիկադների մասին է) և երկրի արևելյան շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների միջև: Ամերիկացի պաշտոնյայի համոզմամբ այն, ինչ տեղի է ունենում Կիևում` Մայդանում, օրինական է, արտոնված իշխանությունների` Գերագույն ռադայի կողմից: Այս կապակցությամբ հիշեցնեմ, որ Ռուսաստանն ավելի վաղ պնդել էր, և այժմ էլ պնդում է, որ ապօրինի զինված խմբավորումների զինաթափումը ոչ թե միայն երկրի արևելքին է վերաբերում, այլև ամբողջ երկրին՝ ներառյալ «Աջ սեկտորին» և Մայդանում առկա այլ զինված խմբերին:

Կարճ ասած՝ ամեն ինչ վերածվել է իսկական շիլաշփոթի: Մնում է ԵՄ-ն էլ իր կողմից ասի, որ ոչ ոք ոչինչ չի անում Ժնևյան համաձայնության կատարման համար և ամեն ինչ իր տեղը կընկնի: Ես, անկեղծ ասած, այլևս դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես պետք է այս ամենը հանգուցալուծվի հենց Ժնևյան համաձայնության շրջանակներում, եթե այդ համաձայնությունը ընկալելու շուրջ ընդհանուր մոտեցում չկա: Միմյանց մեղադրելուվ և որևէ կողմին քավության նոխազ սարքելով` արդյունք գրանցելով հաստատ չի հաջողվի, եթե, իհարկե, այդ արդյունքը քաոսի շարունակականությունն ապահովելը չէ: Այնպես որ, պետք է արդյունավետ լուծումներ գտնել, իսկ արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը դրսևորեն համապատասխան քաղաքական կամք, որն էլ իր հերթին հիմք կստեղծի փոխզիջումային տարբերակ գտնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել